Սահմանադրությունը մեր ծննդական է, հասնենք 35 տարեկանի՝ վառե՞նք, Ալիևի Սահմանադրությունն ընդունե՞նք. Նարեկ Կարապետյան
Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, համաձայն չենք, որ այն պետք է վառել, դա մեր երկրի և ապագայի համար սխալ ճանապարհ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Մեր անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, առանց մեր երկրի ծննդականի ինչպես կարող ենք: Մենք խաղաղության ջատագովն ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք ու Ալիևի բերած Սահմանադրությունը անցկացնենք:
Դա մեր երկրի և ապագայի համար սխալ ճանապարհ է, չենք կարող մեր ծննդականը վառենք ու ընդունենք մի Սահմանադրություն, որն իրենք են ասում: Երբ ժամանակը գա, մենք երկար աշխատանքով հասարակությանը բացատրելու ենք, թե ինչպես ենք տեսնում խաղաղության հասնելու ճանապարհը: Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց առաջարկելու ենք այնպիսի տարբերակներ, որը չի ստորադասի մեր երկրի ու ազգի շահը»,- նշել է Կարապետյանը:
Կարապետյանը պատասխանելով հարցին, թե արդյո՛ք բացառում է, որ իրենց թիմից մարդիկ կլինեն, ովքեր կողմ կքվեարկեն ՔՊ-ի որոշումներին, ասում է՝ մինչ ԱԺ մտնելը թիմակիցների հետ պայմանավորվել են, որ եթե վերջիններս մտավախություն ունեն իրենց անվտանգության կամ ազատության համար, ապա պետք է գան՝ հասկանալով, որ կարող են ենթարկվել քաղաքական ռեպրեսիաների:

