Երեկվա միջադեպին մեկնաբանություն չի լինելու, քանի որ միջադեպը հարթվել է. Նարեկ Կարապետյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ անդրադառնալ երեկվա միջադեպին՝ իր և Ռուբեն Ռուբինյանի բանավեճին, քանի որ ամեն ինչ արդեն հարթվել է:
«Մենք ունենք որոշում չանդրադառնալ որևէ կերպ»,- շեշտեց նա:
Իսկ թե արդյո՞ք ՔՊ պատգամավորները կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի օգտին, Նարեկ Կարապետյանն արձագանքեց, որ իրենք պիտի որոշեն, բայց ցանկացած երկրի համար գնահատելի կլիներ, որ Արամ Վարդևանյանի նման պրոֆեսիոնալը լիներ ԱԺ փոխնախագահ: Այն, որ իրենք չեն քվեարկել ՔՊ ԱԺ նախագահի և փոխնախագահի թեկնածուների օգտին, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ չքվեարկելն ինքնանպատակ չի եղել, ամեն քվեարկությունից առաջ պատճառը ներկայացվել է:
«Արամ Վարդևանյանը և՛ ԱԺ փոխնախագահի, և՛ մեր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամի դիրքում մեծ գործ ունի անելու ԱԺ-ում: Երկու պարագայում էլ ԱԺ-ը շահելու է»,- հավելեց Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահի այլ թեկնածու առաջադրելու վերաբերյալ հարցին:
Հակադարձմանը՝ եթե մեծամասնությունը չընտրի Արամ Վարդևանյանին, այլ թեկնածու կառաջադրե՞ք, թե՞ նորից իր թեկնածությունը, Նարեկ Կարապետյանն ասաց, որ ըստ իրավիճակի կլինի խմբակցության որոշում:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահի թեկնածուներին, նա նշեց, որ կա ընդհանուր տեսլական, իշխանությունների հետ քննարկումներ չեն եղել այս թեմայով:
Մանրամասները՝ տեսանյութում

