Մինչև Հայաստանի սահման երկաթգծի և ավտոճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականի սկզբին. Բայրամով
«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։
Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերաբացման աշխատանքները շարունակվում են։ «Մենք սպասում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը»,- ասել է Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ երկաթուղային ենթակառուցվածքների և մայրուղու կառուցումը գտնվում է իրականացման ակտիվ փուլում։ Նրա խոսքով՝ երկու գծերն էլ նախատեսվում է հասցնել Հայաստանի հետ սահմանին մինչև 2027 թվականի սկիզբը։
Բայրամովը նաև հայտնել է, որ միաժամանակ աշխատանքներ են տարվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող մոտ 180 կիլոմետրանոց երկաթուղային գծի վրա։
Նա նշել է, որ որոշակի հատվածներում անհրաժեշտ կլինի լրացուցիչ շինարարություն և ներդրումներ, չնայած, նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Բայրամովը նաև պարզաբանել է, որ նախագծի իրականացումը կարևոր կլինի տարածաշրջանի զարգացման համար: Ըստ նրա, սա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին, այլև ավելի լայն տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի, Հայաստանի, հարևան պետությունների և ամբողջ տարածաշրջանի վրա։
Բայրամովը վստահություն է հայտնել, որ նախագիծը կարող է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը։
«Ինչպես հայտնի է, վիճակագրության համաձայն, վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղափոխվել է մոտավորապես 60,000 բեռ, և Ադրբեջանից Հայաստան արտահանվող ապրանքների ծավալը մոտավորապես համեմատելի է եղել։ Վստահ եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,– ասել է Բայրամովը։
Այս ամենի հետ մեկտեղ՝ Բայրամովն ասել է. «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից, որից հետո հնարավոր կլինի վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է. «ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»:
«Հնարավոր է, որ Հայաստանում հանրաքվե կազմակերպվի։ Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

