Ալիևի նոր ուղերձը․ Բաքուն վերահաստատում է տարածաշրջանային կարգի իր տեսլականը
Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ հայտարարությամբ, որն արտացոլում է Բաքվի ներկայիս պատկերացումները Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։
Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ Ալիևը նշեց.
«Այսօր՝ ներկա փուլում, կարևոր է, որ «3+3»-ը լինի լիարժեք վեցակողմ համագործակցություն։ Քանի դեռ Վրաստանը չի միացել, առնվազն հնգակողմ, սակայն շատ հստակ օրակարգով։ Կարևոր է, որպեսզի այս մեխանիզմը չվերածվի հերթական Մինսկի խմբի, որը կզբաղվի բացառապես ադրբեջանա-հայկական խնդիրներով։ Ձևաչափը պետք է ներառի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ՝ հավասարության սկզբունքով»։
Ալիևի խոսքով՝ հենց այս հայեցակարգն է Ադրբեջանն այսօր դիտարկում՝ որպես առաջնահերթ, և եթե այն ընդունելի լինի մյուս մայրաքաղաքների համար, ապա հնարավոր կլինի առնվազն արտգործնախարարների մակարդակով հնգակողմ հանդիպման անցկացումը։
Այս հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը «3+3»-ը դիտարկում է ոչ թե որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակ, այլ որպես տարածաշրջանային համագործակցության մեխանիզմ, որի օրակարգը պետք է ներառի անվտանգային, տնտեսական, տրանսպորտային և քաղաքական հարցեր՝ առանց արևմտյան միջնորդության։
Ալիևի շեշտադրումն այն մասին, որ ձևաչափը չպետք է վերածվի «նոր Մինսկի խմբի», վկայում է Բաքվի շարունակական ձգտման մասին՝ բացառելու այնպիսի բազմակողմ միջնորդական մեխանիզմների վերականգնումը, որտեղ ներգրավված կարող են լինել դերակատարներ, որոնց Ադրբեջանը համարում է Հայաստանի նկատմամբ առավել բարենպաստ դիրքորոշում ունեցող։
Այս մոտեցումը լիովին տեղավորվում է Ադրբեջանի վերջին տարիների արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։ 2020 թվականի պատերազմից հետո Բաքուն հետևողականորեն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը՝ սպառված։ Այդ պատճառով Ադրբեջանը նախապատվությունը տալիս է կամ երկկողմ բանակցություններին, կամ տարածաշրջանային ձևաչափերին, որտեղ արևմտյան դերակատարները ներկայացված չեն և չեն կարող ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ «3+3» ձևաչափի պահպանման և ակտիվացման հարցում ամենաշահագրգիռ կողմերը շարունակում են մնալ Ռուսաստանն ու Իրանը։

Նրա գնահատմամբ՝ երկու երկրներն էլ տարածաշրջանում արևմտյան ազդեցության ընդլայնումը դիտարկում են՝ որպես իրենց ռազմավարական շահերին հակասող գործընթաց, ուստի «3+3»-ը նրանց համար կարևոր գործիք է սեփական քաղաքական ազդեցությունը պահպանելու և ամրապնդելու համար։
«Մոսկվայի համար այն հնարավորություն է՝ պահպանելու իր քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում՝ հատկապես այն պայմաններում, երբ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա, իսկ Եվրոպական միությունը մեծացրել է իր ակտիվությունը տարածաշրջանում։ Իրանի համար էլ այս ձևաչափը կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել տարածաշրջանային հաղորդակցային և անվտանգային գործընթացներին և սահմանափակել արտատարածաշրջանային դերակատարների ազդեցությունը»,- ասաց Խրամչիխինը։
Միաժամանակ, փորձագետի գնահատմամբ, «3+3»-ի լիարժեք գործարկման ճանապարհին շարունակում են մնալ լուրջ քաղաքական խոչընդոտներ։ Վրաստանը չի մասնակցում ձևաչափին՝ Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով, ինչի հետևանքով նախաձեռնությունը փաստացի գործում է հնգակողմ ձևաչափով։
Խրամչիխինի կարծիքով՝ սա վկայում է ոչ միայն ձևաչափի կառուցվածքային սահմանափակումների, այլև այն մասին, որ դրա քաղաքական նպատակների շուրջ մինչ օրս չկա լիարժեք համաձայնություն մասնակից երկրների միջև։
Հատկանշական է, որ «3+3» ձևաչափի հերթական նախարարական հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Երևանում կամ Բաքվում, սակայն այն արդեն երկար ժամանակ հետաձգվում է, և նոր ժամկետ չի հայտարարվել։ Դա պայմանավորված է ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխություններով, այլև ձևաչափի արդյունավետության և հետագա դերակատարության վերաբերյալ առկա անվստահությամբ։
Այդուհանդերձ, Ռուսաստանի և Իրանի հետաքրքրվածությունը դրա վերագործարկման հարցում շարունակում է պահպանվել։
Ընդհանուր առմամբ, Ալիևի հայտարարությունները կարելի է դիտարկել ոչ այնքան՝ որպես «3+3»-ի արագ վերագործարկման ազդակ, որքան՝ որպես Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության հերթական հայեցակարգային ձևակերպում։
Բաքուն շարունակում է պնդել, որ Հարավային Կովկասի անվտանգության և համագործակցության համակարգը պետք է ձևավորվի բացառապես տարածաշրջանային դերակատարների մասնակցությամբ՝ նվազագույնի հասցնելով արտաքին միջնորդների ներգրավվածությունը։ Սակայն այս մոտեցման կենսունակությունը կախված կլինի ոչ միայն Ադրբեջանի դիրքորոշումից, այլև Հայաստանի և Վրաստանի քաղաքական որոշումներից, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների միջև շարունակվող աշխարհաքաղաքական մրցակցության հետագա զարգացումներից։

