Հայաստանում բացակայում են կրծքագեղձի քաղցկեղի առաջնային կանխարգելման մոտեցումները, իսկ ռիսկի գործոնները շարունակում են պահպանվել կամ ի հայտ են գալիս նորերը․ Լուսինե Յաղջյան

Համաճարակաբան, դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի դասախոս Լուսինե Յաղջյանը գրել է․

«Վերջին օրերին հայկական քարոզչական ալիքներն ակտիվորեն տարածում են Անահիտ Ավանեսյանի՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում գրանցված հաջողությունների մասին վերջին հայտարարությունները։ Մի կողմ թողնելով Հայաստանում տվյալների հավաքագրման, վերլուծության, ներկայացման և մեկնաբանման հետ կապված բազմաթիվ խնդիրները, որոնց մասին բազմիցս նշել եմ, կցանկանայի բացատրել, թե ինչպես է այդ քարոզչությունն իրականում աշխատում նրա դեմ։ Հասկանում եմ, որ նրանք մաթեմատիկայի փոխարեն ուսումնասիրել են «մացեմացիկա», ուստի այս պարզ հաշվարկները կարող են դժվար ընկալելի լինել նրա և նրա թիմի համար, բայց այնուամենայնիվ կփորձեմ։

2024 թվականին երկրում գրանցված է եղել կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 15 661 կին։ Կրծքագեղձի քաղցկեղի երկրորդ դեպքի (ոչ թե առաջին ախտորոշումից հետո ռեցիդիվի կամ մետաստազի, այլ կրծքագեղձի մեկ այլ՝ նոր ուռուցքի առաջացման) տարեկան սպասվող ցուցանիշը կազմում է մոտ 0,3-0,4% (կամ տարեկան մոտ 3-5 դեպք՝ 1000 կնոջ հաշվով)։ Իր հրապարակումներում նա նշում է, որ 2025 թվականին կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի թիվը կազմել է 1478։ Ըստ նախարարության զեկույցի՝ 2025 թվականին 1129 կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվել է կյանքում առաջին անգամ, ինչը նշանակում է, որ մնացած 349-ը կրծքագեղձի նոր՝ երկրորդ ուռուցքներն էին, որոնք զարգացել են այն կանանց մոտ, ովքեր նախկինում արդեն ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ (այսինքն՝ նախորդ տարի գրանցված 15 661 կանանց շրջանում)։ Սա նշանակում է, որ նախկինում կրծքագեղձի քաղցկեղ ունեցած կանանց ավելի քան 2%-ի մոտ զարգացել է կրծքագեղձի նոր քաղցկեղ՝ սպասվող 0,3-0,4%-ի փոխարեն։ Դրա համար կարող են լինել մի քանի բացատրություններ։ Քանի որ Հայաստանում բացակայում են կրծքագեղձի քաղցկեղի առաջնային կանխարգելման մոտեցումները, իսկ ռիսկի գործոնները (այդ թվում՝ շրջակա միջավայրի հետ կապված) շարունակում են պահպանվել կամ ի հայտ են գալիս նորերը, կրծքագեղձի երկրորդային ուռուցքների այս անսովոր բարձր ցուցանիշը կարող է արտացոլել բնակչության շրջանում առկա բարձր ռիսկը։ Բացի այդ, սա կարող է լինել նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջին դեպքի ոչ լիարժեք բուժման արդյունք. բուժումը, բացի ուռուցքի վերացումից, նպատակ ունի որոշակի չափով նվազեցնել հետագա երկրորդային ուռուցքների առաջացման ընդհանուր ռիսկը։ Ինչպես էլ որ լինի, խոսքը ոչ թե բարելավումների, այլ քաղցկեղի դեմ պայքարի համակարգի, հատկապես՝ առաջնային կանխարգելման ոլորտում առկա համակարգային ձախողման մասին է։

Ավելին, 2025 թվականին կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշի թվացյալ նվազումը (100 000 բնակչի հաշվով 55,4-ից մինչև 49,1) ոչ մի դեպքում չի կարող վերագրվել սքրինինգին, քանի որ վերջինիս նպատակը ոչ թե հիվանդության դեպքերի թվի կրճատումն է, այլ դրանց հայտնաբերման ցուցանիշի դանդաղ աճը՝ մինչև բնակչության զգալի մասի կողմից կանոնավոր մամոգրաֆիկ սքրինինգի անցումը։ Այն փաստը, որ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի՝ վերջերս ներդրված և բնակչության միայն փոքր մասն ընդգրկող ծրագրի պայմաններում այս ցուցանիշը նվազել է, կարող է վկայել միայն երկու բանի մասին (առանձին կամ համակցված). (1) սքրինինգը արդյունավետ չէ (ինչը պարզ է դառնում նաև վիճակագրական այլ ցուցանիշներից). (2) տարբեր տարիների տվյալների համեմատությունը մեթոդաբանորեն ճիշտ չէ և հաշվի չի առնում Հայաստանի բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությունները. վերջին տարիներին երիտասարդների ներհոսքի հետևանքով բնակչության երիտասարդ հատվածի ավելացումը կարող է արհեստականորեն ցուցանիշները տեղափոխել դեպի թվացյալ բարելավում՝ առանց իրականում արտացոլելու ռիսկի նվազումը։

Ուստի դադարեցրեք ստելը, դադարեցրեք հանրությանը մոլորեցնելն ու նրանց զգացմունքների վրա խաղալը։ Փոխանակ Առողջապահության նախարարությունը էժանագին գովազդային գործակալության վերածելու ՝ գոնե մի փոքր ջանք գործադրեք հասկանալու, թե ինչ են ձեզ հուշում թվերը։ Իսկ դրանք շատ տխուր պատմություն են պատմում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031