«Կարգին տղայի համար այսօր պատիվ է դարձել շինծու հոդվածներով հայտնվել բանտերում կամ ընկնել տարատեսակ այլ ռեպրեսիաների տակ». Սևադա Ղուկասյան
Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանի խոսքով՝ հունիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունը սարսափելի վարչական ռեսուրս է կիրառել. ով աչք ունի, տեսել է, ով ականջ ունի՝ լսել է։ Այդ իսկ պատճառով նրա համար անընդունելի է արտահայտությունը, երբ ասում են, թե «Նիկոլ Փաշինյանը փաստացի վերընտրվել է»։
«Իմ կարծիքն առանձնապես չի տարբերվում հասարակության մեջ եղած առողջ դատող մարդկանց կարծիքներից, ընտրություններում, բացի վարչական ռեսուրսի կիրառումից, ամենատարբեր ձևերով նաև ճնշումներ եղան։ Կարծում եմ՝ ընտրախախտումների գերակշիռ մասը եղել է մինչև ընտրական տեղամասեր մտնելը, այսինքն՝ մինչև ընտրության օրը։ Վստահ եմ նաև, որ կիրառվել են որոշակի տեխնոլոգիաներ, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել ընտրողների կարծիքի, հոգեբանության վրա, դրա համար էլ այսօր մենք ունենք նման պատկեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սևադա Ղուկասյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում որևէ կերպ չի հաղթել, չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը, ՔՊ-ին չհաջողվեց ստանալ հասարակության մեծամասնության քվեն։
Մեր զրուցակիցը հակադարձում է իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե ընդդիմության ընտրողները կաշառք են վերցրել։
«Այս համատեքստում մեջբերեմ հետևյալ խոսքեը «Պաշտում եմ սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը», ինձ որևէ մեկն ընտրակաշառք չի առաջարկել, ակտիվ ներգրավված եմ եղել ընտրական պրոցեսներում։ Մեր տարածքում քարոզչական շտաբի ղեկավար էի, նույնիսկ ընկերներս ժամանակ առ ժամանակ գնացել միասին հաց են կերել, ես իրենց հետ չեմ գնացել, որ հանկարծ ինձ որևէ մեկի հետ չկապեն ու չասեն՝ կաշառք է վերցնում։ Ես այստեղ ընտրակաշառքով ուղղորդելու ու ընտրությունների գնալու որևէ բան չեմ չեմ տեսել, նման հայտարարություններն անհիմն են։ Այդ Նիկոլ Փաշինյանն է, որ փաստացի չի ընտրվել, պարզապես 4 տոկոսի շեմն են հաղթահարել»,- հավելեց Սևադա Ղուկասյանը։
Շարունակելով, նա ասաց՝ նման պարագայում առողջ հասարակություններում պայքար է տեղի ունենում, որպեսզի վերականգնեն արդարությունը։
«Թե ի՞նչ ընթացք կունենա այս պայքարի շարունակությունը ես վստահում եմ մեր ընդդիմությանը, ակտիվ գործունեություն ծավալող գործիչներին։ Ես էլ կլինեմ այդ ակտիվ պայքար ծավալողների կողքին ու կպայքարեմ, ես իրենց հետ եմ՝ հանուն մեր ազգի, հայրենիքի։ Եթե պետք լինի, բոլորս պետք է ոտքի կանգնենք՝ հանուն մեր ինքնության պահպանության, անկախության»,- նշեց Սևադա Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է ռեպրեսիաներին և հարցին՝ մտավախություն չունի՞, որ կրկին կարող է ձերբակալվել, Սևադա Ղուկասյանը պատասխանեց.
«Կարգին տղայի համար այսօր պատիվ է դարձել այս շինծու հոդվածներով հայտնվել բանտերում կամ ընկնել տարատեսակ այլ ռեպրեսիաների տակ, սա պատիվ է, հերոսություն»։
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզի Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանն իր հայրենակցին՝ Նիկոլ Փաշինյանին, տարբեր մեթոդներով հասկացրել է, որ սխալ քաղաքականություն է վարում, ուստի պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը մնա։ Այս առնչությամբ նա բազմաթիվ ակցիաներ է իրականացրել, ընդհուպ՝ 2021 թվականին էշով Իջևանից եկել է, որպեսզի, ինչպես ինքն էր ասել՝ «Նիկոլ Փաշինյանին տուն տանի»։
Բոլոր այս ակցիաներից ու հայտարարություններից հետո իրավապահները սկսեցին հետապնդել Սևադա Ղուկասյանին, նրան բերման էին ենթարկել։
Նա մի քանի գործով ենթարկվել է տուգանքի ու մինչև հիմա շարունակում է տուգանքները վճարել։ Ասում է՝ չի փոշմանել իր ակցիաների համար, անհրաժեշտության դեպքում այլ ակցիաներ ևս կիրականացնի:

