Սևակ Աբրահամյանի գործով հունվարից մինչ օրս մեկ դատական նիստ է եղել. դատակոչված 40 վկա դեռ չի հարցաքննվել
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանին հետ հարուցված քրեական գործով դատական պրոցեսի շուրջ վերջին անգամ խոսել ենք այս տարվա հունվարին: Եվ պարզվում է՝ այս ամիսներին որևէ զարգացում չի եղել, իսկ պատճառն ավելի քան պարզ է՝ դատական նիստեր չեն լինում:
«Ինչ խոսել ենք՝ նույն փուլում է, ոչինչ չի փոխվել, ոչինչ չենք արել, որևէ նիստ տեղի չի ունեցել: Ընդամենն այս ընթացքում մեկ նիստ է եղել, և ես միջնորդություն եմ ներկայացրել գնդապետի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու, քանի որ այս փուլում հնարավոր էր կարճել գործը, դատարանը քննությունը հետաձգեց, թե՝ վերջում այդ հարցը կքննարկենք, և դրանից հետո ոչ մի նիստ չենք արել:
Դատարանները ծանրաբեռնված են, դատավորի վարույթում երևի մի 200 գործ կա, երբ հասցնում է՝ նշանակում է, գնում ենք, աշխատում ենք, չի հասցնում՝ չի կայանում նիստը: Այս գործը դատավոր Հարություն Մանուկյանի վարույթում է»,- մանրամասնեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2022թ. Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Աբրահամյանը պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք-հացկերույթ: Այդ ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի, միջոցների տեղաշարժերի, կուտակումների ու մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։
Բայց, ըստ ՔԿ-ի, ի պաշտոնե պարտավոր լինելով որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Մինչդեռ նրա փաստաբանը մեզ հետ զրույցում պնդել է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի բոլոր կարգադրությունները կատարված են եղել:
Նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ մեղաղրանքի առաջադրումից և նրա լիազորությունների կասեցումից հետո նրա վարույթում եղած այս գործի վերամակագրումից հետո խոսակցություններ կային, որ ոչ միայն չհարցաքննված վկաներին պետք է հարցաքննի դատարանը, այլ նաև մինչ այս հարցաքննվածներին:
«Նախնական դատալսումներն ավարտել ենք, հիմնական դատալսումները որ սկսենք, այդ ժամանակ կհասկանանք՝ իրականում չե՞նք հարցաքննելու, ում արդեն հարցաքննել ենք, և նոր մնացածին կանչենք հարցաքննության, դատակոչված վկաներից դեռ 40 հոգի մնացել են»,- նշեց Արման Թամրազյանը:
44-օրյա պատերազմին առնչվող նշված գործը դատարանում է 2023 թ․ հունվար ամսից, այն սկզբում ուղարկվել է Սյունիքի մարզ, ապա՝ տեղափոխվել Երևան, իսկ դատակոչված վկաների թիվը 51 է:
Մենք հայտնել ենք, որ Մատաղիսի հրամանատարի գործով հարցաքննվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանը և այլք:
Մատաղիսի զորամասի նախկին հրամանատարը, ինչպես անցած տարի հայտնել ենք, վարչական հսկողության տակ է:
Իսկ Սևակ Աբրահամյանի գործը միակ պատերազմական քրեական գործը չէ, որը դեռ վերջնագծին չի մոտեցել, այսինքն, չկա առաջին ատյանի դատավճիռը, կարևորը՝ սկզբում հնչեղություն են ապահովել: Իհարկե, բնավ, չենք արդարացնում խնջույքի կազմակերպումը պատերազմից մեկ օր առաջ:

