Սևակ Աբրահամյանի գործով հարցաքննված Օնիկ Գասպարյանը, Կարեն Շաքարյանը նորից պիտի հարցաքննվե՞ն

2025 թվականի նոյեմբերին տեղեկացրել ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը նորից է սկսվել. դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ մեղաղրանքի առաջադրումից և նրա լիազորությունների կասեցումից հետո նրա վարույթում եղած գործերը վերամակագրվել են այլ դատավորների։

Հավելենք, որ 44-օրյային առնչվող գործը դատարանում է 2023 թ․ հունվար ամսից, այն սկզբում ուղարկվել է Սյունիքի մարզ, ապա՝ տեղափոխվել Երևան:

Գնդապետ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանը 168.am-ին որոշ մանրամասներ հայտնեց, թե վերամակագրումից հետո գործի քննությունն ինչ փուլում է:

«Անցել ենք արդեն հիմնական դատալսումներին: Այս պահի դրությամբ դեռ որևիցե ապացույց չենք հետազոտել: Ի դեպ, նոյեմբերից հետո նիստ չենք արել, հաջորդ նիստը հավանաբար կլինի մարտ ամսին»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է դատակոչված վկաներին, ապա նրանց թիվը 51 է, և դեռ կեսն էլ չի հարցաքննվել, ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր Սևակ Աբրահամյանի փաստաբանը՝ «Գաբրիելյան Արտուշի մոտ հարցաքննվել էր ընդամենը 11 հոգի»:

Իսկ հիմա գործի վերամակագրումից հետո ոչ միայն չհարցաքննված վկաներին պետք է հարցաքննի դատարանը, այլ նաև մինչ այս հարցաքննվածներին:

«Եթե դատաքննությունը սկսվել է, բոլորը պիտի հարցաքննվեն օրենքով, այո, այդ թվում՝ նրանք, ովքեր արդեն հարցաքննվել են: Հիմա այդ անձանց կրկին հարցաքննելու հետ կապված հնարավոր է այլ դիրքորոշումներ լինեն, բայց այս պահի դրությամբ օրենքի տառին համաձայն՝ բոլորը պիտի նորից հարցաքննվեն»,- հաստատեց Սևակ Աբրահամյանի փաստաբանը:

Մենք հայտնել ենք, որ Մատաղիսի հրամանատարի գործով հարցաքննվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Շաքարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանը և այլք:

Ավելին, «Դատալեքսից» նույնիսկ տեղեկացել և ներկայացրել ենք, թե ինչ է ասել Օնիկ Գասպարյանը Մատաղիսի հրամանատարի գործով իր ցուցմունքում և հարցաքննության ժամանակ:

Որոշ ժամանակ անց, սակայն, «Դատալեքսից» ոչ միայն հեռացվել է այս և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի արձակած հրամանների, որն ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ գուցե գաղտնիության խնդիր է եղել, այլ նաև Մատաղիսի հրամանատարի գործի հիմնական տեղեկությունները, որոնք Քննչական կոմիտեն ի սկզբանե հանրայնացրել է:

Հիշեցնենք, որ 2022թ. Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Աբրահամյանը պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք-հացկերույթ: Այդ ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի, միջոցների տեղաշարժերի, կուտակումների ու մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։

Բայց, ըստ ՔԿ-ի, ի պաշտոնե պարտավոր լինելով որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Մինչդեռ նրա փաստաբանը մեզ հետ զրույցում պնդել է, որ Օնիկ Գասպարյանի բոլոր կարգադրությունները կատարված են եղել:

Իր հերթին՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր ցուցմունքում նշել է՝ «հակառակորդի հաջողությունների պատճառը չի հանդիսացել և չէր կարող հանդիսանալ Սևակ Աբրահամյանի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտումը»:

Ի դեպ, խնջույքի մասին այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը տեղեկացված և հրավիրված է եղել, բայց չի մասնակցել:

Տեսանյութեր

Լրահոս