Հաշված ամիսներ են մնում
Գործող գնով ռուսական գազի ներմուծման պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլին։ Դրանից հետո նույն գնով գազ ստանալու հեռանկարներ այսօր չեն երևում։ Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ տարվա սկզբից ներմուծվող ռուսական գազը կթանկանա։
Ինչպես հայտնի է, ռուսական կողմը զգուշացրել է, որ կարող է միակողմանի կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների՝ առանց մաքսատուրքի, մատակարարման մասին 2013թ. ստորագրված համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։
Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ոչ մի հիմք չեն տալիս ասելու, որ հակված են հրաժարվել Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունից։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կկորցնի ռուսական գազն արտոնյալ գնով ստանալու հնարավորությունը։ Եթե անգամ դադարեցվի միայն արտահանման մաքսատուրքի արտոնությունը, ռուսական գազը կթանկանա առնվազն 30 տոկոսով։
Այսօր ռուսական գազը Հայաստանը ստանում է արտոնյալ 177 դոլարին մոտ գնով։ 30 տոկոսով թանկացման պարագայում այն կլինի առնվազն 235 դոլար։
Սա լավագույն սցենարն է, որը հաջորդ տարվա սկզբից կարող է տեղի ունենալ գազի ներմուծման գնի հետ։ Բայց դրա հավանականությունն էլ քիչ է։ Երբեմն կրկնակի-եռակի թանկացման մասին է խոսվում։
Գուցե ոչ եռակի, բայց առավել մեծ է կրկնակի թանկացման հավանականությունը։
Ներմուծման գնի այդպիսի թանկացման պարագայում՝ էապես կավելանա ճնշումը ներքին սակագների վրա։
Հայաստանում գործում են սպառվող գազի տարբերակված սակագներ։ Ամենամեծ գինը վճարում է բնակչությունը։ Այսօրվա փոխարժեքով բնակչության հիմնական մասին գազը մատակարարվում է 1000 խորանարդի դիմաց 143.7 հազար դրամով, ինչը համարժեք է 388.3 դոլարի։
Սա շուրջ 2.2 անգամ ավելի բարձր է, քան այն գինը, որով Հայաստանը գազ է ստանում։
Թե ինչո՞ւ է այդպես, պետք է հարցնել իշխանություններին ու առաջին հերթին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Հենց այս հանձնաժողովն է որոշել, որ քաղաքացիները շատ ավելի բարձր գին պիտի վճարեն գազի համար, քան մյուս սպառողները։
Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ձմռան ամիսներին, որը համընկնում է դրանց սպառման պիկ շրջանի հետ, 1000 խորանարդի համար վճարում են 233.9 դոլար՝ 154.4 դոլարով ավելի քիչ, քան քաղաքացիները։
Քաղաքացիները գրեթե 40 տոկոսով ավելի շատ են վճարում, քան ջերմոցային տնտեսությունները։
Այդպիսով՝ քաղաքացիներն, ըստ էության, սեփական գրպանի հաշվին սուբսիդավորում են ջերմոցային տնտեսությունների գազի սակագինը։
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող՝ պահածոներ, խմիչքներ, կաթնամթերք արտադրողներն էլ գազի համար վճարում են այնքան, որքան ջերմոցային տնտեսությունները ձմռան սեզոնին։ Նրանց սակագներն էլ են սուբսիդավորում քաղաքացիները։
ՋԷԿ-երի համար ՀԾԿՀ-ն անհամեմատ ավելի էժան սակագին է սահմանել։ Ավելի ցածր, քան անգամ Հայաստան մտնող գազի գինն է։ ՋԷԿ-երին վաճառվող գազի սակագինը 146.21 դոլար է՝ 31 դոլարով ավելի քիչ, քան գազի գնվող գինն է։ Այն 2.6 անգամ ցածր է քաղաքացիներին վաճառվող գազի սակագնից, ու այդ սակագինը հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Էլի կան սպառողների առանձին խմբեր, որոնք այլ գին են վճարում։ Բայց դրանք էլ են ավելի ցածր, քան քաղաքացիներին վաճառվող գազի սակագինն է։
Վերջին 3-4 տարիներին ՀԾԿՀ-ն բոլոր հիմքերն ունեցել է քաղաքացիներին վաճառվող գազի սակագինը նվազեցնելու համար, բայց չի նվազեցրել։ Բարձր է պահել սակագներն ու միլիարդավոր դրամների հասնող վնաս է պատճառել քաղաքացիներին։ Այդքանից հետո, այսօր ՀԾԿՀ նախագահը հպարտանում է, թե գազի համակարգում լրացուցիչ օգուտներ են ձևավորվել, ու դա բավական մեծ գումար է։ Քաղաքացին պետք է իմանա, որ այդ գումարները ձևավորվել են իր վճարած բարձր սակագների հաշվին, որոնք պիտի նվազեցնեին, բայց չեն նվազեցրել։ Հիմա էլ հպարտանում են, թե լրացուցիչ մեծ գումարներ են կուտակվել համակարգում։
Եթե թեկուզ մասնակի իրականանան գազի ներմուծման թանկացման վերաբերյալ հնչող հայտարարությունները, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ սպառողների տարբեր խմբերի վրա։ Հաշվի առնելով այսօրվա իրողությունները, էլի ամենամեծ տուժողը լինելու է քաղաքացին։ Մյուսներն էլ են տուժելու, համատարած բոլորն են տուժելու՝ ջերմոցային տնտեսությունները, գյուղմթերքներ վերամշակողները, ընդհանրապես տնտեսությունը։
Տնտեսության ինքնարժեքն է բարձրանալու ու ընկնելու է մրցունակությունը։ Նույն ջերմոցային տնտեսությունները, տնտեսության վերամշակող ճյուղերը, եթե գազի այսօրվա համեմատաբար ցածր սակագնի միջոցով դեռ ինչ-որ կերպ կարողանում են որոշ երկրների շուկաներում քիչ թե շատ մրցունակություն ապահովել, դա էլ են կորցնելու։
Բարձրանալու է նաև հոսանքի սակագինը՝ տնտեսության ու քաղաքացիների վրա ավելացնելով էներգետիկ համակարգից փոխանցվող ֆինանսական բեռը։
Հույսը դրել են արևային կայանների վրա, բայց արևային կայանները չեն կարող փոխարինող հզորություն լինել, առավել ևս, որ դրա համար պայմաններ չեն ստեղծել։
Խոսում են ռուսական գազի թանկացման պարագայում այլընտրանքային աղբյուրներից օգտվելու մասին։ Իրանին, Թուրքմենստանին ու Ադրբեջանին են համարում այլընտրանքը, չհասկանալով, որ սրանցից ոչ մեկը չի կարող այլընտրանք լինել։ Իրանական գազն առնվազն կրկնակի թանկ է այն գնից, ինչ գնով Հայաստանը հիմա գազ է ստանում Ռուսաստանից։ Թուրքմենական գազը Հայաստան հասնելու լոգիստիկ անհամապատասխանության մեջ է, իսկ Ադրբեջանից գազ բերելը հավասարազոր է սեփական գլխին կրակելուն։
Եթե անգամ հաջողվի այս երկրների հաշվին փոխարինող գտնել ռուսական էժան գազին, դրա հավելյալ գինը վճարելու է սպառողը՝ քաղաքացին ու տնտեսությունը։
Իշխանության որոշ ներկայացուցիչներ մեծ-մեծ խոսում են, թե պատրաստ են վճարել այդ գինը։ Իրենք գուցե կվճարեն, որովհետև վերջին տարիներին հասցրել են լուրջ կարողություններ կուտակել, իսկ պատրա՞ստ է արդյոք այդ գինը վճարել սովորական քաղաքացին, նաև տնտեսությունը։ Թե՞ մեզ այլևս տնտեսություն պետք չէ, կներմուծենք թուրքականն ու ադրբեջանականը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

