Բոմժ դառնալու պրոցեսը սկսված է. Եթե Կարապետյանը, Ծառուկյանը, Քոչարյանը մտնեն ԱԺ՝ վատ բան կլինի. Փաշինյան
Հունիսի 7-ի ընտրությունները ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի վերջին շանսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Նախկին-ներկա բանավեճը հաղթահարելու միայն մեկ ձև կա` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեն ու չանցնեն խորհրդարան։ Չի կարող այդպես լկտի ձևով, հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցող քաղաքական ուժը հայտնվի խորհրդարանում։ Դա շատ վատ բան կլինի։ Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ «Ուժեղ ՀՀԿ»-ն (ի նկատի ունի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը), «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն կարող են անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,– հայտարարեց նա։
«Ժողովուդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության շուն ու շյանգալներին ու քաղաքական բոշաներին պետք է ուղարկի քաղաքականությունից դուրս»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն կայացրել է առաջին որոշումը։
«Համոզված եմ՝ դրանով ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է»,- հավելեց նա։
Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը` Փաշինյանը հայտարարեց, որ 1994-95 թվականներից սկսած Հայաստանի Հանրապետությունը 25 տարի շարունակ կանգնած է եղել նույն կետի վրա, ու դա եղել է փակուղային կետ։
«30 տարի շարունակ ամբողջ պետական համակարգն աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է, լուծված է այդ հարցը, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Մենք առերեսվել ենք այդ իրողության հետ ու սկսել ենք հարցեր տալ ու գնալ այդ հարցերի հետևից, գտնել դրանց պատասխանները, որից հետո մենք հասկացել ենք, որ թակարդի մեջ ենք ու պետք է դրանից դուրս գալ, հակառակ դեպքում մենք պետությունը կորցնելու ենք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով` իրենք շատ արդյունավետ իշխանություն են, քանի որ երկիրը դուրս են բերել թակարդից։
«Դա այն թակարդն էր, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով, և որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները ու նրանց սատելիտները մեզ անընդհատ մտցրել են ու պահել փակուղում։ Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը. Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա։ Այս է ամբողջ խնդիրը, ու մենք գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով»,– հայտարարեց վարչապետը։



