Սամվել Կարապետյանն իր կապերով կարող է միլիարդավոր ներդրումներ բերել Հայաստան. Հայկ Ֆարմանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ակնկալում է ունենալ մեծամասնություն Ազգային ժողովում և հասնել զարգացող, ապահով և ուժեղ Հայաստանի երազանքին։ Հայաստանում և Արցախում բազմաթիվ մեգանախագծեր իրականացրած Սամվել Կարապետյանն իր կապերով և գործարար հմտություններով կարող է բազմամիլիոնանոց կամ բազմամիլիարդանոց ներդրումներ բերել Հայաստան։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Սամվել Կարապետյանի առաջնորդած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը՝ ներկայացնելով նորաստեղծ կուսակցության տեսլականն ու տնտեսական ծրագիրը։

«Սկսենք նրանից, որ պարոն Սամվել Կարապետյանն իսկական հայ է՝ բառիս բոլոր իմաստներով։ Չմոռանանք, թե ինչ մեգանախագծեր է նա իրականացրել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախի Հանրապետությունում։ Ծնվել է Հայաստանում՝ Լոռու մարզում, ստեղծել և արարել է, և նա այն բացառիկ գործարարներից է, որը կապիտալը երկրից չի հանել, այլ ընդհակառակը՝ բերել է երկիր, ստեղծել է Հայաստանի Հանրապետությունում, չի սպասել ուժեղ պետության, այլ ինքն է ստեղծել այդ ուժեղ պետության հիմքերը, և սա է մեր տնտեսական փիլիսոփայութան առանցքային կետերից մեկը»,- մեկնաբանեց Հայկ Ֆարմանյանը։

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը պարզաբանում է՝ կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու իրավական խոչընդոտը, այն է՝ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, հնարավոր է վերացնել Ազգային ժողովում օրենքի փոփոխության միջոցով, և այդ փոփոխության արդյունքում Սամվել Կարապետյանը կհրաժարվի ՌԴ քաղաքացիությունից, և ԱԺ-ում մեծամասնություն ունենալու պարագայում արդեն որևէ խոչընդոտ չի լինի երկրի ղեկը ստանձնելու։

Կարդացեք նաև

«Վերջին տարիների ընթացքում, այո՛, ցավոք սրտի, մենք տեսնում ենք արժանապատվության կորուստ, տեսնում ենք ուժի կորուստ, և մեր հանրությունը, այդ թվում՝ մենք, կարիք ունենք ուժեղ երկրի, և այդ բաղձալի ուժը ցանկանում ենք տեսնել մոտ ապագայում։ Ուժեղ Հայաստանը մեր պատկերացրած, մեր երազած Հայաստանն է, որը շատ մոտ ապագայում անպայման լինելու է։ Ես վստահեցնում եմ, որ լինելու է»,- հայտարարում է Հայկ Ֆարմանյանը։

Տնտեսագետը նաև ներկայացրեց «Ուժեղ Հայաստան»-ի 5 կետանոց տնտեսական ծրագիրը՝ կարևորելով բարենպաստ տնտեսական ու քաղաքական միջավայրի ձևավորումը, փոքր ու միջին բիզնեսի զարգացումը՝ նրանց ազատելով հարկերից, և տնտեսության կառուցվածքային փոփոխությունը՝ մեծամասամբ առևտրային և ծառայություններ մատուցող տնտեսությունից անցում կատարելով դեպի արդյունաբերականացում և արտադրության զարգացում։

Հայկ Ֆարմանյանի խոսքով՝ մեզ պետք է որակյալ՝ արդյունաբերականացված տնտեսություն։

Ինչպես ներկայացնում է Հայկ Ֆարմանյանը, իրենց տեսլականով՝ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել բարենպաստ տնտեսական միջավայրը Հայաստանում՝ ապավինելով ներքին ներդրումներին և խթանելով սփյուռքի հայության «էմոցիոնալ ներդրումները» Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի օրինակով, որից հետո միայն կարելի է ակնկալել, որ օտարերկրյա միլիոնավոր կամ միլիարդավոր ներդրումներ կգան Հայաստան։

«Ներկա պայմաններում ընդամենը պատրանք է ակնկալելը, որ այդ «միլիարդավոր ներդրումները» կգան Հայաստան։ Ի՞նչ ենք ասում մենք։ Մենք ասում ենք՝ նախ և առաջ, պետք է ուշադրություն դարձնենք ներքին ներդրումներին, այլ խոսքերով՝ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր բնակվում են արտերկրում, էմոցիոնալ ներդրումների միջոցով գան Հայաստան, ստեղծենք բարենպաստ միջավայր և այնպիսի արդար մթնոլորտ, որ լինի արդար դատական համակարգ, պաշտպանված լինի սեփականության իրավունքը, պետությունը լինի գործընկեր, խաղի կանոնները լինեն հստակ։ Սամվել Կարապետյանն իր կապերով և գործարար հմտություններով կարող է այնպես անել, որ հնարավոր բազմամիլիոնանոց կամ բազմամիլիարդանոց ներդրումներ հորդեն Հայաստան, բայց կրկնում եմ՝ միայն այն պարագայում, երբ մինչ այդ վերականգնենք բարենպաստ դաշտը, և ներքին ներդրողը վստահ լինի, որ իր կապիտալը պաշտպանված է։

«Ներքին ներդրող» ասելով՝ նկատի ունեմ մեր հայրենակիցներին, տեղական արտադրողներին, որոնք փորձում են ավելացնել, կրկնապատկել, եռապատկել իրենց արտադրանքը, նկատի ունեմ մեր այն հայրենակիցներին, ովքեր էմոցիոնալ ներդրումներ են անում՝ հայրենասիրական մղումներից դրդված։ Սա է մեր հիմնական տեսլականը, որից հետո մենք, բնականաբար, կակնկալենք, որ օտարերկրյա ներդրումներ կգան Հայաստան»,- բացատրում է տնտեսագետը։

Այս համատեքստում Հայկ Ֆարմանյանը պատասխանեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հայտարարություններին, որոնք նա արել էր փետրվարի 10-ին տեղի ունեցած տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում՝ քննադատելով «Մեր ձևով»-ի տնտեսական ծրագրի որոշ կետեր։

«ՊԵԿ նախագահի մեկնաբանություններին ծանոթ եմ և հետևյալ հակասությունն եմ արձանագրել։ ՊԵԿ նախագահն ասում է՝ այժմ էլ կա այդ կարգը, որ տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներն ազատված են հարկերից։ Հարց՝ եթե կան, բա էդ դեպքում ո՞նց եք պայքարում ստվերի դեմ, որ չմանրանան։ Իհարկե, այդպես չէ՝ ինքն ինչ որ ասում է, որովհետև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողները շատ սահմանափակ ոլորտի ներկայացուցիչներ են, որոնք 2025 թ. հունվարի 1-ից հետո՝ օրենքի փոփոխման արդյունքում, տարբեր ոլորտի ներկայացուցիչների թույլ չտվեցին, որ շարունակեն գործել միկրոձեռնարկատիրության ոլորտում, և դրանք ընդամենը շատ փոքր թիվ կազմող, շատ սահմանափակ ոլորտի ներկայացուցիչներ են՝ կոշկակար, արհեստավոր և այլն, հետևաբար՝ դա, չեմ ուզում այդ բառը վիրավորական տոնով ասել, բայց ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ է կրում։ Ի՞նչ է նշանակում՝ հիմա էլ կա այդ կարգը։ Չկա այդ կարգը»,- մասնավորապես նշեց Հայկ Ֆարմանյանը։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՓՄՁ-ների համար զրո տոկոս շրջանառության հարկ սահմանելու դեպքում ստվերը կարող է մեծանալ, խոշոր ընկերությունները կարող են մասնատվել։ Իսկ 300 000 նոր աշխատատեղ ստեղծելու խոստման առնչությամբ ասել էր, որ Հայաստանի կառավարությունը 2018 թվականից հետո արդեն իսկ ստեղծել է շուրջ 300 հազար աշխատատեղ։

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը փետրվարի 6-ին ներկայացրել էր Սամվել Կարապետյանի 5 կետանոց տնտեսական ծրագիրը, որի դրույթներն են՝ 1) 300 000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում, 2) 0% հարկ՝ փոքր բիզնեսի համար, 3) 20% էժան դեղորայք՝ բոլորի համար, 4) բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 5) 20 000 մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում հայտարարվել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Մեր Ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանն է։ Միջոցառման ընթացքում արհեստական բանականության միջոցով ներկայացվել էր տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանի տեսաուղերձը։ Իսկ նախորդ օրը կուսակցության համագումարը միաձայն ընտրել էր Սամվել Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս