«Մենք գործ ունենք նաև տղամարդկության պակասի հետ. եթե դու խոսում ես, ուրեմն՝ իրերն իրենց անունով կոչի». Գրիգոր Բալասանյան

Երեկ Կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ այսօր՝ ապրիլի 1-ին, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվա կատարած այցի ընթացքում արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ կքննարկի նաև «Հայաստանի դեմ հյուսիսից արվող հիբրիդային պատերազմի հարցը», որի մասին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, տարբեր առիթներով հայտարարում են։ Այս հարցը կլինի՞ երկուստեք քննարկման օրակարգում։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ բնականաբար, «հիբրիդային պատերազմի» հարցը քննարկման օրակարգում լինելու է։

«Նիկոլ Փաշինյանը ոչ թե կհարցնի ՌԴ նախագահին, թե ինչո՞ւ են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ անում, այլ ասելու է՝ ի՞նչ տեխնոլոգիաներ ունեք հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։

Կարդացեք նաև

Եթե հիշում եք, ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ արտգործնախարարն ասաց, որ պետք լինի՝ ՌԴ-ից էլ կփորձեն ճշտել, թե իրենք ինչպիսի գործիքակազմ ունեն հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Ուղղակի այստեղ հայտնի չէ, թե ով ում դեմ է պայքարում, և հայտնի չէ, թե ինչ նկատի ունեն՝ ասելով՝ «հիբրիդային պատերազմ»»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։

Նրա բնորոշմամբ, քանի որ Հայաստանի ղեկավարը մի բան է ասում, բայց անում է մեկ այլ բան, հետո ամեն ինչ այլ կերպ մեկնաբանում, հետևաբար՝ դժվար է ասել, թե այդ հարցերին ինչ պատասխան է տրվելու։

«Ես կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ հարցը տրվելու է՝ ինչպե՞ս պայքարել «հիբրիդային պատերազմի» դեմ»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները «հիբրիդային պատերազմի» մասին խոսելով՝ ոչինչ չեն հստակեցնում, քանի որ իրենց մանևրելու տեղ են թողնում։

«Բոլորին էլ պարզ է, որ եթե ԵՄ-ից գումար է վերցնում «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու համար, իսկ ո՞վ է ԵՄ-ի աշխարհաքաղաքական մրցակիցը տարածաշրջանում՝ Իրա՞նը՝ ոչ, Միացյալ Նահանգնե՞րը՝ ոչ. այստեղ մենք գործ ունենք նաև տղամարդկության պակասի հետ։ Եթե դու խոսում ես, ուրեմն՝ իրերն իրենց անունով կոչի, իսկ եթե վստահ չես, որ կարող ես պատասխան տալ, երևի թե պետք չէ քանդել «մեղվի փեթակը» ու այս հարցը մտցնել օրակարգ»,- նշեց Գ. Բալասանյանը։

Նրա կարծիքով՝ օրակարգում կլինի նաև երկաթուղու հարցը, քանի որ ՌԴ տրանսպորտի նախարարն օրեր առաջ ասել էր, որ ՌԴ-ն կոնցեսիան որևէ մեկին տալու տրամադրություն ու ցանկություն չունի։

«Այստեղ հարց է առաջանում, թե ՀՀ ղեկավարն ինչի՞ց է ենթադրել, որ ռուսները համաձայն են այդ ամենը զիջել, թեկուզ՝ իրենց դաշնակից, բայց ամեն դեպքում՝ աշխարհաքաղական ու որոշակի առումով մրցակից Ղազախստանին։ Որտեղի՞ց է Փաշինյանին այդ տեղեկությունը, որ նրանք պատրաստ են դա զիջել ղազախներին։ Ինչպես ասում են՝ բավականին հագեցած օրակարգ է սպասվում Մոսկվայում»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930