ԹՐԱՄՓԸ ՊԱՆԻԿԱՅԻ ՄԵՋ Է, ԻՐԱՆԸ ՄԵԾ ԳԻՆ Է ՈՒԶԵԼՈՒ. ԱԼԻԵՎԻՆ ԱՐՑԱԽՆ ԱՎԱՆՍՈՎ Է ՏՐՎԵԼ, ԱՀՈՒԴՈՂՈՎ ՍՊԱՍՈՒՄ Է՝ ՔԱԴԱՖԻԻ ՕՐԸ ՉԸՆԿՆԻ. ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ԱՄՆ-ը այսօր փաստացի հայտնվել է փակուղում, որովհետև այնտեղ շատերը Իրանը դիտարկել են որպես Իրաքի նման պետություն, ինչն ամենևին այդպես չէ: Իրանը պատմության մեջ երբեք թույլ չի տվել, որ Եփրատից այն կողմ որևէ մեկն անցնի, ով ուզում է լինի հակառակորդը: Ռեսուրսների տեսանկյունից կոնվենցիոնալ պատերազմում Իրանին ոչ մի երկիր չի կարող հաղթել: Հաղթելու համար անհրաժեշտ է ցամաքային գործողություն, իսկ Իրանին հաղթելու համար անհրաժեշտ է 6-7 միլիոն զինվոր, ինչը ոչ ոք իրեն թույլ տալ չի կարող: Վնաս կտան Իրանին, բայց հաղթել չեն կարող: ԱՄՆ-ը արդեն 10 միլիարդ դոլարի վնաս է կրել, ինչը վերականգնելու համար շատ մեծ ժամանակ է անհաժեշտ: Ամերիկյան երկու ավիակիր փախուստի դիմեց, որովհետև հասկացան՝ Իրանը կարող է խոցել: Բացի դրանից, Հորմուզի նեղուցի փակումը լուրջ վնասներ է հասցրել տարածաշրջանին:
  • 1979թ., երբ ԽՍՀՄ-ը ներխուժում էր Աֆղանստան, հո չէի՞ն հաշվարկել, որ 10 տարի տևողությամբ պատերազմի մեջ են մտնում: Սկզբում որոշել էին 40-րդ բանակի սահմանափակ ռեսուրսներով հարցը լուծել: Հիմա նույնն ԱՄՆ-ի դեպքում է: Հնարավոր է՝ հաշվարկներ եղել են, հնարավոր է՝ ոչ: Բայց պատերազմի տրամաբանությունը փոխվել է: Օրինակ՝ եթե նախկինում PATRIOT-ը խոցում էր հրթիռներ, հիմա այլ նպատակներ է հետապնդում: Այդ համակարգից ԱՄՆ-ը տարեկան արտադրում է 600 հատ: Դրանով ի՞նչ անի՝ իր կարիքնե՞րը հոգա, դաշնակիցների՞ն տրամադրի… Բարդ է: Իրանի պարագայում գործը բարդանում է նրանով, որ այս պատերազմին Իրանը պատրաստվել է երկար տարիներ, իմացել է, որ ծանր կորուստներ են ունենալու և գործում են նախօրոք ծրագրված պլանով: Իրանի հրթիռները թաքցրած են սարերում, գրեթե հայտնաբերելի չեն: Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության գլխատումն, իհարկե, կանդրադառնա Իրանի վրա, բայց կրիտիկական նշանակություն չի ունենա, որովհետև Իրանում գիտեն՝ երբ, ում և ումով են փոխարինելու: Իրանի ղեկավարությունը գիտակցաբար գնաց նահատակման:

Կարդացեք նաև

  • Վերջին օրերի Թրամփի ասուլիսներից երևում է, որ ինքն էլ է փակուղու մեջ, չգիտի՝ ինչ անել: Մարդկությունը պատմությունից, ցավոք, դասեր չի քաղում: Արդեն իսկ տեղեկություններ են տարածվում, որ Թրամփը Պուտինին խնդրել է օգնել Իրանի ղեկավարության հետ բանակցությունների հարցում… Այն նույն Պուտինի, որի երկրի դեմ ինչ ասես արել են և Պուտինին էլ դեմոնացրել… 
  • Չի բացառվում՝ Թրամփին «պաստավկա» արած էլ լինեն, ներկայացրած լինեն այլ բան, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:
  • Հրադադարի համար Իրանը գին է ուզելու: Պատերազմը սկսել է Թրամփը՝ Իսրայելի հետ միասին, երբ ցանկացել է, բայց պատերազմն ավարտելն արդեն միանձնյա ԱՄՆ-ը չի որոշելու, որովհետև դիմացինը մեծ գին է ուզելու: Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում սկսել է մի պատերազմ, որը շատ դժվար է լինելու կանգնեցնել: Կյանքն ու քաղաքականությունն այդպես չեն լինում: Թրամփը չի կարող Նիկոլի նման ասել՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, ու գնալ տուն:
  • Իսլամական Հանրապետության գոյության ամբողջ պատմության ընթացքում Իրանի արտաքին քաղաքական քայլերը կրոնական ֆանատիզմի տարրեր չեն պարունակել: 
  • Երբեք հնարավոր չէ լսել, որ շիա ուղղության ներկայացուցիչներն ասեն՝ ջիհադ անենք, օրինակ, Դանիայում, կամ գնանք Փարիզը պայթեցնենք:
  • Քաղաքագիտական և սոցիալական աքսիոմ է. փոքրամասնությունը միշտ լինում է ավելի նպատակասլաց, ավելի կազմակերպված, ուստի և՝ ավելի պասիոնար և ագրեսիվ: Հենց այդպիսին են աղանդավորական, կրոնական խմբակներն ԱՄՆ-ում:

  • Վերջին 30 տարիներին բոլորը հասկացել են՝ Միացյալ Նահագները թղթե վագր է և անգամ միջին կարգի երկրների հախից գալ չի կարող, ինչպիսին Իրանն է: Նա թույլ թիրախ է ման գալիս՝ Հարավսլավիա, Վենեսուելա և այդ կարգի երկրներ: Այս պահին ակնհայտ է՝ Թրամփը պանիկայի մեջ է, չգիտի՝ ինչպես ավարտել այս պատերազմը, որովհետև ակնհայտ է, ոչ ոք Իրանի դեմ ցամաքային պատերազմի չի գնա: Պատերազմը սկսում են այն ժամանակ, երբ ուզում են, ավարտում են այն ժամանակ, երբ կարողանում են: Հիմա դա, կրկնեմ, ԱՄՆ-ից կախված չէ: ԱՄՆ-ում չկա փորձագետ, ով ապշած չէ այս պատերազմից, չեն հասկանում՝ ինչի էր դա պետք: Առաջին անգամ է, որ ԱՄՆ բնակչության մեծ մասն Իսրայելի կողմից չէ: Մարդիկ տեսնում են, որ Նեթանյահուի գլխավորած Իսրայելն այսօր պարոն ցեղասպանն է, տեսել են՝ ինչ է արել Իսրայելը Պաղեստինում, Գազայում ու այլ հատվածներում, անում է այն, ինչ արել են ժամանակին նացիստները:
  • Ո՞նց եք որոշել, որ, օրինակ, Ֆրանսիան կամ Իսրայելը պետք է ունենան միջուկային զենք, իսկ Իրանը չունենա: Ի՞նչն է պակաս, ինչո՞ւ չի կարող ունենալ, կա՞ մի պարամետր, որով հնարավոր է ասել, որ արդար է, որ ֆրանսիացիներն ունենան միջուկային զենք, իսկ, օրինակ, իրանցիները՝ ոչ:
  • Վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ինքնիշխան է այն երկիրը, որն ունի միջուկային զենք: Դե թող փորձեն նույնը՝ ինչն այսօր անում են Իրանի հետ, անել Հյուսիսային Կորեայի հետ. ընդհուպ ամերիկյան քաղաքների վրա միջուկային զենք կընկնի: Կյանքը ցույց տվեց, որ ճիշտը Հյուսիսային Կորեան էր: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ մի երկրի ղեկավար այլ երկրի ղեկավարին գողանա: Պետության ղեկավար գողանալ-տանելը կամ ոչնչացնելը ո՞րն է: Մարդկության պատմության մեջ միշտ հարգանք է եղել հակառակորդի ղեկավարների հանդեպ: Խաղի կանոններն այսօր փոխվել են: 21-րդ դարում ՄԱԿ-ի անդամ, դեմոկրատական ճանապարհով ձևավորված պետության ղեկավար են սպանում: Թրամփին ի՞նչ կա, 80-ն անց մարդ է, այսօր կա, վաղը չկա, բա մյուսնե՞րը: Շատ երկրներ սա գիտակցում են ու փորձում են դիստանցավորվել ԱՄՆ-ից: Թրամփի քաղաքականությունը թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով հետևանք ունենալու է:
  • Իհարկե, կան մի քանի տարբեր վարկածներ, բայց չի բացառվում՝ Իրանը, թեպետ հերքեց, բայց Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ հենց ինքն էր ուղարկել՝ որպես նախազզգուշացում Ադրբեջանին: Իրանում հասկանում են, չէ՞, Նախիջևանի ու դրա նման օդանավակայանների նման փոքր օդանավակայաններն ինչի համար են: Դրանք իդեալական են ԱԹՍ-ների թռիչքներ կազմակերպելու համար: Ու դա Իրանում լավ են հասկանում: Ալիևին Արցախը 2020թ. հո հենց այնպես չե՞ն տվել… Ալիևը պիտի վճարի Լեռնային Ղարաբաղում ստացածի գինը. այդ հաղթանակը 2020 թվականին նրան ավանսով է տրվել, Ալիևի սիրուն աչքերի համար չեն տվել…
  • Եթե Ալիևը հումանիտար օգնություն է ուղարկում Իրան, դա նշանակում է՝ ինքը շատ ծանր իրավիճակում է: Ալիևն ինքը չի որոշելու՝ իր տարածքից խփե՞ն, թե՞ չէ Իրանին: Երբ կասեն՝ կանի: Որ պահին հրաժարվեց, հաջորդ վայրկյանին նա իշխանության չի լինի, Քադաֆիի օրը կընկնի: Ահուդողով սպասում է, որ հանկարծ նման զանգ չլինի իրեն, որ չասեն՝ տարածքդ պիտի տաս, որ թռիչքներ, հարվածներ իրականացնեն Իրանի դեմ… Մենք չգիտենք՝ Արցախի գինն Ալիևն ու Իսրայելը պայմանավորվե՞լ են, թե՞ նրան ասել են՝ սպասիր, կասենք:
  • Ալիևն ինչպես ասում է՝ Հայաստանի օդային տարածքն օգտագործում ենք առանց հարցնելու, նույն կերպ ընկալում ունեն ցամաքային ճանապարհների վերաբերյալ: Ումի՞ց հարցնեն, Նիկոլ Փաշինյանի՞ց… լո՞ւրջ եք ասում… Նիկոլ Փաշինյանին կարող են տանել, որ մասնակցի տարբեր միջոցառումների, դեմը քաղաքական թուլափայեր կգցեն, ինքն էլ Գորբաչովի գլխարկը դրած՝ լավ կզգա իրեն, կգա էստեղ, կծախի ժողովրդի վրա…

  • Խորհրդային տարիներին Մոսկվան չէր ուզում, որ Ադրբեջանն ուղիղ կապ ունենա Նախիջևանի հետ, որովհետև 1920-21թթ., երբ սահմանները գծվում էին, կա այդ մասին գրագրություն, բոլշևիկները որոշել էին՝ Ղարաբաղը տալիս են Ադրբեջանին, Զանգեզուրն անորոշ է մնում, իսկ Նախիջևանը տալիս են Հայաստանին: Բայց այդպես չեղավ, միջանկյալ որոշում ընդունվեց՝ ստեղծել ինքնավար հանրապետություն: Ինչո՞ւ ինքնավար հանրապետություն, որովհետև բնակչության 43%-ը հայեր էին, կարգավիճակը որոշեցին, հայերը չտարրալուծվեցին, ու Սյունիքի հարցը լուծվեց, որովհետև թուրքերի ասած սեպը Սյունիքն էր, որ խրվել էր Ադրբեջանի և Նախիջևանի արանքում: Իսկ Հայաստանն Իրանին կապող ճանապարհի համար մենք պարտական ենք Անաստաս Միկոյանին: Ինչպես Հեյդար Ալիևը 1980-ականներին, այնպես էլ հիմա նրա որդին մեծ ճանապարհ են ուզում, տրասսա, որի վրա Հայաստանն ինքնիշխանություն չի ունենա, ոնց կուզեն՝ կգնան-կգան, հայի երես չեն տեսնի: Դա ապահովում էր TRIPP-ը, որն իր ակտուալությունը կորցրել է Թրամփի ջրիկ քաղաքականության արդյունքում: Տասնամյակների կոնֆլիկտը, հազարավոր զոհերի արյունը Թրամփը լուծեց ջրիկ մոտեցմամբ՝ տեսախցիկների առաջ՝ բերանը բաց, ժպիտով… Թրամփը ոչ թե խնդիր էր լուծում, այլ ամերիկյան ներքին քաղաքականության համար PR-ի հարց:
  • Եվրոպական քաղաքական էլիտաները շատ ավելի այլասերված են ու տգետ, քան ամերիկյան էլիտաները, ու սրա գինը վճարում են եվրոպացիները: Եվրոպական իշխանությունն այսօր տգետների մի համախումբ են, որի արտաքին քաղաքականությունը վարում է կնիկների բանդան: Իրենք ծափ են տալիս Ղարաբաղի կորստի համար, և սա այն դեպքում, երբ Ալիևը Ղարաբաղում արել է նույնը, ինչ նացիստները՝ Գերմանիայում:
  • Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, եվրոչինովնիկներ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում աջակցության մասին. Նիկոլին քարտ-բլանշ են տվել՝ ասելով՝ գնա՛, ինչ ուզում ես՝ արա, ինչքան ուզում ես՝ կեղծի ընտրությունները, քվեները, մենք թիկունքիդ կանգնած ենք… Միացյալ Նահանգներից որ հայ ժողովուրդը հիասթափվի, դա էդ երկրի կյանքում շա՞տ բան է փոխում: Իրենք ուզում են ռուսներին հանել տարածաշրջանից, տեղը բերել թուրքերին, և վե՛րջ, հայ ժողովուրդն իրեն շա՞տ է հետաքրքրում: 
  • Բոլորի արածն ու անելիքը պարզ է, միայն պարզ չէ՝ ի՞նչ է ուզում հայ ժողովուրդը, ուզո՞ւմ է պետություն ունենալ, թե՞ ուզում է դառնալ թուրքական վասալ:

Հայաստանում պատրաստվում են ընտրությունների, ընտրության մասնակիցներն ի՞նչ են ասում: Նույն պոպուլիստական գծի մեջ են, ու չգիտես ինչի, ասում են՝ հայ ժողովուրդը դա է ուզում, դա ենք տալիս: Հանրային կարծիքի հետ հաշվի չեն նստում, այն ձևավորում են: Իսկ դուք փորձե՞լ եք հանրային կարծիքը ձևավորել: Դուք ինչի՞ եք որոշել, որ էս դեգրադացված ինֆորմացիոն հոսքի մեջ ժողովուրդը սա է ուզում: Բա ձեր ու Նիկոլի տարբերությունը ո՞րն է: Ղարաբաղի հարցով ի՞նչ ենք անելու, ոչ մի խոսք չկա: Մարսեցինք գնա՞ց: Վերջում էլ կասեն՝ դե, Նիկոլը դավաճան էր, Ղարաբաղը տվեց, ծափ տվեք, անցեք առաջ… Սերունդներ կանցնի, սպասենք, տեսնենք՝ Ադրբեջանը երբ է փլուզվելու, էս հարցը ոնց է լուծվելո՞ւ… Էս է՞ ուզում մեր ժողովուրդը: Եթե էս է ուզում մեր ազգը, ուրեմն ես և շատերն այս ազգից չենք: Եվ քանի որ այսպես մտածողներս շատ ենք, կարծում եմ՝ մեր ազգը դա չի ուզում: Մեր ազգային էլիտան, մեր քաղաքական կուսակցությունները ոչինչ չեն առաջարկում շատ տարբեր պատճառներով: Մեկը համարում է՝ Ռուսաստանի, մյուսը՝ Ամերիկայի հետ չարժե լավ ու վատ լինել: Լավ, իսկ կարելի՞ է գոնե Ղարաբաղի մասին խոսել:

  • Արցախի հարցի բաց ու փակ լինելու հարցը հայերը չեն որոշում: Սա իրողություն է և աշխարհաքաղաքականություն, ու սրա հետ չես կարող հաշվի չնստել: Երբ Կրեմլի անմիջական գործակալ լիբերալ Վենեդիկտովը գալիս է Երևան, մի քանի օրում հասցնում է 50 հատ հարցազրույց տալ, ամբողջ օրը տարբեր սրճարաններում տարբեր մարդկանց է հանդիպում, ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն բանի վրա, որ ինքն իր հարցազրույցներում կարմիր գծով տանում է այն միտքը, որ Արցախի հարցը դուք չեք որոշում՝ բացել, թե փակել: Ինչ-որ պահի ինչ-որ գերտերության շահերից բխելու է բացել Արցախի հարցը, հետևաբար՝ կարելի՞ է լինել սուբյեկտ, ոչ թե օբյեկտ: 
  • Էդ համահայկական կուսակցությունները քանի՞ կոպեկ արժեն, եթե այն երկրներում, որտեղ ապրում են, չեն կարողանում Արցախի հարցով աղմուկն ապահովել: Չունե՞ն մարդ, որ օրումեջ, պլակատը ձեռքը, գնա Սպիտակ տան դիմաց կանգնի: Ռեսուրսատար բան էլ չեմ ասում: Չեմ ասում, որ այսքան տարի ԱՄՆ-ում մի մրցունակ լրատվամիջոց չեք կարողացել ստեղծել, որը կարծիք կձևավորի: Առաջատար լրատվամիջոցներում սկի մի հոդված չեն կարող տպագրել տալ: Թողեն՝ ուրիշ ժամանակ համահայկական օրակարգերից կխոսեն, կասեն՝ մենք համաշխարհային ազգ ենք, համահայկական կուսակցություններ ունենք: Արցախի հետ տեղի ունեցածը պարզ դարձրեց, որ էդ բոլորը միֆեր են:

Պարզվեց՝ Հայրենիքի համար մեռնելն էլ էր միֆ… Պարզվեց՝ կարող է Հայաստանում լինել իշխանություն, որն Արցախը կարող է հանձնել, ճկվել թուրքերի առաջ ու մինչև այսօր սոսնձված մնալ իր աթոռին: Հիշում եք, չէ՞, հող հանձնողին հողին էին հանձնում իբր 800 հեկտարի համար, որը, հետագայում պարզվեց՝ կեղծ թիվ է… Այսօր հանրությունը հանրային հարբեցողության մեջ է. դրա ավարտը կամ մահն է, կամ արթնացումը: Երբ ուզել ես ոտքի կանգնել, հասնել մի բանի, արել ես, երբ ուզել ես քեզ դնել մեծ բանի տեղ, ձախողել ես: Եթե մարդը հիվանդ է, պետք է համակերպվի այդ իրողության հետ ու բուժվի: Դիագնոզը պետք է դնել:

  • Համաշխարհային պատմության մեջ չկա օրինակ, երբ երկիրն անցել է պրոֆեսիոնալ բանակի ու չի կործանվել:
  • Պարտվել եք ու վատ եք պարտվել, հայ ժողովուրդ, ձեզ ստորացրել են: Ու քանի դեռ հայ ազգը դա չի ընդունի ու իրեն կդադարի ջայլամի տեղ դնել, անընդհատ էսպես շարունակվելու է: Բայց դա ունի լիմիտ: Ինչ-որ տեղ դա ընդհատվելու է: Դու չես կարող հավերժ չհասկանալ, որ քեզ հաղթել են, ստորացրել: Բա լավ, ի՞նչ ենք անում. պետք է հավաքվել, անցնել առաջ ու հաղթել: 
  • Մեր ֆինանսատնտեսական էլիտան, որ օգտվել ու օգտվում է այս երկրի բարիքներից, ունի պիրատի հոգեբանություն: Ինքն ունի իրավունքներ ու ոչ մի պարտականություն, իրենց երեխեքը չպետք է ծառայեն: Պետք է՝ փողը տանք, թող ուրիշների երեխեքը ծառայեն: Չկա աշխարհում մի երկիր, որն անցել է պրոֆեսիոնալ բանակի ու վերջում չի փտել: Հռոմը տենց է պայթել: Չկա աշխարհում նման օրինակ: 
  • Մենք դանակի եզրով ենք գնում, այստեղ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, աշխարհաքաղաքական շահերը կարող են փոխվել, ու 48 ժամ անց Նիկոլ Փաշինյան չի լինելու, որովհետև վարչապետի աթոռին նա սոսնձված է զուտ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում:

  • Ընդդիմության ֆավորիտ ուժը Սամվել Կարապետյանի ուժն է, ով քաղաքական հետապնդումների է ենթարկվել ընդամենը մեկ նախադասության համար, նա ազատազրկված էր ու հիմա էլ տնային կալանքի մեջ է, որովհետև ասել է՝ եկեղեցուն կպաշտպանենք մեր ձևով: Եթե Սամվել Կարապետյանը լիներ մաֆիոզական կլանի անդամ, տեռորիստական կազմակերպության հետ առնչվող, ապա կարելի էր մտածել՝ նրա «մեր ձևով» ձևակերպումը կարող է վտանգավոր լինել, բայց մարդուն անհիմն ազատազրկել են, ու նա այսօր գնում է ընտրությունների այս հակադեմոկրատական միջավայրում… 
  • Քաղաքական ուժերը, որոնք ուզում են գնալ ընտրությունների, պետք է պատրաստ լինեն 2021թ. սցենարին, որի հետևանքը եղավ Արցախի հայաթափումը: Թող իրենք որոշեն: Իմ մոտեցումը եղել է՝ փողոցի ճնշման արդյունքում, իմպիչմենտի ճանապարհով, սահմանադրական ճանապարհով հասնել իշխանափոխության:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս