Թրամփը հավաստիացնում է՝ «ջախջախում են» Իրանը, Իրանը նախապայմաններ է առաջ քաշում․ ո՞ւմ է ձեռնտու պատերազմի ներկայիս ընթացքը

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ռազմատենչ հայտարարություններ են անում՝ ամեն հայտարարությունում հերթական անգամ փորձելով ապացուցել, որ վերացրել են Իրանի ռազմական ներուժը, հաստատվում են օրերս լիբանանյան մամուլում տեղ գտած տեղեկությունները, որ Իրանը բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ է առաջ քաշում։

Իրանի իշխանությունների ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում։

«Պատերազմի ավարտը մեր ձեռքերում է։ Մենք պատերազմի դադարեցման հարցը կդիտարկենք միայն այն ժամանակ, երբ, նախ՝ Միացյալ Նահանգներից ստանանք մեր բոլոր կորուստների ամբողջական փոխհատուցումը, և երկրորդ՝ ստանանք ապագայի 100% երաշխիք, ինչն անհնար է առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի դուրսբերման»,- ասել է նա։

Օրերս լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ  Իրանը մերժում է միջնորդավորված հրադադարի նախաձեռնությունները և իր սեփական պայմաններն է սահմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու համար։ «Իրանը մերժում է միջնորդավորված հրադադարի բոլոր նախաձեռնությունները, քանի որ ունի պայմաններ և ցանկանում է իրական երաշխիքներ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Ըստ հեռուստաալիքի՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մերժում է միջնորդների ներկայիս առաջարկները՝ դրանք համարելով անբավարար, և պնդում է ավելի հստակ պարտավորությունների վրա։ Մասնավորապես, Թեհրանն ԱՄՆ-ից պահանջում է ապագայում չհարձակվելու երաշխիքներ, փոխհատուցման վճարումներ և համաձայնություն, որ Իրանը կկարողանա իրականացնել միջուկային վառելիքի լիարժեք ցիկլ իր միջուկային էլեկտրակայաններում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները, հավանաբար, չեն քննարկվի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք։ Նույն օրը փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ մի քանի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան, դիմել են Իրանին հրադադարի հարցով։ Նա ընդգծել է, որ Թեհրանի հրադադարի առաջին պայմանն ագրեսիայի չկրկնվելու երաշխիքներն են։

Մարտի 9-ին էլ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրների տարածքները չօգտագործվեն հանրապետության վրա հարձակվելու համար։ Ի դեպ, նախօրեին Ալ-Քուդս տոնի կապակցությամբ Իրանի ռմբակոծվող քաղաքներում բազմամիլիոնանոց երթեր էին, այդ թվում՝ բարձրաստիճան ղեկավարության՝ Ալի Լարիջանիի, Մասուդ Փեզեշքիանի, Սեյեդ Աբբաս Արաղչիի և այլոց մասնակցությամբ։

Իրանից հնչում են բանակցությունների համար նախապայմանների մասին, իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ամերիկյան ուժերը Մերձավոր Արևելքի պատմության մեջ «հզորագույն ռմբակոծություններից մեկով ամբողջությամբ ոչնչացրել են» ռազմական օբյեկտներն Իրանի ռազմավարական Խարգ կղզու վրա, և ԱՄՆ նավատորմը շուտով կուղեկցի նավերը Հորմուզի նեղուցով: «Րոպեներ առաջ իմ ցուցումով Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարությունն իրականացրեց Մերձավոր Արևելքի պատմության մեջ հզորագույն ռմբակոծություններից մեկը և ամբողջությամբ ոչնչացրեց ամեն մի ՌԱԶՄԱԿԱՆ թիրախ Իրանի թագի գոհարի՝ Խարգ կղզու վրա»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցցանցում:

«Մեր զենքերն ամենահզորն են և ամենակատարյալը, որ աշխարհին երբևէ հայտնի են եղել, սակայն, պարկեշտության նկատառումներով, ես որոշեցի Չվերացնել Նավթային Ենթակառուցվածքները կղզու վրա»,- հավելել է ԱՄՆ նախագահը՝ այնուհանդերձ զգուշացնելով, որ եթե Իրանը «կամ որևէ այլ մեկը» որևէ քայլ անի՝ խոչընդոտելու նավագնացությունը Հորմուզի նեղուցով, ինքը կվերանայի իր որոշումը: Նշենք, որ Իրանի ափից մոտ 25 կմ և Հորմուզի նեղուցից շուրջ 480 կմ հեռու գտնվող Խարգ կղզում է երկրի նավթի 90 տոկոսի արտահանման տերմինալը:

Եվ մինչ Թրամփն ու Հեգսեթը հայտարարում են Իրանի ջախջախման մասին, The Wall Street Journal-ը, հղում անելով  ամերիկացի երեք պաշտոնյաների, գրում է, որ Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի։

«Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի համար պատասխանատու ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խնդրանքը՝ ստեղծել դեսանտային խումբ և կից ծովային հետևակայինների արշավախմբային ստորաբաժանում, որը սովորաբար բաղկացած է մի քանի ռազմանավերից և 5000 ծովային հետևակայիններից, հայտնել են պաշտոնյաները։ Ճապոնիայում տեղակայված USS Tripoli նավը և դրան կից ծովային հետևակայինները ներկայում ուղևորվում են դեպի Մերձավոր Արևելք, հայտնել են երկու պաշտոնյաները։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ գործողությանը, հավելել են պաշտոնյաները»,- գրում է լրատվամիջոցը։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ԱՄՆ ղեկավարության՝ հատկապես Թրամփի և Հեգսեթի հայտարարությունները, թե Իրանը «ջախջախված է», առավելապես տեղեկատվական-քարոզչական պատերազմի բաղադրիչ են, քան իրավիճակի ամբողջական նկարագրություն։

Ըստ նրա՝ դա բնորոշ է ԱՄՆ ներկայիս նախագահ Թրամփին, նրա աշխատակազմին, ինչպես նաև պատերազմների ընթացքում նման հռետորաբանությունը հաճախ օգտագործվում է ներքին լսարանին վստահություն հաղորդելու և հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։ Սակայն, նրա խոսքով,  փաստը, որ ԱՄՆ-ը շարունակում է ուժերի ներգրավումը, ցույց է տալիս, որ ռազմական և քաղաքական առումով դիմակայությունն ավարտված չէ, իրավիճակն անկայուն ու անկանխատեսելի է։

Իրանի կողմից հռետորաբանության կոշտացումը նույնպես, Եվսեևի կարծիքով, պարտության կամ հաղթանակի  անմիջական նշան չէ։

Նրա համոզմամբ, իրանական ռազմաքաղաքական մշակույթում  մարտական լեզուն հաճախ օգտագործվում է ներքին համախմբումը պահպանելու և արտաքին ճնշման պայմաններում դիմադրության քաղաքականությունը ցույց տալու համար։

Նա գտնում  է, որ Թեհրանը միշտ է փորձում  ցույց տալ, որ նույնիսկ ռազմական ճնշման պայմաններում պատրաստ է երկարատև դիմակայության։ Նրա կարծիքով, այս մոտեցումը ձևավորվել է՝ ինչպես տարածաշրջանային հակամարտությունների փորձից, այնպես էլ՝ ձևավորված անվտանգության դոկտրինից, որը շեշտում է դիմադրության և ժամանակի գործոնի վրա խաղալու ռազմավարությունը։

«Ավելի հավանական է, որ երկու կողմերն էլ փորձում են ձևավորել իրենց համար շահավետ տեղեկատվական և հոգեբանական միջավայր՝ շարունակվող ռազմական ու քաղաքական պայքարի ֆոնին։ Եթե դիմակայությունը երկարաձգվի, իսկ այն երկարաձգվում է, որը, կարծիք կա, որ ձեռնտու չէ ԱՄՆ-ին և բխում է  Իրանի շահերից, վճռորոշը կլինի ոչ միայն ռազմական բախումների արդյունքը, այլ նաև այն, թե ով կարող է ավելի արդյունավետ պահպանել դաշինքները, տնտեսական դիմադրողականությունը և տարածաշրջանային ազդեցությունը։

Իրանը տարածաշրջանում իրեն, բնականաբար, ավելի վստահ է զգում, նավթի գնաճը ևս օգտագործում  է որպես ԱՄՆ նախագահի դեմ խաղաքարտ, ինչպես նաև դիմակայունությունը։ Թե որքանով այս հաշվարկները ճիշտ կլինեն, ժամանակն ավելի լավ ցույց կտա, սակայն ԱՄՆ-ի նախնական պլանն ու հաշվարկները, կարծում եմ, իրավիճակի այսչափ երկարաձգումը չէր»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս