Այս իշխանությունների պահվածքը նորություն չէ․ նրանք սեփական շահերը շարունակաբար գերադասել են երկրի շահերից․ Հրանտ Միքայելյան

Տարածաշրջանը եռում է․ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի մասին արդեն պաշտոնական հայտարարություններ են, իսկ Հայաստանում իշխանությունները նախընտրական աժիոտաժի մեջ են։ Նիկոլ Փաշինյանը, Իրանից վերջերս վերադարձած Սուրեն Պապիկյանը և այլ ՔՊ-ականներ ավտոբուսով գնում են քարոզարշավի․ որքանո՞վ է սա համարժեք մեր շուրջը ստեղծված իրավիճակին, և Հայաստանն, առհասարակ, ինչպե՞ս պիտի դիրքավորվի այս փուլում՝ 168am-ը հետաքրքրվել է քաղտնտեսագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանից։

Հրանտ Միքայելյանն, ի պատասխան, նշեց՝ Հայաստանը կարող է կողմերին բանակցությունների մասին խոսք ուղղել, բայց դրանից ոչ ավելին, քանի որ այս գործընթացում լծակներ չունի, բայցև շեշտեց․

«Հայաստանն այս համատեքստում խոցելի վիճակում է անվտանգային ճգնաժամ է ստեղծում։ Բայց իշխանությունների պահվածքը նորություն չէ նրանք սեփական շահերը գերադասել են երկրի շահերից, ինչը շարունակվում է։ Այսինքն` իրենք գնահատում են իրավիճակն այսպես՝ կարևորն այն է, որ մենք հաղթենք, ու թե երկրի հետ ինչ կլինի՝ մեծ հաշվով էական չէ։ Սա առաջին անգամ դրսևորվել է 2018 թվականի մայիսին, երբ Հայաստանը բավականին հաջող հակադարձում էր Ադրբեջանին՝ Նախիջևանի ուղղությամբ, բայց հենց Փաշինյանը եկավ, մենք սկսեցինք տարածքներ կորցնել։ Նա ընդհանրապես ոչ մի բան չի արել, ճիշտ կոմունիկացիա չի վարել Պաշտպանության նախարարության հետ, իսկ Սասուն Միքայելյանն այդ ժամանակ ասում էր, որ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ չկա»,- ասաց նա։

Խոսելով նախընտրական քարոզարշավի ու ՔՊ վերարտադրության հնարավորության մասին՝ վերլուծաբանը, թեև արձանագրեց, որ այս փուլում տարբեր գործոններով պայմանավորված՝ ՔՊ-ն շանսեր ունի, սակայն նաև հավելեց՝ ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն, և ընդդիմությունն ունի հնարավորություն։

Կարդացեք նաև

«ՔՊ-ն ստացել է հսկայական աջակցություն դրսից,  արդեն միացրել են ֆեյքեր, բոտեր և այլն։ Շատ ինտենսիվ աշխատում են, և այստեղ խոսքը արդեն ոչ թե ազնիվ մրցակցության մասին է, այլ քաղաքական տեխնոլոգիաների, այդ թվում՝ որոշ դեպքերում նաև անթույլատրելի տեխնոլոգիաների։ Ընդդիմությունը մի քիչ ավելի ուշ է միանում քարոզարշավին գուցե մոտակա 2 ամսվա ընթացքում իրավիճակն էականորեն փոխվի, որովհետև ընդդիմության ուժերը քիչ-քիչ սկսում են համախմբվել, գործել:

Այս պահի դրությամբ ՔՊ-ն ունի առավելություն, բայց դա չի նշանակում, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է, կան, այսպես ասած, տարբեր սցենարներ,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը, ապա նաև հստակեցրեց մի քանի գործոններ, որոնք կմեծացնեն ընդդիմության շանսերը,- Առաջին պայմանն ընդդիմության համախմբումն է՝ հանուն ընդհանուր շահի, երկրորդը՝ արդի մարտահրավերներին համարժեք արձագանքելը, հատկապես՝ TRIPP-ին և Եվրամիության` Հայաստանի ներքին գործերի միջամտելու գործընթացին, երրորդը՝ առավել ժամանակակից տեխնոլոգիաներ որդեգրելու հանգամանքն է, որպեսզի կարողանա դիմակայել ՔՊ-ի բոլոր հնարքներին, քաղաքացուն փոխանցել իրականությունը՝ սկսած թոշակների բարձրացման դրվագից, որն իրականում մի քանի ամսվա կյանք է ունենալու»։

Տեսանյութեր

Լրահոս