ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՁԵԶ ԽԱԲԵԼ ԵՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԻՐԵՆՑ ԱՄԲՈՂՋ ԿՈՒՏՈԿՈՎ ԶԶՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն իրավապաշտպաններ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը և «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն են:

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» նախաձեռնությանը: Նրա հետ Վաշինգտոն էր, փաստորեն, մեկնել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում արեց. «Ուրախ եմ, որ Աննան հազարավոր կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած բուդդայական վանականներին հարգանքի տուրք մատուցելու։ Նրանք 2025թ․ հոկտեմբերից 2026 թվականի հունվար ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Վորթից 112 օր քայլերթ իրականացրեցին դեպի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոն, 3701 կիլոմետր քայլելով հանուն խաղաղության»:
Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին զրպարտող, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին գռեհիկ գրառումներ անող Աննա Հակոբյանը, փաստորեն, գնացել էր տեսակցելու բուդդայական վանականների «Walk for Peace» (Քայլք հանուն խաղաղության) նախաձեռնությանը:
Ի՞նչ է դա: Թաիլանդական բուդդայական վանականների նախաձեռնություն է, որոնք որոշել են քայլելով կտրել-անցնել հսկայական տարածություն՝ տարածելու խաղաղության և գիտակից ապրելու գաղափարը: Արևմուտքում նման նախաձեռնություններ միշտ և հաճախ են լինում: Այս վանականները Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքից մինչև Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք, ոտքով են անցնում՝ 120 օր՝ անցնելով մոտ 3,700 կիլոմետր (2,300 մղոն): Վանականների հետ քայլում է նաև նրանց հավատարիմ շունը՝ Ալոկան: Նպատակը՝ բարձրացնել իրազեկվածությունը ներքին խաղաղության մասին: Նրանք հավատացած են, որ համաշխարհային խաղաղությունը սկսվում է հենց անհատի ներքին հանգստությունից: Այսպիսի քայլարշավները սովորաբար ուղեկցվում են տեղի բնակիչների հետ հանդիպումներով, համատեղ մեդիտացիաներով և բաց քննարկումներով, թե ինչպես կարելի է բռնությունից զերծ հասարակություն կառուցել: Նրանք կրում են իրենց ավանդական նարնջագույն հանդերձանքը և իրենց հետ տանում են դրոշներ կամ պաստառներ՝ «Peace is Possible» (Խաղաղությունը հնարավոր է) կարգախոսով:
Եվ ահա, Աննա Հակոբյանը, ինչպես տեսնում ենք «Walk for Peace» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից, Հայաստանից իր հետ նկարահանող խումբ էր տարել, որպեսզի վիդեոնյութեր ու ֆոտոներ անեն: Զավեշտալի էր հատկապես տեսնել, թե հարկատուների հաշվին այդ խումբն ինչու էր հասել այնտեղ. որպեսզի Աննա Հակոբյանը բուդդայական վանականներին պատմի 2018-ի գունավոր հեղափոխության և Չալո շան մասին, լուսանկարվի այդ վանականների և Ալոկա շան հետ, որը համառորեն չէր ուզում լուսանկարվել նրա հետ:

Ժաննա Ալեքսանյանի և Նինա Կարապետյանցի հետ զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Ժաննա Ալեքսանյան.- Իրենք՝ Փաշինյանը և Աննա Հակոբյանը, ինչ-որ բաներ են անում, որը կտրված է մարդ լինելու հիմքից: Հակառակ դեպքում բուդդիստ վանականների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը շատ արհեստական է, ցուցադրական, ինչպես, երբ նա գովազդում է ընթերցանությունը: Մենք չենք տեսել մի տեքստ, որը գրեն Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը, որը սեփական ժողովրդի նկատմամբ ատելություն չի պարունակում: Դու ո՞նց կարող ես գնալ բուդդայական վանականների մոտ, երբ նման կեղտոտ բառապաշարով եք խոսում մեր եկեղեցու հոգևոր հայրերի մասին…

2018-ին քայլելով մեզ կարողացան խաբել: Ժողովուրդն ուզում էր փոփոխություն ու գնաց, միացավ Նիկոլ Փաշինյանին, բայց երբ հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սիրում եմ ձեզ», դա նողկանք է առաջացնում: Նրանք հիմա թքած ունեն բոլորի վրա…
Աննա Հակոբյանը, որն այդ ինտելեկտուալի դերը ստանձնել է, չի մտածում, այնքա՜ն հեռու է դրանից: Իր կարծիքով՝ որ ինքը գնում-կանգնում է բուդդայական վանականների կողքին, խաղաղասեր է դառնում:
Նինա Կարապետյանց.- Ես կատեգորիկ դեմ եմ, երբ թիրախավորում են ընտանիքի անդամներին, բայց երբ ընտանիքի անդամը կուսակցական ու քարոզչական, քաղաքական պրոցեսների մաս կազմելու որոշում է կայացնում, քաղաքական որոշումների վրա ազդեցություն է ունենում, պետք է հանգիստ նստի ու լսի՝ ինչ են ասում իրեն: Աննա Հակոբյանը թիրախավորվում է ոչ թե՝ որպես Նիկոլ Փաշինյանի կին, այլ՝ որպես պրոցեսի մեջ գտնվող մարդ:
Այդ մարդիկ հայության հետ կապ չունեն, ներսում նողկանքով են նայում մեր ժողովրդին, իսկ դրսում կեղծ ժպիտներով բարեպաշտ են ներկայանում: Հիմա նաև իրենց ավագ դստերն են ներգրավել ու ընտանյոք հանդերձ կարողանում են նարատիվներ ստեղծել: Միամիտ ու մոլորված մասսայի վրա նրանց արտերկրյա այդ այցերը միգուցե ազդեցություն են թողնում:

Ժաննա Ալեքսանյան.- Հայերը պետք է առերեսվեն այն իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն ատում է հայ ժողովրդին:
Ասենք՝ գնաց, բուդդայական այդ վանականների հետ քայլող շունիկի հետ նկարվեց, դա իր վրա ի՞նչ հետք է թողնում, վանականների խաղաղասիրությունից իր վրա մի կաթիլ ընկնո՞ւմ է: Իհարկե ո՛չ:
Նինա Կարապետյանց.- Երբևէ հայերն այսքան մոբիլիզացված չէին եղել, որքան 2018թ. հեղափոխության ժամանակ: Ներսում կար օբյեկտիվ դժգոհություն ու փոփոխության կարիք: Ես ժողովրդին միշտ ասում եմ՝ մի՛ ամաչեք, որ 2018-ին խաբվել եք: Ձեզ խաբել են: Մենք էլ ենք եղել փողոցում, բայց ինչ-որ պահից հասկացանք, որ այս հեղափոխությունը մեր անցյալի, ինքնության, Արցախի, կրոնի դեմ պրոցես էր: Մեր ժողովուրդն արել է հեղափոխություն, բայց այն, ինչ սրանք արեցին, շանտղություն էր: Այս աղետը պետք է կանգնեցվի: Պետք լինի՝ 1000 անգամ էլ պետք է փողոց դուրս գանք, ամեն ինչ փորձենք՝ սկսած իմպիչմենտից… Նիկոլ Փաշինյանն այնքան է արևմտամետ, որքան ես ռուսական բալետի պարուհի եմ: Նրա ինչ-որ մետությունը գալիս է այնտեղից, որտեղից կարող է ստանալ իր վերարտադրման աջակցությունը:
Իհարկե, Ալիևը կուզի ունենալ փափուկ խաղալիքի պես Հայաստանի ղեկավար: Ես Ռուսաստանի աջակից չեմ, բայց ամեն ինչ ադեկվատության սահման պետք է ունենա: Երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն է անուղղակիորեն աջակցում Փաշինյանին, որոշ շրջանակներ նորմալ են համարում, բայց երբ Ռուսաստանից ինչ-որ բան են ասում, ասում են՝ դա հիբրիդային պատերազմ է:
Ոչ ոք չի ասում, որ մեր եկեղեցում կամ այլ եկեղեցիներում, կրոնական տարբեր կազմակերպություններում բոլորը սրբեր են, բայց ինչո՞ւ են միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևից ընկել:
Սրանք եկան, քանդեցին ամեն բան, տեղը ոչ մի լավ բան չդրեցին: Սահմանադրության էս ծավալի ու խորության, ափաշքարա խախտումներ երբեք չեն եղել: Սրանք պետք է հեռանան, այլ տարբերակ չկա: Այս ընտանիքի ասպատակությունից հետո պետք է վերականգնվել:
Ժաննա Ալեքսանյան.- Իրենք ուզում են օրինականացնել անօրինականությունը: Եթե հետպատերազմյան մեր դատողություններն ու կասկածները համեմատենք Ալիևի ասածների հետ, շատ բաներ կհասկանանք: Գործողությունների սինխոնիզացիան այդ տեքստից երևում է:
Զուտ, նույնիսկ, եթե ներկայանում ես՝ որպես առաջին տիկին (Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի կինն առաջին տիկինը չէ՛), պիտի այլ վարքուբարք, հագուկապ ու կեցվածք ունենաս: Աննա Հակոբյանի պարագայում 8 տարի ոչինչ չի փոխվել: Աննա Հակոբյանի պահվածքը կնոջ, առավել ևս՝ առաջին տիկնոջ պահվածք չէ:

Նինա Կարապետյանց.- Ցանկացած իշխանություն սխալական է, բայց այն քաղաքականությունը, որը սրանք հետևողականորեն վարում են, վկայում է այն մասին, որ սրանք հայության հետ կապ չունեն, որ իրենց ամբողջ կուտոկով զզվում են հայությունից:
Ժաննա Ալեքսանյան.– Արցախի բլոկադայի օրերին մարդ ու կին բացառիկ անմարդկային կերպով տեսանյութ էին ցույց տալիս, որ բանջարեղեն են աճեցնում, ու խորհուրդ էին տալիս շրջափակման մեջ գտնվող սովից տառապող մարդկանց բադրիջան ու լոլիկ աճեցնել:
Չե՞ք հիշում, երբ Ռուբեն Վարդանյանի խոշտանգված նկարները Բաքվի բանտից հասանելի դարձան, սրանք իրենց աջակիցներով ինչ ատելություն էին գեներացնում:
Նինա Կարապետյանց.- Մի՛ վախեցեք այս փոքր, բայց ագրեսիվ խմբակի ֆեյքային հարձակումներից: Խոսե՛ք, մարդկանց բացատրե՛ք իրականությունը:
Ժաննա Անդրեասյան.- Ալեն Սիմոնյանի՝ ռուսական ալիքներից մեկով մանկապիղծ հոգևորականների վերաբերյալ հերյուրանքը մեծ արձագանք գտավ:
Նինա Կարապետյանց.- Ալեն Սիմոնյանի նկատմամբ քրեական վարույթ պետք է հարուցվի՝ մեր հոգևորականներին մանկապղծության մեջ հանիրավի մեղադրելու համար:
Ամենասարսափելի մեղադրանքներն են ներկայացնում մեր հոգևորականներին՝ մանկապղծություն, «բառիգի» հոդված, ահաբեկչություն: Օրը 5-6 հարցազրույց էին տալիս, որ Բագրատ սրբազանի և մյուսների շինծու գործով ահաբեկչությունն ապացուցեն:
Ժաննա Ալեքսանյան.– Արարատ Միրզոյանի վերջին ելույթը նայե՛ք Եվրախորհրդում: Խայտառակություն էր, երբ ասում էր՝ իբրև թե 5-6 հոգևորականներ ուզում էին իրենց սպանել…
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները երբեք Արարատ Միրզոյանի խոսքով զեկույց չեն ներկայացնում: Թե Եվրոպայի խորհրդի միակողմանի ու խայտառակ զեկույցը ինչպես էր կազմվել, չգիտեմ, բայց դրա համար միայն ամաչել կարելի էր:
Նինա Կարապետյանց– Բոլորին՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին, ԱՄՆ փոխնախագահ Վենսին, ովրոպացի պաշտոնյա Կայա Կալլասին, ալիևներին և մյուսներին պետք է փափուկ խաղալիքի պես իշխանություն ունենալ այստեղ, որ ինչ ուզեն, անեն: Իսկ մեզ դա պե՞տք է: Մենք պետք է մտածենք՝ մեզ ի՞նչ է պետք:
Ես միջազգային իրավապաշտպաններին ասել եմ՝ կամ ձեր կոնվենցիաները փոխեք, գրեք՝ սրանք վերաբերում են բոլորին, բացի արցախցիներից, կամ երեսպաշտություն մի՛ արեք:

Ժաննա Ալեքսանյան.- Արցախում իրոք ցեղասպանություն է եղել: Մենք էթնիկ զտման օրերին հենց Գորիսում 300 տեղահանված ընտանիքների հետ ենք խոսել, և այն, ինչ իրենք էին պատմում, իրոք ցեղասպանություն էր: Արցախցիներն իրոք խիզախ են: Ես հիացած եմ նրանցով: Ու հլը այստեղ էլ իշխանությունների կողմից հակաքարոզչություն ու ատելության խոսք էր գեներացվում արցախցիների նկատմամբ:
Նինա Կարապետյանց.– Մենք մեր իրական իրավունքների հետևից պետք է գնանք, այլապես մեզ չեն հարգի, ու մենք կդառնանք որբի գլուխ:
Ժաննա Ալեքսանյան.– Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը շատ ուժեղ էր: Ես նրա տողատակերում տեսա Վեհափառի պնդությունը, մեր Եկեղեցու ամրությունը: Ժողովուրդը պետք է պաշտպանի եկեղեցուն: Համայնքներում, ամենուր ժողովուրդը պետք է լինի եկեղեցու կողքին: Ամենաբարձր վարկանիշն այսօր Եկեղեցին ունի՝ 70-80 տոկոս բարձր վարկանիշ:
Նինա Կարապետյանց.– Եկեղեցին իր ակնկալիքը մեզ պետք է հուշի, որ մենք հասկանանք՝ մենք ի՞նչ պետք է անենք: Եկեղեցին իրեն շատ բարձր պահեց այս ողջ ընթացքում: Մեր եկեղեցին աստվածային հիմք ունի, ու հենց այդպես էլ պետք է լիներ: Հիմա շատ-շատերը, ովքեր նույնիսկ ալարում էին կիրակի օրերը գնալ եկեղեցի, հիմա գնում են, մենք այս ընթացքում ահագին լավ հոգևորականների ճանաչեցինք, ում ես ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել, որ չուրացան իրենց մեռոնը:
ԱԱԾ-ի ասպատակությունը տեսած քահանաները կարողացան Վեհափառի թիկունքը պահել: Մեր եկեղեցին զտվեց: Այն մարդիկ, ովքեր վարկաբեկում էին եկեղեցին, ինքնակամ գնացին, կանգնեցին Նիկոլ Փաշինյանի կողքին:
Ժաննա Ալեքսանյան.- Եկեղեցին հիմա ավելի ուժեղ է, ու Նիկոլ Փաշինյանը հիմա պատերն է ճանկռում:
Նինա Կարապետյանց.- Հայաստան են հրավիրում ադրբեջանցիների, ասում են՝ Ադրբեջանում էլ հայեր կան, ի՞նչ է եղել, որ… Ադրբեջանում, այո՛, հայեր կան, ու նրանք նստած են Բաքվի բանտում: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի բոլոր ֆանտազիաներն իրականություն է դարձնելու:
Եթե ես հիշելու եմ, որ մորական պապս Շուշիից էր, Արևմտյան Հայաստանում Ցեղասպանություն է եղել, ուրեմն ես ռևանշի՞ստ եմ: Ցանկացած՝ իր մեջ հայկականություն կրող ու հիշողություն ունեցող մարդ կարող է ակամայից դառնալ ռևանշիստ:
Այնքան հետևողական, որքան հիմա մեր լրագրողներն ու օպերատորներն են աշխատում այս ծանր ժամանակահատվածում, ծանր տեխնիկան՝ կամերաները գրկած՝ վազվզում, աշխատում, պատուհանից հանում են, դռնից են մտնում, հարցեր են տալիս, ինֆորմացիան հասցնում են մարդկանց, ոչ ոք չի անում: Իսկ քաղհասարակություն կոչվածն ի՞նչ է անում:
Ամեն ինչ իր տեղը կընկնի, մեր սերունդն ամոթով չի գնալու էս աշխարհից:
Ժաննա Ալեքսանյան.– Հիբրիդային պատերազմի դեմ են հիմա էլ իբր պայքարում… Ինձ արդեն ասել են, որ ես հիբրիդային պատերազմի մասնակից եմ… (Ծիծաղում է,- հեղ.) Իսկապես եմ ասում: Երբ ես մի բանավեճի ժամանակ ասացի՝ հիբրիդային պատերազմի մասին խոսույթը գեներացվում է արհեստականորեն, Դանիել Իոաննիսյանն ինձ ասաց՝ ուրեմն դուք իրենց, այդ հիբրիդային պատերազմի հեղինակների հետ եք: Դրանից 2 օր հետո, Մոսկվա մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանն ասաց՝ ի՞նչ հիբրիդային պատերազմ, մի՛ օգտագործեք այդ բառակապակցությունը, ասեք՝ հարձակում: Ալեն Սիմոնյանը, որը մինչ այդ Ռուսաստանին մեղադրում էր հիբրիդային պատերազմ վարելու մեջ, լրագրողին հորդորում էր «հիբրիդային պատերազմ» ձևակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ…

Երբ մեր երկրում իրավապաշտպանությունը հետևողականորեն սպանում են, լիքը անմեղ մարդիկ բանտերում են, ու ոչ ոք բան չի ասում, իսկ հիբրիդային պատերազմի անունը լսում են, արյունը խփում է գլխներին, չգիտեմ՝ ինչ ասեմ:
Նույնիսկ մարտի 1-ից հետո մարդու իրավունքների վիճակն այսպիսին չի եղել Հայաստանում: Երբե՛ք չի եղել: Այն, ինչ այսօր է կատարվում, խայտառակություն է:
Վազգեն Ռշտունին իրոք արդարության գնացող դատավոր է: Երբ նա փոխեց ահաբեկչության գործով սարկավագի խափանման միջոցը, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, այլ ՔՊ-ականներ ինչ ասես՝ ասացին այդ մարդու հասցեին: Ու էն ժամանակ ԲԴԽ-ն ոչ մի հայտարարություն չարեց: Հիմա հայտարարություն է անում: Բա քո դատավորներին պաշտպանեիր, երբ հարձակվում էին Ռշտունու վրա, հիմա ի՞նչ հայտարարություն ես տարածում: Ամեն ինչ անում են, որպեսզի որևէ քննադատություն չհնչի…
Նինա Կարապետյանց.- Մեր երկրում հիբիիդային պատերազմ կա, բայց արվում է մեր իշխանության կողմից ու սեփական ժողովրդի դեմ:
Նիկոլ Փաշինյանն այնքան նեղն է, ու այնքան պետք է բոլորին, որ դրսից բոլորը խառնվել են իրար, որ ընտրություններում անցկացնեն: Նիկոլ Փաշինյանն իրենց պետք է, որ օգտագործեն այնպես, ինչպես իրենց պետք կլինի: Բոլոր ադեկվատ մարդիկ են շահագրգռված հարատև խաղաղությամբ, բայց դա Նիկոլ Փաշինյանի մասին չէ:
Ժաննա Ալեքսանյան.– Պետք է գնալ ընտրությունների, և թեպետ չեմ պատկերացնում, թե ինչպես ենք գնալու այդ ընտրություններին, եթե հասնենք ընտրությունների, պետք է անպայման մասնակցել դրանց: Պետք է վեր կենալ ու գնալ ընտրատեղամասեր, տեր լինել ձայնին: Պետք է քնած տեղից արթնանալ: Նիկոլի խաղաղությունը միայն իրեն է պետք, որ մնա իշխանության:
Նինա Կարապետյանց.- Չհանձնվել, չկոտրվել, չհուսահատվել: Ժողովուրդ, Հ1-ը անջատե՛ք, ավագ սերո՛ւնդ, ճիշտ ընտրություն արեք: Մենք այլ հայրենիք չունենք: Դուք պիտի գնաք ընտրությունների, թույլ չտաք, որ նիկոլփաշինյանները վերարտադրվեն, ձեր սերունդներին հնարավորություն տվեք այստեղ ապրելու: Մենք ամեն ինչ ենք տեսել, չպետք է թույլ տալ, որ մեր չարչարանքներով ստեղծված պետությունն այս ճակատագիրն ունենա:

Երիտասարդներ, սա նաև ձեր հայրենիքն է: Ինքը կհաղթի միայն մի դեպքում՝ եթե դուք չգնաք ընտրության: Պետք է գնաք, մասնակցեք, որ իր ագրեսիվ խմբակի ձայները չբավականացնեն: Ում ուզում եք, գնացեք, ընտրեք, միայն թե Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանության ղեկին չլինի: Մի անգամ մինչև վերջ է պետք ամեն ինչ անել, պետք է կանգնեցնել այս աղետը:
Մանրամասները՝ տեսանյութում:



