Վենսը գովաբանել է Թրամփին, ապա շնորհակալություն հայտնել Փաշինյանին ու Ալիևին
«Երբ հիշում եմ, թե ինչ տեղի ունեցավ Իսրայելում հոկտեմբերի 7-ին՝ բոլոր այն անմեղ մարդկանց սպանությունը, պատանդների առկայությունը և, իհարկե, դրանից բխած սարսափելի պատերազմը, ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչպե՞ս է հնարավոր երբևէ ապահով վերադարձնել այդ պատանդներին, ինչպես ստեղծել հնարավորություն, որպեսզի Գազայի բնակիչներն ունենան արժանապատիվ ապագա, և միաժամանակ ապահովել, որ Իսրայելը այլևս երբեք չհարձակվի։
Պարզվեց, որ պատասխանը մեկն էր՝ անհրաժեշտ էր Նախագահ, որը լիովին նվիրված էր այս ջանքերին և աշխատանքին, և բարեբախտաբար մենք դա ունեցանք այս Նախագահի առաջնորդության ներքո»,- Խաղաղության խորհրդի առաջին նիստի բացմանն իր ելույթում ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Վենսը նաև հավելեց․ «Խաղաղություն հաստատելը կարևոր է, բայց դրանից հետո անհրաժեշտ է ապահովել, որ խաղաղությունը կայուն ու տևական լինի։ Եվ սա ինձ բերում է երկրորդ կետին։ Կարծում եմ՝ Խաղաղության խորհրդի հիմնական նպատակը հենց դա է՝ ապահովել, որ խաղաղությունը պահպանվի և արմատավորվի։
Դա իսկապես հիանալի ձեռքբերում է, որ դուք բոլորդ իրականացրել եք։ Այսօր այստեղ հավաքված բոլոր առաջնորդներին, ովքեր ներդրում են կատարում ապագայում, ներդրում են կատարում խաղաղության մեջ, հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Մենք գնահատում ենք ձեր գործընկերությունը»։
Այս համատեքստում դիմելով Նիկոլ Փաշինյանին ու Ալիևին ասել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որոնց ես հանդիպեցի անցյալ շաբաթ։ Շնորհակալություն ձեզ՝ դա հնարավոր դարձնելու և ցույց տալու համար, թե ինչի կարելի է հասնել իրական առաջնորդության միջոցով»։




