Գարեգին 2–րդի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ. ՄԻՊ–ը որևէ հստակ պատասխան չուներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որևէ հստակ պատասխան չունի` արդյոք խախտվա՞ծ են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի իրավունքները։
ՀՀ կառավարության նիստից հետո այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց նրանից` արդյոք ՄԻՊ–ի համար ևս, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դեպքում, Գարեգին 2–րդը կաթողիկոս չէ։
«Ես այս հարցին բազմիցս եմ անդրադարձել. ես ՄԻՊ եմ, որը որևէ իրավասություն չունի որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու եկեղեցու ղեկավար, կրոնական կազմակերպության ղեկավար։ Ես պաշտպանում եմ նրանց իրավունքները և զբաղվում եմ իրավունքների պաշտպանությամբ»,– հայտարարեց Մանասյանը։
Լրագրողի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք խախտվա՞ծ են Ամենայն հայոց կաթողիկոսի իրավունքները` հաշվի առնելով գործադիր մարմնի ղեկավարի հայտարարությունները, ինչպես նաև հարուցված քրեական գործը, և նաև` արդյոք օմբուդսմենը պլանավորո՞ւմ է Գարեգին 2–րդի հետ հանդիպում, թե ոչ։
«Խնդրի վերաբերյալ ես բազմիցս խոսել եմ, հատուկ շեշտադրել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը։ Սրա մասին նոր չէ, որ արտահայտվում եմ, առավել ևս վերջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատական ակտը չկատարելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնելուն, քրեական հետապնդումներին։ Հատուկ խոսել եմ նաև այն մասին, որ թեև մենք հիմա գործ ունենք դատական ակտի հետ, և բոլորս ենք ինչ–որ առումով սահմանափակված հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիտարկումներ ներկայացնելու հանգամանքով»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:



