Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խստագույնս դատապարտում է Իսրայելի կառավարության այն որոշումը, որը նպատակ ունի «օկուպացված Արևմտյան ափում պարտադրել իր ինքնիշխանությունը և ընդլայնել բնակավայրերի գործունեությունը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Շեշտվում է, որ նման քայլը միտված է պաղեստինյան ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանելուն և միջազգային իրավունքը բացահայտորեն խախտելուն։

Պաշտոնական Անկարան պնդում է, որ Իսրայելը ինքնիշխանություն չունի վերոհիշյալ պաղեստինյան տարածքների վրա և կոչ անում միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ցուցաբերել։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից օկուպացված Արևմտյան ափում ուժգնացվող ընդլայնողական քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանում շարունակվող խաղաղության ջանքերը և վնաս հասցնում երկու պետության մոդելով խնդրի լուծման հեռանկարին»։

Նշվում է նաև, որ Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել 1967թ․ սահմանների հիման վրա, մայրաքաղաքը՝ Արևելյան Երուսաղեմում, անկախ և ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս