FT-ն գրել է, որ Ուկրաինան շուտով կհայտարարի ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին. Կիևը հերքում է տեղեկությունը
Ուկրաինայի նախագահի գրասենյակում արձագանքել են Financial Times-ի այն հոդվածին, թե իբր երկիրն արդեն փետրվարի 24-ին կհայտարարի ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին: Բանկովայում (նախագահական նստավայրում) նշել են, որ անվտանգային իրավիճակը մնում է առանցքային պայման, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով նախագահի մերձավոր շրջապատի աղբյուրին:
«Քանի դեռ չկա անվտանգություն, չեն լինի նաև հայտարարություններ (ընտրությունների մասին – խմբ.)», – պարբերականին կարճ հայտնել է զրուցակիցը՝ մեկնաբանելով Financial Times-ի նյութը:
Financial Times պարբերականը, հղում անելով ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաներին, ինչպես նաև իրավիճակին ծանոթ անձանց, գրել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իբր կարող է փետրվարին հայտարարել ընտրությունների և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին:
Ըստ պարբերականի տվյալների, ԱՄՆ-ի կողմից ճնշումներից հետո, Կիևը սկսել է նախագահական ընտրությունների և ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի պլանավորումը:
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Զելենսկին իբր մտադիր է այդ մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցի օրը:
Նյութում պնդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինայից պահանջել է երկու քվեարկություններն էլ անցկացնել մինչև մայիսի 15-ը՝ հակառակ դեպքում սպառնալով Ուկրաինային զրկել անվտանգության երաշխիքներից:
Ինչպես նշում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, ընտրությունների անհրաժեշտության մասին Թրամփի հայտարարություններից հետո Զելենսկին նշել է, որ դրանք հնարավոր կլինի անցկացնել անվտանգության ապահովումից և օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց 60-90 օր անց:
Գլխավոր մարտահրավերների թվում են ընտրողների անվտանգությունը, զինվորականների մասնակցությունը, արտերկրում գտնվող ուկրաինացիների քվեարկությունը և ներքին տեղահանված անձանց հաշվառումը:
Ուկրաինայում ընտրությունների անցկացումը ներառված է նաև խաղաղության 20 կետից բաղկացած պլանում:
Ուկրաինայում արդեն աշխատում են պատերազմի պայմաններում կամ դրա ավարտից հետո քվեարկության մեխանիզմի շուրջ: Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել է, որ հատուկ օրենքը կլինի միանգամյա օգտագործման և պետք է երաշխավորի գործընթացի անվտանգությունն ու ժողովրդավարականությունը:



