«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել ատոմակայանի կառուցման նախագիծը Հայաստանում։
Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
««Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար, հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։
Հուսալի, ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության առումով իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը», – նշել է Գալուզինը։
Փետրվարի 6-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
ՏԱՍՍ-ը նշում է, որ «Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին։ Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցը։
2023 թվականին «Ռոսատոմ սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:


