«Ժողովուրդը հիասթափված է. Գյումրիում քաղաքական և հոգևոր 2 առաջնորդների բացակայությունը շատ է զգացվում». Վարդևան Գրիգորյան
Այսօր բանտարկված են՝ ինչպես Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, այնպես էլ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Իշխանությունը Միքայել սրբազանին բանտարկել է և մեղադրում է «իշխանազավթման կոչ» հնչեցնելու մեջ, իսկ Վարդան Ղուկասյանին մեղադրում է կաշառք վերցնելու և կաշառք պահանջելու համար։
Գյումրեցի ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի խոսքով՝ ընդհանուր պատկերը շատ տխուր է, որովհետև գյումրեցիները կորցրել են իրենց 2 առաջնորդներին. Մեկին՝ որպես թեմի առաջնորդ, մյուսին՝ որպես քաղաքապետ։
«Միքայել Սրբազանը և Վարդան Ղուկասյանը Գյումրիում մեծ հեղինակություն են վայելում։ Իհարկե, Վարդան Ղուկասյանին ձերբակալելուց հետո օրենքի ուժով քաղաքապետի պարտականությունները կատարում է նրա առաջին տեղակալը։ Իհարկե, Գյումրիում կյանքը շարունակվում է, բայց 2՝ քաղաքական ու հոգևոր առաջնորդների բացակայությունը շատ է զգացվում։
Ինչ վերաբերում է Միքայել սրբազանին, ստացվում է, որ նրա ամբողջ հոտը մնացել է առանց հովվի, բոլորը հույսով սպասում են, որ սրբազանն ազատության մեջ կհայտնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդևան Գրիգորյանը։
Նախկին պատգամավորի գնահատմամբ՝ իշխանության կողմից եկեղեցու դեմ մեկնարկած արշավն ավելի է սրվել հատկապես նախընտրական շրջանում։ Սպասվում են համապետական ընտրություններ, դրա համար իշխանությունն ամեն ինչ անում է իր նպատակին հասնելու համար։
«Որքան մոտենում է համապետական ընտրության օրը, այնքան երկրում կարող է լարվել իրավիճակը։ Կարծում եմ՝ այս լարված իրավիճակի հանգուցալուծումը կարող է տալ ընտրությունները, այսինքն՝ ժողովուրդը կարողանա իր ձայնն օգտագործի և մեր երկիրը դնի խաղաղ ռելսերի վրա»,- հավելեց Վարդևան Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հայտարարություններին, թե առաջիկա ընտրություններում «50+1» տոկոսով կրկին վերցնելու են իշխանությունը, Վարդևան Գրիգորյանը նկատեց՝ որևէ հարցում չի արել, չգիտի, թե, օրինակ, ՔՊ-ն առաջիկա ընտրություններում քանի՞ տոկոս ձայն կտանի, բայց մեկ բան հստակ տեսնում է՝ ժողովուրդը խիստ հիասթափված է իշխանություններից։
«Ժողովուրդը հիասթափված է, այդ թվում՝ գյումրեցիները, քաղաքապետի ընտրությունները տեսական ու գործնական ցույց տվեցին, որ գյումրեցիներն ավելի շատ հակված են ընդդիմության կողմը, քան՝ իշխանության, որովհետև իշխանությունը որքան էլ ասի, թե ձայն են հավաքել, ընդհանուր հանրագումարում, այդ ձայները քիչ էին, ինչի արդյունքում էլ ընդդիմությունը Գյումրիում ձևավորեց իշխանություն»,- ընդգծեց Վարդևան Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 28-ին «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված» հրապարակային կոչերի հոդվածով։ Միքայել սրբազանին դատող դատավորը նախորդ տարվա հոկտեմբերին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանն էր։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին իրավապահները վաղ առավոտյան մտել են Գյումրու քաղաքապետարան, խուզարկություն կատարել, այնուհետև տարել են քաղաքապետին։ Իսկ այս գործողություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։… Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:



