Իշխանության համար կարևոր չէր՝ ինչ հաշվով կհաղթեր 2021թ. ընտրություններում, 2026թ.՝ դա կարևոր է, և ոչ միայն Փաշինյանի համար

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին և պատասխանել հարցին՝ արդյո՞ք ՔՊ-ի վարկանիշն իջել է:

«Ռեյտինգը որևիցե ձևով կայուն բան լինել չի կարող, աշխարհում նման օրինակ չկա»,- շեշտել է նա՝ հավելելով՝ սկսելու են 0,0 տոկոսից, թեպետ նշել է, որ վաշինգտոնյան փաստաթղթերից հետո ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունեն:

«Մեզ համար շատ կարևոր է սահմանադրական մեծամասնություն ձևավորելը, և մենք գնում ենք այդ ուղղությամբ: Դա, իմ ընկալմամբ, ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք: Այսինքն, ավելի շատ ձայն ենք ունենալու կամ ներկայացվածություն, քան 54 տոկոսը, որն ունեցանք 2021 թվականին»,- շարունակել է Ալեն Սիմոնյանը:

Հակադարձ հարցին՝ դուք կարծում եք, որ հիմա ձեր վարկանիշն ավելի բարձր է, քան 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների՞ն է եղել, Սիմոնյանն արձագանքել է.

Կարդացեք նաև

«Տարբեր բաներ են, չի լինի համեմատել: Քվեարկության տարբեր բաներ կար, 2021 թվականի քվեարկությունը լրիվ ուրիշ բանի մասին էր: Այն վարկանիշային քվեարկություն չէր: Դա հայ ժողովրդի պատասխանն էր միջազգային տարբեր կենտրոններին, և ոչ միայն Ռուսաստանին: Դա ես վարկանիշային քվեարկություն չեմ համարում»:       

Այսինքն՝ միջազգային կենտրոնները, տարբեր երկրներ, որոնք գուցե կարող էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցել Հայաստանին, չէի՞ն հավատում, որ Հայաստանում հնարավոր է պարտված ղեկավարը վերընտրվի:

Ի դեպ, 44-օրյայի ժամանակ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն էր, ով հեռախոսազրույցների առումով պասիվ է եղել, փոխարենը՝ ամենաշատ հեռախոսազրույցը պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Բայց այսօր տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում նույն ԱՄՆ-ը և Թրամփն առաջնային դերակատարում են ստանձնել:

Մի առիթով գրել ենք, որ հուլիսյան մարտերից հետո ՆԱՏՕ անդամ երկրներին ռազմական ղեկավարությունն առաջարկել է չեզոքացնել թուրքական պատերազմական սպառնալիքը: Այլ հարց է, որ պատերազմից առաջ այս համատեքստում լրջագույն անելիք ուներ Հայաստանի դիվանագիտական կորպուսը և երկրի քաղաքական ղեկավարությունը, ինչի մասին 2023 թվականին խոսել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։

Ամեն դեպքում, ստացվում է, որ 2021 թվականի արտահերթ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը փորձել է մեսիջ ուղարկել նաև արտաքին դերակատարներին և նաև արտաքին լեգիտիմության խնդիր լուծել, ինչը կարելի է ենթադրել Ալեն Սիմոնյանի բացատրությունից:

Իր հերթին՝ Փաշինյանը 2025 թվականին հայտարարել էր, որ 2020թ. 44-օրյա պատերազմում պարտությունն ազդել է իր իշխանության լեգիտիմության վրա, այսինքն՝ թուլացրել էր այն:

«2021-ին գնացինք արտահերթ ընտրությունների, որովհետև ես զգում էի, որ պատերազմից հետո այդ լեգիտիմությունն առնվազն հարցականի տակ է դրված, և ես չեմ կարող շարունակել լինել վարչապետ, եթե համոզված չլինեմ, որ ժողովուրդը դա թույլ է տալիս: Եվ հենց այդ լեգիտիմությունը լուծելու համար է, որ մենք գնացել ենք ընտրությունների»,- մասնավորապես, 2025 թվականի հունիսին ԵՊՀ-ում ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ նշել էր նա:

Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին Փաշինյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով՝ «պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը, և վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ»:

Սա այն դեպքում, երբ առնվազն «վնասված» կամ թուլացած լեգիտիմությամբ նա իրեն իրավունք էր վերապահել Սյունիքից հայկական զորքի հետքաշման հրաման տալու, ինչին մի օր իրավական գնահատական պիտի տրվի:

Ի դեպ, այս օրերին քննարկման առարկա էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ իրենց «ձեռքի տակ» եղած հարցման արդյունքներով, որոնք վերաբերում են 2026 թվականի հունիսին կայանալիք ԱԺ ընտրություններին, Փաշինյանն է առաջատարը:

Ավելին, Ֆիդանը շեշտել է, որ տարածաշրջանային գործընթացների համատեքստում Փաշինյանը կառուցողական դերակատարում է ստանձնել, ինչին իրենք աջակցում են, ու անհրաժեշտ է, որ այդ գիծը շարունակվի: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությունն ընդդիմադիր շրջանակները մեկնաբանեցին, թե սրանով ուղիղ և բաց տեքստով Թուրքիան աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, ինչի հետ իշխանությունները՝ ի դեմս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, համաձայն չեն: Ակնարկ կամ մեսիջ էլ չկա՞:

Այստեղ հարկ է հիշեցնել 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Թուրքիայի ղեկավարությունից հնչած հայտարարությունները, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը 2021 թվականի փետրվարի 25-ին պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:

Մասնավորապես, դրանից մեկ օր հետո՝ փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքել էր.

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան»,- շեշտել էր նա:

Նույն պնդումն էր արել նաև այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն:

«Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնազավթելու փորձերին: Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Անթույլատրելի է, որ զինվորականները տապալեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք ոչ միայն հեղաշրջման փորձերը, այլև ընտրված կառավարության հրաժարականի կոչերը»,- ասել էր այդ շրջանում թուրքական արտաքին քաղաքականության համար պատասխանատուն:

Հավելենք, որ ԱՄՆ Պետդեպը ևս դեմ էր արտահայտվել ՀՀ զինված ուժերի հայտարարությանը, որը Նիկոլ Փաշինյանն անմիջապես ռազմական հեղաշրջման փորձ էր որակել:

Իսկ արդեն 2021 թվականի մարտի 18-ին արտահերթ ընտրությունների հստակ օրն էր որոշվել, երբ Փաշինյանը հասցրել էր ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպել: Եվ 2021 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցան արտահերթ ընտրությունները, Փաշինյանը հաղթեց և՛ կիրառելով վարչական ռեսուրս, և՛ մարդկանց պատերազմով վախեցնելով և խաղաղություն խոստանալով, և այլ գործոնների հաշվին:

Ընդ որում, պետք է նկատել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ևս հետաքրքրված էր, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններով ամրապնդի պատերազմից հետո թուլացած լեգիտիմությունը: Այսինքն, առնվազն անուղղակի կամ հեռակա խորհուրդների միջոցով միջամտել են ՀՀ ներքին քաղաքականությանը և անուղղակի աջակցություն հայտնել Փաշինյանին:

Ավելին, արտահերթ ընտրություններից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը գրել էր. «Հաղթեցին Ադրբեջանը և գյուղը»: Ասել կուզեր՝ Փաշինյանի ձայների մեծ մասն այդ ժամանակ գյուղերից էր ստացվել, իսկ «հաղթեց Ադրբեջանն» ասելով՝ նկատի են ունեցել, որ հիմք են տվել, որ Փաշինյանը կարողանա հայ հասարակությանը վախեցնել պատերազմով և խաղաղության խոստումով պահպանել իշխանությունը:

Եթե հանրագումարի բերենք ասվածը, կարող ենք տեսնել, որ և՛ Փաշինյանի, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմի համար էական չի եղել՝ ինչ հաշվով 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում կհաղթեր ՀՀ իշխանությունը, կարևորը՝ կարողանար հաղթել ընդդիմությանը: Ըստ էության, նաև սա էր այսօր ասում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում:

Իսկ այ, 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններում վարկանշային կամ տոկոսային պատկերը կարևոր է իշխանությունների համար, ինչո՞ւ չէ՝ նաև Թուրքիայի, որի արտաքին գերատեսչության ղեկավարը հարկ էր համարել հղում անել ինչ-որ հարցումների և համոզել, որ վարկանիշը կարևոր է, հատկապես, երբ ինչպես մի քանի անգամ Բաքուն հայտարարել է՝ իրենց նպատակը խաղաղություն հաստատելն է ոչ միայն ՀՀ կառավարության, այլ հայ հասարակության կամ ժողովրդի հետ:

Վերադառնալով Հաքան Ֆիդանին՝ հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) ղեկավարում էր Հաքան Ֆիդանը, ով այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել էր նաև 2020թ. պատերազմում կատարած առաքելության իր համար:

Ի դեպ, պարգևը վերցնելիս Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե ընդունում է այն հանուն իրենց ընկերների կամ նրանց անունից, ովքեր Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում նահատակվել են Էրդողանի հրամանները կատարելիս:

Իսկ այսօր ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկում մի հետաքրքիր վերլուծության էր հրապարակվել Ֆիդանի մասին, որտեղ, մասնավորապես, ակնարկ կար, որ դառնալով Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, Հաքան Ֆիդանը, որը համարվում է անվտանգային համակարգի «կադրային պրոդուկտ» և Էրդողանի հնարավոր իրավահաջորդներից մեկը, չի հրաժարվել ուժային կամ հետախուզական համակարգերին հատուկ մոտեցումներից, այլ դրանք ընդամենը դիվանագիտական ձևով օրինականացրել է:

Տեսանյութեր

Լրահոս