Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի հավանականության քննարկումը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում առավել քան արդիական է. Վիտալի Մանգասարյան
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Այստեղ, բնականաբար, անդրադարձ է կատարվել նաև ռազմական ռիսկերին: Մասնավորապես, Արտաքին հետախուզական ծառայությունը 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է համարել, քանի որ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Քիչ հավանական են համարվել նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։
Բայց սրա կողքին Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը ռիսկային գործոն է համարել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»:
Հիմա էսկալացիայի հավանականության հարց քննարկելն արդիակա՞ն է, թե՞ ոչ:
Այս և այլ անվտանգային հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:
– Արտաքին հետախուզական ծառայության համապարփակ վերլուծությունում, որն ասում են, թե հիմնված է հետախուզական տվյալների վրա, նշվում է՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի նախաստորագրումից հետո էսկալացիայի հավանականությունը զգալիորեն նվազել է: Բացի այս, ասվում է, որ 2025 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ բանակցությունները և դիվանագիտական ջանքերը հանգեցրել են հակամարտության ռիսկի կտրուկ նվազմանը: Ավելին, նույնիսկ տեղային միջադեպերը կամ գործողությունները, որոնք պայմանավորված չեն ռազմաքաղաքական մտադրությամբ, համարվում են քիչ հավանական: Սակայն զեկույցի հաջորդ պարբերությունն անմիջապես հակասում է այս լավատեսությանը՝ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի կողմը զգալիորեն մեծացրել է, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, ինչը ստեղծում է զգալի ռիսկեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցն արձանագրում է, որ Ադրբեջանի պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը և դրանց ուղեկցող գործողություններն էականորեն բացասաբար են ազդում խաղաղության կառուցման վրա և ստեղծում են մեծ ռիսկեր։
Ըստ ԱՀԾ-ի, այս խոսույթը ոչ միայն չի նվազել Վաշինգտոնյան հռչակագրից հետո, այլև աճել է 36%-ով, ինչը հաստատվում է ադրբեջանական մեդիայի վերլուծությամբ: Ավելին, Ադրբեջանի 2026 թվականի ռազմական բյուջեի 44%-անոց աճը (համեմատած նախորդ տարիների հետ) ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է ռազմականացումը, ինչը ևս հակասում է խաղաղության հեռանկարներին:
Չնայած զեկույցի լավատեսությանը կարճաժամկետ հեռանկարում, «արևմտյան Ադրբեջանի» նարատիվի աճը և ռազմական բյուջեի մեծացումը ցույց են տալիս, որ էսկալացիայի հավանականության քննարկումը միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ կտրվածքում առավել քան արդիական է:
– Ի դեպ, Ադրբեջանի նախագահը վերջերս մի առիթով հայտարարել է, որ անցած տարի Բաքվի մեծամասշտաբ զորահանդեսին իրենց ունեցած սպառազինության մի մասն են ցուցադրել, մյուս մասը կցուցադրեն, երբ ժամանակը գա:
– Նախ՝ սա զսպման և հոգեբանական ճնշման գործիք է։ Նման հայտարարություններով Բաքուն փորձում է ձևավորել անորոշության մթնոլորտ, որտեղ հակառակ կողմը՝ հատկապես Հայաստանը, պետք է մշտապես ենթադրի, որ Ադրբեջանն ունի «թաքնված կարողություններ», ասել է թե՝ հակառակորդին պահել մշտական հաշվարկների և վախի մեջ՝ առանց կոնկրետ տվյալներ բացելու։
Կարծում եմ, որ նմանօրինակ հայտարարություններն ուղղված են նաև ներքին լսարանին։ Ալիևի բռնապետական ռեժիմը տարիներ շարունակ լեգիտիմացվում է ռազմական ուժի և «հաղթողի կերպարի» վրա։ Նմանօրինակ հայտարարություններով նա փորձում է հասարակությանը պահել մոբիլիզացված վիճակում, արդարացնել ռազմական ծախսերը և ամրապնդել իր անփոխարինելիության գաղափարը։
– Ե՛վ զեկույցի համատեքստում, և՛ դրանից դուրս չենք կարող անտեսել Իրանի դեմ հնարավոր հարձակման հարցը: Վերջերս Իրանի դեմ հարձակումը կարճաժամկետ հեռանկարում բացառվեց, և հենց ԱՄՆ–ի կողմից: Իսրայելն էլ իր հերթին՝ հասկացրեց, որ հարված կլինի, եթե Իրանն ինքը հարվածի: Տարածաշրջանում պատերազմի հավանականությունը որքա՞ն եք գնահատում, և ի՞նչ զարգացումների դեպքում է այն հնարավոր:
– ԱՄՆ-ի կողմից կարճաժամկետ հեռանկարում Իրանի դեմ հարվածների բացառումը, կարծում եմ, ավելի շուտ միտված է Իսրայելի հնարավոր միակողմանի գործողությունները զսպելուն։ Վաշինգտոնը փորձում է վերահսկել էսկալացիայի տեմպը՝ խուսափելով նոր լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվելուց, ինչը ներկայումս հակասում է նրա գլոբալ ռազմավարական առաջնահերթություններին։
Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Իրանը, որպես կանոն, ռազմական գործողությունների է դիմել միայն այն դեպքերում, երբ իր դեմ արդեն իսկ կիրառվել է ուժ կամ ստեղծվել է անմիջական ռազմական սպառնալիք։ Թեհրանի վարքագիծը ցույց է տալիս, որ նրա գործողությունները հիմնականում ունեն պատասխանելու բնույթ, և ոչ նախահարձակ:
Ավելին, պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունների, կոշտ հռետորաբանության և իրական գործողությունների միջև հաճախ նկատվում է զգալի անհամապատասխանություն։ Շատ դեպքերում Իրանը հնչեցված սպառնալիքներին համարժեք պատասխան չի տվել՝ սահմանափակվելով սիմվոլիկ քայլերով։
Իմ կարծիքով, տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը ներկայումս միջինից ցածր է։ Միևնույն ժամանակ ցանկացած սխալ հաշվարկ, հատկապես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կամ լիբանանյան ճակատում, կարող է արագ փոխել իրավիճակը։
– Մերձավոր Արևելքում ի՞նչ է այսօր տեղի ունենում, ո՞վ է դիրքեր ամրացնում, ո՞վ՝ թուլացնում, թեպետ Թուրքիայի դերի ամրացումն ակնհայտ է:
– Մերձավոր Արևելքում այսօր ընթանում է ուժերի վերաբաշխման խորքային գործընթաց։ Դասական բևեռացումն աստիճանաբար զիջում է տեղն ավելի ճկուն, շահերի վրա հիմնված հարաբերություններին։ Այդ գործընթացում ակնհայտ է Թուրքիայի դերի ամրացումը։ Անկարան կարողանում է համատեղել ռազմական ներկայությունը, քաղաքական միջնորդի դերը և տնտեսական ազդեցությունը՝ ձևավորելով ինքնուրույն ռազմաքաղաքական սուբյեկտայնություն։ Թուրքիան այսօր միաժամանակ խոսում է ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, Իրանի և արաբական աշխարհի հետ՝ իրեն դիրքավորելով որպես անփոխարինելի խաղացող տարածաշրջանային գործընթացներում։
– Վերադառնանք Արտաքին հետախուզական ծառայության զեկույցին, որտեղ անդրադարձ կա նաև ապաշրջափակմանը: Մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ մի կողմից՝ բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից՝ տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով:
– Կարևոր եմ համարում շեշտել, որ մինչ այս պահը ոչ մի հստակ գնահատական չկա, թե հայկական կողմն այս կամ այն ենթակառուցվածքների շահագործումից կոնկրետ ի՞նչ օգուտներ կունենա: Ասեմ ավելին, առանց ստորագրված խաղաղության պայմանագրի և սահմանային հարցերի, Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցի լուծման, իրականության մեջ բոլոր նախագծերը կարող են մնալ թղթի վրա։
Հավելեմ նաև, որ այս փուլում չի երևում՝ այդ նախագիծը հաշվի առե՞լ է խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանում Հայաստանին բարեկամ երկրների շահերը, մասնավորապես՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի: Թեև հայկական կողմը հայտարարում է, որ բոլորի շահերը հաշվի են առնված, այս փուլում, մեղմ ասած, դա չի երևում:
– Ի դեպ, ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում ոչ մի բան չի փոխվելու, ըստ ԱՀԾ զեկույցի ևս, թեպետ ՌԴ նախագահ Պուտինը ժամանակ առ ժամանակ վստահեցնում է՝ անդամ երկրներին կարող և պատրաստ են Հատուկ ռազմական օպերացիայի ժամանակ փորձված ժամանակակից զինատեսակներ մատակարարել: Արդյո՞ք ՀԱՊԿ–ի նկատմամբ Հայաստանի պահպանվող վերաբերմունքի պատճառը միայն այն էր, ինչի մասին ասվել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո, թե՞…
– Կարծում եմ, որ հայկական կողմը, անկախ ՀԱՊԿ–ի շուրջ քաղաքական դժգոհություններից, որն իր մեջ նաև օբյեկտիվ էլեմենտներ կարող է պարունակել, պարտավոր է գործել բացառապես պետական շահի տրամաբանությամբ և օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները՝ մարտական մկրտություն ստացած զինատեսակներ ձեռք բերելու համար։
Ժամանակակից պատերազմները ցույց են տալիս, որ իրական մարտական պայմաններում փորձարկված տեխնիկան ոչ միայն տեսականորեն ավելի արդյունավետ է, այլ նաև ունի կանխատեսելի վարքագիծ, բացահայտված թերություններ և արդեն մշակված կիրառման տակտիկա։ Սա հատկապես կարևոր է այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։ Ավելին, զենքի համաշխարհային շուկան այսօր արագորեն թանկանում է։ Աշխարհաքաղաքական լարվածությունը, տարածաշրջանային պատերազմները, լոգիստիկ շղթաների խափանումները և մեծ տերությունների միջև մրցակցությունը հանգեցնում են նրան, որ սպառազինության գները բարձրանում են։ Այս պայմաններում արդեն իսկ առկա առաջարկներից չօգտվելը՝ միայն քաղաքական կապրիզներով կամ հուզական մոտեցումներով առաջնորդվելով, մեղմ ասած, անհեռատեսություն է։
– Կար ժամանակ, որ քննարկվում էր՝ ՀՀ բանակը գնում է ռուսական ճանապարհով, կամ՝ նատօ-ական, եվրոպական: Այսօր ակտո՞ւալ է այս խոսակցությունը, բաց փաստերից ի՞նչ եք հասկացել, եթե առհասարակ տեղին են նման խոսակցությունները, թե ո՞ր մոդելն է որդեգրվել նախկինում և հիմա:
– Իմ համոզմամբ, մեր բանակը պետք է գնա հայկական ճանապարհով: Սա նշանակում է՝ վերցնել գործընկեր երկրներից կառավարման, սպառազինության և զինվորական կանոնադրության լավագույն մասերը: Օրինակ, Ռուսաստանից կարելի է վերցնել հուսալի սպառազինության տարրեր և մարտական փորձը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ ժամանակակից դոկտրինան և պրոֆեսիոնալ կրթությունը, Չինաստանից՝ տեխնոլոգիական նորարարությունները, իսկ Իրանից էլ՝ տարածաշրջանային անվտանգության մոտեցումները: Այս հիբրիդային մոտեցումը թույլ կտա ստեղծել բանակ, որը հարմարեցված է Հայաստանի աշխարհագրական դիրքին, տնտեսական հնարավորություններին և հասարակության առանձնահատկություններին:
Մտնելով այդ դիսկուրսի մեջ՝ կոնկրետ ո՞ր ճանապարհով պետք է գնա հայկական բանակը, կարծում եմ, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Հաշվի առնելով մեր սահմանափակ հնարավորությունները՝ տնտեսական, աշխարհագրական և դեմոգրաֆիկ, ինչպես նաև՝ հասարակության առանձնահատկությունները, խիստ մեկ ուղղության ընտրությունը կարող է հանգեցնել ռիսկերի։ Ուստի, կարծում եմ, որ հաջողության բանալին հայկական ճանապարհն է՝ լավագույնը վերցնելով Ռուսաստանից, ՆԱՏՕ անդամ երկրներից, Չինաստանից և Իրանից:
