2025թ. Իրանը փորձել է վարել զսպման քաղաքականություն՝ խորացնելով քաղաքական երկխոսությունը. վերլուծաբան

Անցնող ամիսների ընթացքում Իրանի համար ամենադրամատիկ իրադարձությունն ԱՄՆ-ի մասնակցությամբ 12-օրյա պատերազմն էր Իրանի և Իսրայելի միջև, որը դարձավ ամենակենսական փորձությունը Թեհրանի համար։ Այսպես ամփոփեց անցնող ամիսներն իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ շեշտելով, որ դա առաջին անգամն էր, երբ հակամարտությունը դուրս եկավ «ստվերային պատերազմի» տրամաբանությունից և մոտեցավ բաց բախման փուլին։

Նրա գնահատմամբ, Իրանը գործեց հաշվարկված՝ սահմանափակ հարվածներ, դաշնակից ուժերի ակտիվացում, բայց առանց այն կարմիր գծի հատման, որը կստիպեր ԱՄՆ-ին լիարժեք մտնել պատերազմի մեջ։

Սա, ըստ վերլուծաբանի, Իրանի համար զսպման արդյունավետության փորձարկում էր, որը, ընդհանուր առմամբ, հաջողվեց։

«Սակայն պատերազմը նաև մի շարք բացեր ցույց տվեց, որոնց ուղղությամբ Իրանը շարունակեց աշխատել, ամրապնդել իր անվտանգությունը՝ համագործակցելով Ռուսաստանի, Չինաստանի ու այլ ուժերի հետ։ Այս հարցում էական էր Իրան-Ռուսաստան ստորագրված համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ տվեց և ընդլայնեց համագործակցությունը։ Այդ պատերազմի ազդեցությունը զգացվեց նաև Հարավային Կովկասում։ Իրանի համար պարզ դարձավ Իսրայելի և Ադրբեջանի ռազմական–տեխնոլոգիական կապը, որը ստիպեց այստեղ առկա սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ ևս աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կայհան Բարզեգարը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Թեհրանը ստիպված էր գործել մի միջավայրում, որտեղ աշխարհաքաղաքական ճնշումը, տարածաշրջանային վերաձևումները և Հարավային Կովկասի աճող աշխարհաքաղաքական անկայունությունը պահանջում էին առավել ճկուն, բայց նաև կոշտ դիրքավորում։

Նրա խոսքով՝ արևմտյան պատժամիջոցներն էապես չթուլացան, սակայն նաև չխստացան այնպես, որ համակարգային փլուզում առաջացնեին, Թեհրանը կենտրոնացավ երեք ուղղության վրա՝ Ռուսաստան–Չինաստան առանցք, Մերձավոր Արևելք, ինչպես նաև շարունակեցին կենտրոնանալ ներքին կայունության վրա։

«Հարավային Կովկասն անցնող ամիսներին շարունակեց լինել Իրանի համար ամենազգայուն ուղղություններից մեկը։ Տրանսպորտային միջանցքների շուրջ քննարկումները, Թեհրանի ընկալմամբ, սպառնալիք էին Իրանի հյուսիսային անվտանգությանը։ Իրանը շարունակեց իր հստակ ուղերձները՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություն չի ընդունվելու, ցանկացած «միջանցքային» լուծում, որը կխաթարի Իրանի կապը Հայաստանի հետ, ընկալվելու է որպես ռազմավարական սպառնալիք։ Իրանը փորձել է վարել զսպման քաղաքականություն՝ խորացնելով քաղաքական երկխոսությունը Հայաստանի, Բաքվի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ։

Թեհրանի քաղաքականությունը զգուշավոր էր, հետևողական։ Թեհրանը փորձեց պահպանել իր դիրքերը մի աշխարհում, որը գնալով դառնում է ավելի անկանխատեսելի։ Հարավային Կովկասում Իրանը հանդես եկավ՝ որպես ստատուս-քվոյի պաշտպան, իսկ գլոբալ մակարդակում՝ որպես ուժ, որը չի ընդլայնվում, բայց նաև չի նահանջում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ամփոփելով՝ Բարզեգարը նշեց, որ այս ամիսներն Իրանի համար դարձան ոչ թե պատերազմի, այլ պատերազմի եզրին կառավարման տարի։

«Իսկ Հարավային Կովկասը դրանից հետո Թեհրանի համար վերջնականապես դուրս եկավ երկրորդական տարածաշրջան լինելու կարգավիճակից և մտավ անվտանգության առաջնային գոտի, ինչը նշանակում է, որ այսուհետ ևս Իրանը սերտ աշխատելու է տարածաշրջանային երկրների հետ, փորձելով արդյունավետ կիրառել իր ռեսուրսները, դիվանագիտությունը, բարձրացնելով զսպման կարողությունները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս