
2026 թվականին պաշտպանական ծախսերի նվազում է նախատեսվում. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2025-ին 2024-ի համեմատ՝ ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ աճ և իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր:
«Այդ ծախսերի մի մասն ուղղել ենք ապագա պարտքերի ու պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Այսինքն, այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, և այն, որ մենք պետք է 2030-2035 թվականներին մարեինք, հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք և ոչ միայն: Եվ հիմա եթե այս տրամաբանությամբ ենք նայում, միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թ. պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ 2024 թվականի նկատմամբ։ Այսինքն, ֆորմալ իրականությունն այլ բան է, բնականոն իրականությունը՝ այլ:
Եվ եթե 2025 թվականի 115 միլիարդի անհաչափ կտրուկ աճը չլիներ, և լիներ բնականոն կամ սովորականից էլ ավելի մեծ իրավիճակը, մենք կունենայինք 2023-2024 թվականների բնականոն աճը: Եվ այն, որ 2026 թվականին 2025-ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ և նվազում է նախատեսվում, կապված է առաջին հերթին դրա հետ։ Բայց կան նաև ուրիշ գործոններ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող եմ խորհրդարանին դռնփակ ռեժիմով ներկայացնել, որ իրադրությունն ավելի պարզ լինի»,- մանրամասնեց նա՝ վստահեցնելով, թե իրենց վարած քաղաքականությունը ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում, խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը, այլ՝ հակառակը, բնականոն զարգացման գործընթացի մեջ ենք:
«Կրկնում եմ, որ 2025 թվականին պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել, և այդ կտրուկ աճը, մեծամասամբ, պայմանավորված է միջազգային ծրագրերով ձեռքբերումների և պարտքի սպասարկման անհրաժեշտությունների հետ: Մենք ուղղակի որոշել ենք, որ այն պարտքի կտորները, որ պիտի 1-5 տարում փակեինք, կոնսոլիդացրել ենք, ֆինանսական հնարավորություն ենք տեսել, այդ պարտքը հիմա ենք փակել: Եվ եթե այդ պարտքի կտորը հանենք, և վերցնենք սրանից դուրս թվերը, մենք կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որն ի սկզբանե պլանավորել էինք, և գուցե մի փոքր էլ ավելի»,- շեշտեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում