Փաշինյա՛ն, Ավինյանը Հ1-ով քեզ բան փոխանցեց

Հանրայինի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամփոփել է 2025 թվականը: Ի թիվս այլնի՝ նրանից հետաքրքվել են ԱՆԻՖ-ում կատարվածի մասին, սակայն, պարզվում է, Տիգրան Ավինյանը չի կարծում, թե ԱՆԻՖ-ին վերաբերող հարցերն իրեն պետք է ուղղել:

«Կարծում եմ՝ էդ հարցն ինձ պետք չէ ուղղել. ես էդտեղ շատ կոնկրետ մոտեցում, դիրքորոշում ունեմ: Ես չեմ կարծում, որ ԱՆԻՖ-ում կար կոռուպցիա, ես վստահ եմ, որ ԱՆԻՖ-ում չկար կոռուպցիա։ ԱՆԻՖ-ը բիզնես-տրամաբանություն ուներ, երբ խոսում են գումարի մասին, որ դա իսպառ չքվել է, դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է նա։ Հիշեցնենք՝ Ավինյանը նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում ու ԱՆԻՖ-ում կոռուպցիոն սկանդալում նաև  նրա անունն էր շոշափվում:

Վերջինի մասին մեկ դրվագ միայն. «ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը»։

«Հետք»-ը ծավալուն հետաքննություն էր իրականացրել Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությանը ԱՆԻՖ-ի հիմնադրումից 8 օր անց 1.5 միլիարդ դրամ փոխանցված գումարի մասին: Եվ հենց այդ ընկերուհին է այժմ մեղադրյալներից մեկը: Ավելին, հիմնադրամը նաև 960 միլիոն դրամ հատկացրել էր Ավինյանի դասարանցու ընկերությանը: Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր հրապարակումների, ԱՆԻՖ-ով փոշիացված գումարի ծավալը շուրջ 25 միլիարդ դրամ է:

Կարդացեք նաև

Հիշեցնենք նաև, որ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարաված: Վերջինս Փաշինյանին է մեղադրում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ձախողման մեջ:

Ավելին, Դավիթ Փափազյանը Ֆեյսբուքի իր գրառմամբ պնդել էր, որ Փաշինյանին չի հաջողվի իր ու իր կառավարության խայտառակ սխալների համար մեղավոր կարգել իրենց: Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Հայաստանից հեռացած Փափազյանին՝ միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։

Սեպտեմբերին Փաշինյանը անդրադառնալով ԱՆԻՖ-ին և Դ. Փափազյանի հայտարարություններին, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե պետական հիմնադրամի շուջ կոռուպցիոն սկանդալների մասին հանրությունը տեղեկացել է իրենց թափանցիկ աշխատանքի շնորհիվ: «Էդ ԱՆԻՖ-ի պատմությունը, որտեղ հարց կա, դուք որտեղի՞ց գիտեք, մամուլը որտեղի՞ց գիտի, էդ պետությունն ինքը հարց է ունեցել, գնացել է այդ հարցի հետևից: Եվ ես այն օրը կուսակցության համաժողովում ասացի, որ կոռուպցիայի հետ մեր չհաշտվելն օգտագործվում է մեր դեմ», – հայտարարել է նա: Փաշինյանն, իհարկե, դարձյալ ստում էր, քանի որ այդ բացահայտումներն արել էին լրագրողները, ոչ թե իշխանությունը: Ընդհակառակը, անդադար փորձում էին կոծկել:

Ի դեպ, Հայաստանի պետական հետաքրքրությունների այդ ֆոնդը բացելիս ձայններն աշխարհով մեկ էին արել, թե տեսեք` դրսից Հայաստան ներդրումներ ենք բերելու, խթանելու ենք արտահանումը, հայաստանյան բիզնեսներում պետական միջոցներից ներդրումներ են լինելու, միլիարդներ են հոսելու Հայաստան, զարգանալու ենք… Բնականաբար, ՍՈՒՏ: ԱՆԻՖ-ի խոշոր ծրագրերից էր «Ազգային ավիաուղիների» նախագիծը: 4.4 միլիարդ դրամի ներդրում արեցին պետական բյուջեից, բայց երկու տարի չանցած տապալվեց Fly Arna-ի թռիչքը, սնանկ ճանաչվեց ընկերությունը:

Զարգացումների, Հայաստանին, պետական բյուջեին, քաղաքացուն և օտարերկրյա ներդրողներին հասցված միլիարդավոր վնասների մասին դեռ չենք խոսում, բայց, փաստ է, որ դա մեծ կոռուպցիա է ու Ավինյանի շեֆը` Փաշինյանն էլ դա, ստիպված, խոստովանել է, քանի որ լրագրողները բացահայտեցին և նա չկարողացավ ծածկադմփոց անել: Ի՞նչ եղավ Փաշինյանի օրոք հիմնադրված ու լուծարված ԱՆԻՖ-ի քրեական գործը, ի՞նչ են եղել պետական բյուջեից այս ֆոնդին փոխանցված միլիարդները, ովքե՞ր և ե՞րբ են պատասխանատվության ենթարկվելու, ինչպե՞ս են այդ գումարները վերադարձվելու պետական բյուջե: Ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ քաղաքացու մի կոպեկի հետևից գնում, կինո եք նկարահանում ու Հ1-ով ցույց եք տալիս, թե` տեսեք, ինչ ենք բռնել…

Հիմա, կոռուպցիոներ Ավինյանին ինչո՞ւ եք եթեր տարել, որ ասի, թե՝ ԱՆԻՖ-ին վերաբերող հարցերն իրեն չպե՞տք է ուղղել: Գուցե ճիշտ է ասում Տիգրան Ավինյանը, այդ հարցը պետք է հենց Փաշինյանին ուղղել: Ո՞ւր են միլիարդները, Նիկո՛լ Փաշինյան: Համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներ էիր տալիս, նախկիններից հատիկ առ հատիկ պահանջում ես հետ վերադարձնել թալանածը, թիմակիցներիցդ պահանջ չունե՞ս:

Տեսանյութեր

Լրահոս