Սեփական ԱՆԻՖ-ը թողած, ուրիշների «յաշիկների» անիվներն են հաշվում

ՔՊ-ական իշխանությունները երկիրը կանգնեցրել են կործանման եզրին՝ եկել ուրիշների թալանից են խոսում։ Ընտրությունների նախաշեմին էլի նույն երգն են երգում. Նիկոլ Փաշինյանը որոշել է կրկին նախկինների թալանով խաբել ժողովրդին։ Իրենց հասցրած ահռելի կորուստները, վնասները, սեփական թալանը թողած՝ ուրիշների թալանից է խոսում։ Հատիկ առ հատիկ թալանը հետ բերելուց պրծան, անցել են «ռենջերով ու բրաբուսներով» հետ բերելուն։ Կարծում են, թե նոր անուններ կպցնելով՝ իրենց արածը մոռացնել են տալու։

«Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության Ռենջ Ռովեր է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլ, թե՝ սրանով ժողովրդին են խաբում, ոչ: Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն Ռենջ Ռովեր առ «Ռենջ Ռովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս առ Բրաբուս», «Յաշիկ առ Յաշիկ»»,- Գյումրիում կայացած դրամահավաքի ժամանակ ասում է Նիկոլ Փաշինյանը։

Դրամահավաքն էլ թալանի մի տեսակ է, որով կողոպտում են ու դատարկում գործարարների գրպանները։ Այնպես, ինչպես Աննա Հակոբյանն է «կամավորության» սկզբունքով՝ պարբերաբար պարտադրում գործարարներին վճարումներ կատարել իր հիմնադրամին։

Ուրիշների թալանից ու թալանը հետ բերելուց են խոսում, իսկ սեփական թալանը չեն ուզում տեսնել։ Միայն ԱՆԻՖ-ի միջոցով տասնյակ-միլիոնավոր դոլարների վնաս են տվել պետական բյուջեին։ Յոթ տարում հազիվ 30 միլիոն են հետ բերել, իսկ միայն ԱՆԻՖ-ով կրկնակի ավելի վնաս են տվել։ Տասնյակ-միլիոնները ծախսել են, բաժանել իրենց մերձավորներին, բացահայտ թալանել են պետության փողերը, բայց նույնիսկ մեկ մեղադրյալ չկա։ Երեք տարի է՝ գործը տեղից չի շարժվում։

Կարդացեք նաև

Պետական բյուջեի միջոցներից ու հարկատուների վճարած հարկերից՝ Տիգրան Ավինյանն իր ղեկավարած ԱՆԻՖ հիմնադրամից օֆշորում գրանցված, իր կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերությանը 1,5 մլրդ դրամ կամ շուրջ 4 մլն դոլար է տալիս, որը, հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսել, ինչ արդյունք են ստացել, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դրա համար կան ինստիտուտներ, թող գնան պարզեն։ Այդ ինստիտուտները 3 տարի է՝ պարզում են, թե ինչպես են ԱՆԻՖ-ով թալանել պետությանը, բայց փաստն այն է, որ ոչինչ էլ չեն պարզում։

Հիմա հաշվեք, թե քանի Ռենջ Ռովեր, Բրաբուս ու «յաշիկ» պիտի վերադարձնեն, որ միայն ԱՆԻՖ-ով հասցրած վնասները հնարավոր լինի վերականգնել։

Ժողովրդի համար ի՞նչ տարբերություն, թե ինչպես են թալանում պետությանը։

ԱՆԻՖ-ը տեղով կոռուպցիայի բուն է եղել, պատասխան տվող չկա։ Այսքանից հետո, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե կոռուպցիայի դեմ պայքարն իր համար եղել է ու շարունակում է մնալ առաջնահերթություն, չի դադարելու լինել առաջնահերթություն, հատիկ-հատիկ թալանը հետ ենք բերելու։ Իրենց ակնհայտ թալանի ու կոռուպցիայի փաստերը դնում ես դեմները, ոչինչ չեն անում, շրջանցում են, պատճառաբանություններ են բերում, նույնիսկ արդարացնում են։ Այս ընթացքում քանի բարձրաստիճան ՔՊ-ական է կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնվել, մինչև հիմա ո՞րի հետևից են մինչև վերջ գնացել։

Թալանն էլ ո՞նց է լինում, երբ 6 միլիոն դոլար տալիս են բյուջեից համերգ կազմակերպելու համար, 2 տարուց ավելի է, ոչ համերգն է կայացել, ոչ էլ գումարն են վերադարձրել բյուջե։

Ավելի բացահայտ թալան, քան, աշխատավարձերից բացի, ամեն ամիս պետական պաշտոնյաներին բաժանվող պարգևավճարներն են, չկա։

Պարգևավճարների միջոցով ահռելի գումարներ են դուրս գրել պետական բյուջեից ու հարկատուների վճարած հարկերից։ Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։ Սա էլ թալանի, օրինականացված թալանի մի ձև է։

Այն, որ համատարած մեկ անձից ու հիմնականում նույն ընկերություններից տարիներ շարունակ տարեկան տասնյակ-միլիարդների հասնող գնումներ են կատարում պետական բյուջեի միջոցներով, նույնպես թալանի մի ձև է՝ քողարկված գնումների անվան տակ։

Նախկինների թալանից են խոսում՝ իրենց թալանը չեն տեսնում։ Եթե թալան չկա, ինչպե՞ս է, որ սուրճի փող չունեցող երիտհեղափոխականներն իշխանության գալուց կարճ ժամանակ հետո, բոլորը մեկ մարդուն նման՝ հարստացան, թանկարժեք բնակարաններ, ավտոմեքենաներ ձեռք բերեցին, փոխեցին իրենց կենսակերպը, վայելքների մեջ են։

Այնպես չէ, որ պետական միջոցների թալանը միայն ուղղակի պետք է հասկանալ։ Այն, որ բյուջեից տարեկան 150-200 մլն դոլար են վճարում, որպեսզի պետական պաշտոնյաները հարկատուների վճարած հարկերի հաշվին համատարած բնակարաններ ձեռք բերեն, սա էլ պետական միջոցների թալանի մեկ այլ ձև է։

Բյուջեն թալանում են, քիչ է, քաղաքացիներին էլ հարկերը բարձրացնելով են թալանում. Գույքահարկը թանկացրել են, կարմիր գծերը թանկացրել են, տրանսպորտը թանկացրել են, աղբահանությունը թանկացրել են, ամեն ինչ թանկացրել են։ Ժողովրդին թալանում են, որ իրենց բաժին թալանն ավելի շատ լինի։  

Թե ինչպիսի տեսքով կլինի պետությանը պատճառված վնասը, ոչ մի նշանակություն չունի։ Վնասը մնում է վնաս, ինչ տեսքով էլ այն լինի, ինչպես էլ կոչվի։

Այն, որ 7 տարի բոլոր հնարավոր միջոցներով արգելափակեցին Ամուլսարի ծրագրի իրականացումը, հարյուրավոր միլիոն դոլարների հասնող վնասներ տվեցին տնտեսությանն ու պետական բյուջեին, այսօր էլ հարկադրված 150 մլն դոլարի երաշխիք են տրամադրում պետական բյուջեի հաշվին, բյուջեն դնում ռիսկի տակ, պետության վրա լրացուցիչ 150 մլն դոլարի պարտքի բեռ վերցնում, որ ծրագիրը վերստին գործարկվի, սա էլ թալան է։  

Նախկինների թալանով են ուզում խաբել ժողովրդին, երբ երկիր ու միլիարդների հարստություն են հանձնել թշնամուն՝12 քաղաք, 241 գյուղ, հարյուրավոր դպրոցներ, մշակութային ու մարզական հաստատություններ, թանգարաններ, եկեղեցիներ, տասնյակ ձեռնարկություններ, հանքեր, հիդրոկայաններ, հսկայական տարածքներ։ Մարդկային անդառնալի կորուստների մասին չենք խոսում։  

Սրանք են երկրին հասցված իսկական վնասները։ Հետ բերող եք, սրանք հետ բերեք։ Թե չէ Ռենջ Ռովեր, Բրաբուս, «յաշիկ»։ Քանի Ռենջ Ռովեր, Բրաբուս ու «յաշիկ» պիտի հետ բերեք, որ ձեր հասցրած վնասները վերականգնեք։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս