«ԵՄ+3». ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՀԱ՞Ն, ԹԵ՞ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՐՎԱԿ
Քննարկման ակտիվ փուլում է Բրյուսելի, Երևանի, Բաքվի և Անկարայի մասնակցությամբ «ԵՄ+3» քառակողմ ձևաչափ ստեղծելու գաղափարը: Այս մասին հայտնեց Եվրամիության ընդարձակման հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոսը՝ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանի հետ ճեպազրույցում:
Բրյուսելի և Երևանի պաշտոնական տեղեկատվության պակասը ստեղծում է անորոշություն և կասկածների տեղիք տալիս: Առկա տեղեկատվության և տարածաշրջանային գործընթացների տրամաբանության հիման վրա փորձենք նախնական գնահատական տալ, թե Հայաստանի համար ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր է պարունակում հայտարարված ձևաչափը:
Դրա հեղինակները, ենթադրաբար, այն պատկերացնում են որպես Եվրամիության հովանու ներքո տարածաշրջանային դիվանագիտությունը հետճգնաժամային կարգավորման ռեժիմից համագործակցության ռեժիմի անցնելու մեխանիզմ։ Անմիջապես աչքի է զարնում ձևաչափի ոչ ներառական բնույթը, քանի որ դրանում բացակայում են Վրաստանը, և, ըստ սահմանման՝ Իրանն ու Ռուսաստանը:
Տարածաշրջանի համար, որտեղ հաղորդակցությունը և անվտանգությունը սերտորեն փոխկապակցված են, մասնակիցների կազմի այսպիսի սելեկցիան անխուսափելիորեն և անմիջապես ծնում է ռիսկեր: Ուստի, Երևանի համար կարևոր է ոչ միայն այն, թե «ի՞նչ է ստանալու» առաջարկված ձևաչափից, այլև, թե «ի՞նչ գնի դիմաց» է Հայաստանը մասնակցելու այդ նոր ձևաչափին:
Ո՞րտեղ է Հայաստանի շահը
● Ելք տրանսպորտային փակուղուց: Ձևաչափը կոչված է վերականգնելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերը՝ նպաստելով երթուղիների դիվերսիֆիկացմանը, որոշ ուղղություններով տարանցիկ ծախսերի կրճատմանը և տնտեսական աշխարհագրության ընդլայնմանը: Հանրային քննարկումներում արդեն նշվում են TRIPP-ը և այնպիսի նախագծեր, ինչպիսին է Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության ու հարակից ենթակառուցվածքային հանգույցների վերականգնումը:
● ԵՄ-ն` որպես միջնորդ: Բրյուսելի ներգրավվածությունը ձևաչափում ընկալվում է որպես համագործակցության մեջ մտնող Երևանի, Բաքվի և Անկարայի շահերի հավասարակշռման գործոն։ Հայաստանի իշխանությունները, հավանաբար, ակնկալում են, որ ԵՄ-ի՝ որպես ազդեցիկ արտատարածաշրջանային խաղացողի մասնակցությամբ, կապահովվի ձևաչափի գործառնական կանխատեսելիությանը ու խաղի կանոնների և ընթացակարգերի հարգումը:
● Հանրային և ներդրումային դրական ազդեցություն: Նախագծին ԵՄ-ի մասնակցությունը կարող է բարձրացնել ենթակառուցվածքային նախաձեռնությունների ներդրումային գրավչությունը և ֆինանսական գործիքների, բարձրորակ փորձագիտության, հանրային դիվանագիտության միջոցով արևմտյան գործընկերների աջակցությունը ՀՀ գործող իշխանությանը:
Նշված հանգամանքները գայթակղիչ են պաշտոնական Երևանի համար և դրդում են նրան «ԵՄ+3»-ի ստեղծումը դիտարկել որպես հնարավորությունների նոր պատուհան: Բայց կարևոր է հասկանալ, որ «պատուհանը» Բրյուսելի և Անկարայի ավելի մեծ և հեռահար ծրագրերի մի մասն է, ուստի Երևանի իրական շահը պայմանավորված է նրանով, թե ինչ ռազմավարական նպատակներ են հետապնդում ԵՄ-ն և թուրք-ադրբեջանական տանդեմը, ու որքանով են դրանք համահունչ մեր ազգային-պետական առաջնահերթություններին:
Վրաստանի դուրս մղումը ռազմավարական ազդանշան է
Ձևաչափի ակնհայտ ոչ ներառական բնույթը հղի է լուրջ ռիսկերով, և դրանցից առաջինը տարածաշրջանում ՀՀ-ի համար չպատճառաբանված ու անհեռանկար նոր բաժանարար գծերի ստեղծումն է։ Դա, նախևառաջ, Հայաստանի և Վրաստանի շահերի կոշտ հակադրումն է, ինչը բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: Թբիլիսիի բացակայությունն առաջարկված սխեմայում արտահայտությունն է Արևմուտքի և Վրաստանի ներկա իշխանությունների միջև ձևավորված ճգնաժամային հարաբերությունների, որի մայր պատճառներից է Անաքլիայի (Վրաստան) խորջրյա նավահանգստի շինարարությունը չինական China Communications Construction Company (CCCC) ընկերության մասնակցությամբ կոնսորցիումի կառավարմանը հանձնելու Վրաստանի կառավարության որոշումը:

Արևմուտքում այս քայլը գնահատվեց որպես Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու դրսևորում՝ այն էլ այնպիսի զգայուն հարցում, ինչպիսին է միջտարածաշրջանային ենթակառուցվածքի մաս հանդիսացող կարևորագույն հանգույցի կառավարումը: Տվյալ դեպքում Վրաստանը գործում է ոչ թե գաղափարախոսական կամ զգացմունքային, այլ աշխարհաքաղաքական մրցակցության ռացիոնալ տրամաբանությամբ: Մինչդեռ, Վաշինգտոնի և Բրյուսելի գնահատմամբ՝ նման ենթակառուցվածքում չինական ներդրողների և օպերատորների մասնակցությունը հղի է ոչ միայն առևտրատնտեսական, այլև ռազմավարական ռիսկերով՝ հատկապես, որ ՆԱՏՕ-ն Սև ծովը դիտարկում է որպես իր համար բարձր նշանակության գոտի: Ընդ որում, CCCC-ն, որպես Չինաստանի ռազմական արդյունաբերության հետ սերտ կապված կառույց, ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում Հարավչինական ծովում իր գործունեության պատճառով:
Լրացուցիչ դժգոհություն են առաջացրել Վրաստանի իշխանությունների ներքաղաքական մի քանի որոշումներ (մասնավորապես, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը), որոնք ԵՄ-ում և ԱՄՆ-ում գնահատվում են որպես քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության դեմ ուղղված քայլեր:
Այս ֆոնին ԵՄ-ն առաջնորդվում է ռիսկերի նվազեցման տրամաբանությամբ. եթե տարանցիկ երկրի առանցքային տրանսպորտային ենթակառուցվածքը բարձր ռիսկային է, ապա անհրաժեշտ է նվազեցնել կախվածությունը դրա խնդրահարույց հանգույցից, որը, տվյալ պարագայում, չինական ազդեցության տակ գտնվող Անաքլիա նավահանգիստն է։ Առավել ևս, որ նման մոտեցումը կնպաստի նաև TRIPP-ի աշխարհտնտեսական գրավչությանը։
Այստեղից էլ բխում է հիմնական հիպոթեզը. «ԵՄ + Հայաստան + Ադրբեջան + Թուրքիա» ձևաչափը կոչված է կյանքի կոչելու Հարավային Կովկասի երկու երկրների և Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային կապվածության այնպիսի կոնֆիգուրացիա, որը հնարավորինս կթուլացնի Վրաստանի տարանցիկ դերակատարումը:
Հայաստանը և վրացական գործոնը. պարադոքսալ խոցելիություն
Այդ տրամաբանությունը Հայաստանի համար ստեղծում է պարադոքս: Տրանսպորտային փակուղուց դուրս գալու և միջազգային ելքերը դիվերսիֆիկացնելու մեր բնական ձգտումն արտաքին ուժերը (ԵՄ-ն) օգտագործում են որպես Վրաստանի տարանցիկ ներուժը խարխլելու հնարավորություն։ Եվ դա այն պարագայում, երբ բարեկամ Վրաստանի տարածքով տասնամյակներ շարունակ իրականացվում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ճնշող մասը, այսինքն՝ հայ-վրացական հարաբերությունների բնույթը Հայաստանի համար պայմանավորված է ոչ թե «բարիդրացիական հարևանության» կոնվենցիոնալ տրամաբանությամբ, այլ տնտեսական գոյատևման հրամայականով։
Այստեղից բխում է եզրակացություն. Երևանի քաղաքականությունը, որը Թբիլիսին կընկալի ոչ թե որպես տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացում, այլ մասնակցություն Վրաստանի տարանցիկ դերի ռազմավարական թուլացմանը, մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Չի բացառվում, որ Թբիլիսիի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման պատճառով Երևանն ավելի թանկ գին վճարի, քան «նոր» միջանցքների շահագործումից ակնկալվող հնարավոր օգուտն է։ Հայ-վրացական ռազմավարական գործընկերության ռիսկերի անկառավարելիությամբ կվտանգվի Հարավային Կովկասում կայունության կարևորագույն գործոնը։
Իրանի և Ռուսաստանի բացառումը
Հայաստանի համար Իրանը ռազմավարական գործընկեր է և ենթակառուցվածքային կապվածության ու էներգետիկ անվտանգության կարևոր գործոն: Նախագիծը Թեհրանում չափազանց ցավոտ կընկալվի՝ որպես Իրանի միտումնավոր շրջանցման կամ նրա քաղաքական զսպման փորձ, առավել ևս TRIPP-ի կապակցությամբ Իրանի արդեն իսկ հնչեցրած բացասական գնահատականի ֆոնին:
Հայաստանի մասնակցությունը «ԵՄ+3»-ին Մոսկվան կընկալի իբրև նրան տարածաշրջանային հաղորդակցության համակարգերից դուրս մղելու քաղաքականության նոր դրսևորում: Ռուսաստան-ԵՄ գերլարված հարաբերությունների պայմաններում դա կարող է Մոսկվային դրդել պատասխան քայլերի:
Այսպիսով, իր առաջարկված ձևաչափից Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի բացառումը Բրյուսելի կողմից փորձ է ձևավորելու տարածաշրջանային կապվածության այնպիսի շրջանակ, որը բացառում է իր համար անհաճո խաղացողների մասնակցությունը։ Այս պարագայում Հայաստանը կարող է հայտնվել ուժային կենտրոնների բախման առաջնագծում՝ առանց եվրոատլանտյան նոր ծրագրի հեղինակների և հովանավորների կողմից տրված անվտանգության երաշխիքների:
Ուժերի անհավասարակշռություն և «անվտանգության պատրանք»
Եթե տեսականորեն անտեսենք դուրս մղվող եռյակի տեսակետները, արդեն իսկ միայն այն անվիճելի իրողությունը, որ Հայաստանը «ԵՄ + Թուրքիա + Ադրբեջան + Հայաստան» քառանկյան ամենաթույլ կողմն է, դիտարկվող ձևաչափը մեզ համար կարող է խնդիրներ հարուցել, քանի որ Երևանը ստիպված կլինի ստորադասել իր շահերը Բրյուսելի և Անկարայի «մեծ ռազմավարություններին» (grand strategies):

Որպես հետևանք, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը կարող է դառնալ նոր խոցելիության աղբյուր և կապվածության հարցերը փոխակերպել անվտանգության խնդիրների: Առանց հստակ կանոնների, վերահսկման մեխանիզմների և միջազգայնորեն ամրագրված իրավական երաշխիքների տրանսպորտային լուծումները կարող են դառնալ անկայունության, այլ ոչ թե զարգացման աղբյուր:
ԵՄ նախաձեռնությունը վերարտադրում է խոշոր ուժային կենտրոնների կոշտ մրցակցության տրամաբանությունը և նպաստում նեղ կոալիցիաների, այլ ոչ թե ներառական կառույցների ստեղծմանը: Չի կարելի բացառել, որ խոստացված կապվածությունը Հայաստանի համար որոշ հանգամանքներում կարող է վերածվել նոր մեկուսացման և թուրք-ադրբեջանական դաշինքից վասալական կախվածության:
Առաջարկված ձևաչափի միջոցով տրանսպորտային շրջափակումը խզելու ձգտումը մեր երկիրը կարող է առերեսել միջազգային հարաբերություններում հայտնի «ներքաշում» (entrapment) կամ «լքում» (abandonment)» երկընտրանքի հետ, այն է՝ ներքաշվել այլոց աշխարհաքաղաքական կոշտ մրցակցության մեջ կամ խիստ անհրաժեշտ պահին մնալ միայնակ և լքված։
15 միլիոն եվրո օգնությունը և «ԵՄ+3»-ը մեկ ռազմավարության տարրեր են
Որոշակի հարցեր են առաջանում «ԵՄ+3» նախաձեռնության մասին հայտարարությունից անմիջապես հետո ԵՄ-ի կողմից Հայաստանի իշխանությանը 15 մլն եվրո օգնություն տրամադրելու որոշման կապակցությամբ։

Ըստ հայտարարության, ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն 2026թ. հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանը «հիբրիդային սպառնալիքներից» պաշտպանելուն։ Նման զուգատիպությունը պատահականություն չէ, այլ Բրյուսելի տրամաբանության արտահայտությունն է: Այս օգնությունը կարելի է մեկնաբանել որպես քաղաքական ազդանշան և պաշտոնական Երևանի համար որոշակի «ապահովագրություն». ԵՄ-ն դրսևորում է առաջիկա ներքաղաքական գործընթացներին կոպիտ միջամտելու և գործող իշխանությանը բացահայտորեն աջակցելու աննախադեպ մոլեռանդություն։
Պարզունակ մոտեցում կլինի նման դիրքորոշումը դիտարկել տակտիկական կտրվածքով: Ժողովրդավարական ինստիտուտներին և ընտրական գործընթացներին նպաստելու ծրագրերը հանդիսանում են Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի ավանդական գործիքակազմը: Ուստի, նպատակահարմար է ԵՄ-ի ֆինանսական օգնությունը և «ԵՄ+3» նախաձեռնությունը դիտարկել որպես Բրյուսելի տարածաշրջանային ռազմավարությունը փոխլրացնող տարրեր։ Արդյունքում, ԵՄ-ն Հայաստանը ոչ միայն կներքաշի իր ուղեծիր, այլև իր համար անցանկալի տարածաշրջանային դերակատարների հետ աշխարհաքաղաքական դիմակայության մեջ: Այն, որ անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն իր աշխարհաքաղաքական ծրագրերն առաջ մղելու նպատակով ակնկալում է իր արևելյան գործընկերներից որոշակի «ծառայություններ», վկայում է հենց Վրաստանի դառը փորձը։ Այստեղից էլ բխում է ՀՀ ներկա իշխանության պարտքը՝ բազմակողմանիորեն ու առանց նեղ կուսակցական շահի գնահատել` արդյոք Բրյուսելի առաջարկած ձևաչափը մեր ինքնիշխան մանևրի ընդլայնման հնարավորությո՞ւն է, թե՞ Հայաստանն աշխարհաքաղաքական բևեռների միջև աճող մրցակցության մեջ ներքաշելու հնարք։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
