Հարսանիք հոգեբուժարանում՝ ուրախ դիակառքով

Խորհրդարանական ընտրությունների պատրաստվող երկրի գրոտեսկային ու գռեհիկ պատկերը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ուրախ ավտոբուսն» է։ Այն շաբաթվա հաստատուն օրերին շրջում է հանրապետությունով մեկ՝ հնարավորինս շատ բնակավայրերի մարդկանց ցույց տալով այն սիմվոլիկ փոխադրամիջոցը, որում իրենց առաջարկվում է խցկել Հայաստանը՝ ընտրություններում ՔՊ-ի օգտին քվեարկելու միջոցով։

Ցածրակարգ երաժշտության տակ անուղեղ մսազանգվածի խրախճավայր դարձած այդ ավտոբուսն իրականում դառնալու է պետության դիակառքը, որի փտման գործընթացն արագացնելու են դրանում ծամվող սուջուխի ու լավաշի մնացուկները։

«Ուրախ ավտոբուսով» կատարվող շրջայցն իրականում ոչ թե քարոզարշավ է, այլ հասարակության նվաստացման հրապարակային ակտ։ Որովհետև նման ուղևորներով ու բովանդակությամբ ավտոբուսով պետության ընթացքը շարունակելու ընտրության առաջարկն արդեն որևէ ազգի ու հանրության հանդեպ վիրավորանքի դրսևորում է։

Բայց ավտոբուսի ուղևորները՝ ոգեշնչված նրանից, որ նույն հանրությունն արդեն ավելի քան վեց տարի հանդուրժում է իրենց կողմից ոչ միայն զանազան բրդուճների ու պերաշկիների, այլ նաև ազգային ինքնության, հիշողության ու արժանապատվության ծամումն ու մարսումը, հանրապետության ողջ տարածքով անցնելով՝ ընտրություններից առաջ ևս մեկ ու վերջին անգամ թքում են քաղաքացիների ուղղությամբ։

Կարդացեք նաև

Թքում են դեռևս այնքան անպատիժ ու թքում են այնպես, ինչպես ավտոբուսի գլխավոր ծամողներից մեկը՝ թիկնապահների ավար դարձած քաղաքացու երեսին։

Ավելի քան հարյուր երեսուն տարի նման իրավիճակների համար բնորոշ «Հիվանդասենյակ N 6» արտահայտությունը Հայաստանում փոխարինվել է «Ուրախ ավտոբուս» ախտորոշմամբ։ Բայց ի տարբերություն չեխովյան գրական կերպարների, հայկական ավտոբուսի ռաբիս բնակիչները կայացնում են պետության ու հանրության համար կենսական որոշումներ։

Նրանց ընտրական առաջարկն ընդունելով՝ մարդիկ թույլ են տալու, որպեսզի ավտոբուսային խրախճանքը շարունակվի, պայմանով, որ դրանից հանրությանը նետված սննդային մնացորդները թափվելու են պլպլան ասֆալտին։

Մեղադրել հանրությանն այս տեսարանի հանդեպ անհաղորդության մեջ, կարելի է և միևնույն ժամանակ՝ հեշտ է։ Բայց հանրությունը, ունենալով իր մեղքի մեծ մասնաբաժինը, այդուհանդերձ շարունակում է իներցիան նաև այն պատճառով, որ զգում է՝ ուրախ ավտոբուսի ուղևորներ են ուզում դառնալ շատերը, նաև իրեն մեղադրողներն ու ավտոբուսի այսօրվա կլկլոցը «բլատնոյ» երաժշտությամբ փոխարինել ցանկացողները։

Այսօրվա իրողությունների պահպանման դեպքում հունիսի 7-ը վերածվելու է «Հարսանիք հոգեբուժարանում» ներկայացման։ Հատկապես՝ ուղևորներից մեկի նորահայտ ընտանեկան կարգավիճակի բերումով։

Ու առանձնապես այն պատճառով, որ «Հարսանիք լեռներում» օպերացիայով հազարամյա հող ազատագրածների մի մասը դեմ չէ այսօր դառնալ «Հարսանիք հոգեբուժարանում» համազգային տրագիկոմեդիայի մասնակիցը՝ իր նպաստը բերելով իրականում «Ուրախ դիակառքի» վերածված Հայաստանի կառնավալային հուղարկավորությանը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս