44-օրյայի զեկույցը հիմա 200-ից ավելի է՞ջ է, թե՞ 400-ից ավելի. Ի՞նչ է խառնում Անդրանիկ Քոչարյանը, և ի՞նչ կարևոր բաներ չի հիշում

Վերջին օրերին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրեթե իրար հետևից տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ է տվել («Ֆակտոր», «Կենտրոն» հեռուստաընկերություն, «Արմենիա» հեռուստաընկերություն): Եվ, բնականաբար,  բոլոր տեղերում չի շրջանցվել 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը, նշվել է, որ իրավական նպատակն է կարևոր, ոչ թե այն ֆորմալ ժամկետները, որը վիճելի է` խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել։

Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ 44-օրյայի զեկույցն իր ճանապարհը կգտնի, բայց ե՞րբ, հայտնի չէ: Մի բան հստակ է՝ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ թույլատրելի հատվածները չի ներկայացնի հանրությանը, և ոչ էլ զեկույցի եզրակացության կտորը, որը, ինչպես Քոչարյանն է պնդում, հիմնված է անհերքելի փաստերի վրա, և ինքը կցանկանար, որ գործընկերների հետ քննարկման արդյունքում ինչ-որ պահի հրապարակվեր:

Այսինքն, նույնիսկ այն դեպքում, երբ շատ առանցքային դեմքեր չեն հարցաքննվել, շատ կարևոր դրվագներ հաշվի չեն առնվել, և, ըստ էության, փորձ է արվել մաքրել քաղաքական ղեկավարությանը 2020-ի պատերազմում պարտության պատասխանատվությունից, զեկույցն ունի նաև այլ և շատ կոնկրետ սուբյեկտիվ կողմ, ինչի մասին գրել ենք, միևնույն է՝ գործող իշխանությունները որոշակի վախեր ունեն:

Նշենք, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ նախագահին փոխանցվել է 2025 թվականի սեպտեմբերի 3-ին:

Կարդացեք նաև

Իսկ մեկ ամիս հետո Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ զեկույցը 215 էջ է, իսկ միայն եզրակացությունը՝ մոտ 20 էջ:

Բայց արի ու տես, որ 2026 թվականի մարտի 17-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարել է.

«Քննիչ հանձնաժողովի զեկույցը 400 էջից ավելի դարձավ՝ իր տեսագրություններով, տեքստային մասով, արձանագրություններով: Այն մնայուն արժեք է այն առումով, որ պետական կառույցներն ուսումնասիրելով՝ հասկանան՝ 44-օրյա պատերազմում մեր պարտության հիմքերը որտե՞ղ պետք է տեսնեն։ Իսկ հիմքերը, երբ տեսնում ես, նաև դասեր քաղելով լուծում ես այն խնդիրները, որի մասին խոսեցինք սկզբում` սպառազինության, կադրերի պատրաստության, օրենսդրության փոփոխության, կառավարության ծրագրի կատարման հետ կապված»:

Ընդ որում, զեկույցի՝ մոտ 200 էջ լինելու մասին Անդրանիկ Քոչարյանը միայն Հանրային հեռուստաընկերության եթերում չի ասել, այլ մնացած բոլոր ճեպազրույցներում և հարցազրույցներում:

Թե ինչպես է հիմա զեկույցի ծավալը մոտ 200 էջով ավելացել, պարզ չէ՝ լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞… Ի վերջո, Անդրանիկ Քոչարյանի դեպքում նման առաջին դեպքը չէ. 2025թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833, որը նույն ժամանակ հաստատել էր նաև ՀՀ քննչական կոմիտեն, իսկ 2025թ. նոյեմբերի 19-ին Factor TV-ին տված հարցազրույցում նույն Անդրանիկ Քոչարյանը նշել էր. «Ես մի թիվ ասեմ, կբավարարի՞ Ձեզ՝ 3987»:

Իսկ 2026 թվականի մարտի 17-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի և Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի համատեքստում պնդել է, թե «այսօր մենք ավելի պաշտպանված ենք, քան 44-օրյա պատերազմից առաջ և նույնիսկ քառօրյա պատերազմից հետո», և, որ 44-օրյա պատերազմից դասեր են քաղել և ձեռք բերել ժամանակակից սպառազինություն, պատրաստել որակյալ կադրեր:

«Այսօր մենք ավելի պատրաստված ենք, քան եղել ենք 2020 թվականի ընթացքում։ Եթե քառօրյայի և 44-օրյա պատերազմի ժամանակ ունենայինք այսօրվա ամրոցները, համակարգը, լրիվ այլ պատկեր կունենայինք։ Ուժային գործողությունների ժամանակ շատ կարևոր է, թե առաջին հարվածը ոնց ես ընդունում, կասեցնում և հակահարված հասցնում։ Եվ այսօր այս ամրոցները մեզ հնարավորություն են տալիս Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ունենալ ինժեներական այնպիսի համակարգ, որն առաջին իսկ հարվածը կասեցնելու մեծ հնարավորությամբ է օժտված՝ օդային, ցամաքային»:

Անդրանիկ Քոչարյանը շատ ճիշտ է ասում, որ պատերազմի և ռազմական գործողությունների ժամանակ շատ կարևոր է, թե ինչպես ես ընդունում առաջին հարվածը: Եվ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող առանցքային խնդիրներից մեկն էլ հենց սա է՝ ինչո՞ւ Պաշտպանության բանակը, զինված ուժերն ամբողջությամբ պաշտպանության անցած չեն եղել, ինչը վկայող բաց փաստեր կան, և նաև դրա պատճառով է, որ պատերազմի առաջին ժամերին մեծաթիվ զոհեր և նյութական կորուստներ ենք ունեցել, ինչի մասին գուցե Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովում ասած լինի, քանի որ պատերազմի օրերին առաջիններից էր, որ այս մասին խոսել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը:

Այսինքն, հարցը նրանում է՝ ե՞րբ է տրվել «համար մեկ պատրաստության» հրամանը, իսկ ինչ-որ հրամաններ, կարգադրություններ դեռ 2020 թվականի սեպտեմբերի 23-ից այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն արձակել է: Արդյո՞ք այս հարցը քննարկվել է, արդյո՞ք ռազմական նախկին ղեկավարությունն իրենց հարցաքննությունների ժամանակ պարզաբանել են, թե ինչու ենք առաջին հարվածն ընդունել այնպես, ինչպես ընդունել ենք:

Եթե ոչ՝ վատ է, եթե այո, ապա՝ վատ է, որ չեն արձագանքում և թույլ են տալիս Անդրանիկ Քոչարյանին կամ իշխանություններին հարմար թեզերը շրջանառվեն:

Մյուս կողմից, իրենց ժամանակին տարածած հայտարարություններում և՛ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, և՛ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը որոշ բաներ ասել են, բայց դա բավարար չէ, հարկ է որոշ դեպքերում առանցքային հարցերի վրա լույս սփռել, որոնք իշխանությունները դաշտ են նետում: Իսկ Անդրանիկ Քոչարյանը պիտի որ շատ լավ իմանա, որ 44-օրյա պատերազմում ձախողել է առաջին հերթին կառավարման համակարգը:

Եվ քանի որ իր հարցազրույցում նա նշել է նաև օրենսդրության մասին, ապա արդյո՞ք Քննիչ հանձնաժողովում քննարկել են՝ ինչպե՞ս է, որ պատերազմի օրերին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում ԳՇ պետը դե ֆակտո ենթարկվել է իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին, և ոչ թե՝ Պաշտպանության նախարարին, ինչը պահանջում է օրենսդրությունը:

Ի դեպ, ժամանակին «Իսկանդերի» կիրառման պլանը խայտառակ համարող Անդրանիկ Քոչարյանը կարո՞ղ է այսօր ասել՝ ի վերջո, ինչո՞ւ պատերազմի 2-րդ օրը, օրինակ, չկիրառվեց այն:

Նշենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցը,որի ժամանակ հարցին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝ Անդրանիկ Քոչարյանը կոշտ պատասխանել էր.

«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:

Այսօր կարո՞ղ է ասել՝ կա՞ր տրամաբանություն այն բանում, թե ե՞րբ, ինչպե՞ս և ո՞ր ուղղությամբ ի վերջո «Իսկանդերը» կիրառվեց, և ինչո՞ւ:

Իրականում այս հարցադրումների և հիշեցումների շարքը կարելի է շարունակել, բայց կարիք չկա ավելորդ կրկնության:

Ինչ վերաբերում է, ինչպես Անդրանիկ Քոչարյանն է ասում՝ ամրոցներին, ապա դրանք վատ բան չեն, բայց «ռազմական մկրտություն» չեն ստացել, և հետո, ինչպես արդեն նշեցինք՝ եթե կառավարման համակարգ փաստացի գոյություն չունի, երբ պետական բոլոր օղակները պատրաստ չեն պատերազմի, ապա սպառազինությունը, ամրոցները չեն կարող փրկօղակ լինել և հաղթանակ ապահովել:

Արդյո՞ք բան է փոխվել այս առումով, արդյո՞ք Հայաստանում պատերազմում պարտված իշխանությունը չէ, արդյո՞ք վերացվել են օրենսդրական բացերը, պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է:

Տեսանյութեր

Լրահոս