Բժիշկը նշել է՝ տարեկան քանի անգամ պետք է արյան անալիզ հանձնել
Մարդը պետք է տարին մեկ անգամ արյան ընդհանուր անալիզ հանձնի, իսկ եթե ունեք քրոնիկ հիվանդություններ կամ հղի եք, բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի հաճախակի հետազոտություններ: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հետբուհական կրթության բժշկական ակադեմիայի Ի.Ա. Կասիրսկու և Ա.Ի. Վորոբյովի անվան արյունաբանության և փոխներարկաբանության ամբիոնի վարիչ և Ս.Պ. Բոտկինի անվան Մոսկվայի բազմամասնագիտական գիտաբժշկական կենտրոնի արյունաբանության, ուռուցքաբանության և քիմիաթերապիայի ցերեկային հիվանդանոցի ղեկավար Եվգենի Նիկիտինը։
«Եթե մարդն իրեն լավ է զգում և քրոնիկ հիվանդություններ չունի, բավարար է տարին մեկ անգամ արյան ամբողջական անալիզ հանձնել՝ որպես պլանային զննման մաս: Եթե մարդը քրոնիկ հիվանդություններ ունի, հղի է, տարեց է կամ որոշակի դեղամիջոցներ է ընդունում, բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի հաճախակի հետազոտություններ»,- ասել է Նիկիտինը:
Բժիշկը հավելել է, որ եթե առաջանում են թուլություն, հաճախակի վարակներ, արյունահոսություն կամ լիմֆատիկ հանգույցների մեծացում, ապա պետք է շտապ արյուն հանձնել՝ առանց սպասելու նշանակված հետազոտությանը։



