Նիկոլը դրսում ծախել է «Կրեմլի ագենտ» հեքիաթը. ընտրություններն արդեն կեղծվում են. Արմեն Աշոտյան
«Եվրոպական Միությունում ղեկավարության մակարդակով կա հստակ քաղաքական որոշում. աչք փակել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ներսում բոլոր ռեպրեսիաների, քաղաքական մրցակիցներին ու հակառակորդներին ճնշելու, ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրությունները կեղծելու գործընթացի վրա»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով օրերս է վերադարձել Բրյուսելից։ Նա փոխանցեց Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի հետ կապված՝ Բրյուսելում տիրող տրամադրությունները։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ ԵՄ ղեկավարության մոտ կա որոշում, որ Նիկոլ Փաշինյանին տան «քարտ-բլանշ», քանի որ ակնհայտ է՝ դրսում նա համաձայն է սպասարկել նրանց շահերը, իսկ երկրի ներսում կարծես թե ստացել է ինդուլգենցիա անելու այն, ինչ պետք է վերարտադրությունն ապահովելու համար։
«Շատերը չեն էլ թաքցնում, խնդիրը հենց այդպես էլ ձևակերպված է, ոչ թե ժողովրդավար, ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել, այլ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Եթե նկատել եք, ԵՄ բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների բառապաշարից դուրս է եկել ազատ, արդար ընտրությունների թեզը։ Նախկինում ձայնասկավառակի նման խզված, պարբերաբար նույն բանն էին ասում, հիմա բացարձակ այդ թեզի վրա չեն կենտրոնանում, որովհետև գիտեն, որ ազատ ու արդար ընտրություններով Նիկոլը երբեք չի վերընտրվելու։
Նիկոլ Փաշինյանը դրսում ծախել է «Կրեմլի ագենտ» հեքիաթը, իրենք էլ շատ լավ գիտեն, որ այս ամենը հեքիաթ է։ Ես իմ հանդիպումների ընթացքում բառացի ցիտում էի «ԲԻ ԲԻ ՍԻ»-ին, որին դժվար է մեղադրել պրոռուսական ԶԼՄ լինելու մեջ, լիբերալ, գլոբալիստական մեդիայի վերլուծականներն ու նյութերն առ այն, որ եթե Ռուսաստանին վերագրվում է միջամտության վտանգ, ապա Արևմուտքն ակնհայտ է, որ միջամտում է և շատ ուղիղ»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Շարունակելով՝ նա մանրամասնեց, որ առաջիկա ընտրություններին Արևմուտքի միջամտության շարքից են՝ ապատեղեկատվության՝ 15 մլն եվրոյի գումարը, Արարատ Միրզոյանի բացահայտված նամակը Հայաստան «հատուկ խումբ» գործուղելու մասին, ԱՄՆ փոխնախագահի ակնհայտ միջամտությունը ՀՀ ներքին կյանքին, նաև Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը։
Լրագրողներն Արմեն Աշոտյանից նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են լարվել իր և Աղվան Վարդանյանի հարաբերությունները, սակայն Արմեն Աշոտյանը չհամաձայնեց ձևակերպման հետ, շեշտելով՝ լարվել են ոչ թե իր և Աղվան Վարդանյանի հարաբերությունները, այլ լարվել են 2 քաղաքական թիմերի հարաբերությունները։
«Իմ և Աղվան Վարդանյանի վերջին «փոխհրաձգությունները» ոչ թե անհատական կամ անձնական բնույթ ունեն, այլ ակնհայտ է, որ ներընդդիմադիր քաղաքական վերադասավորումների հետևանք է և մեզ պարտադրվող անհասկանալի խժդժություններ։
Ես իմ տեքստի մեջ գրել եմ, որ այդ ամենը ոչ թե Աղվան Վարդանյանն է բեմադրել, այլ բեմադրիչները, թե ովքե՞ր են բեմադրիչները՝ իմ տեքստում թվարկված է»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



