Բաժիններ՝

Վրաստանի ԱԳ նախարարը պարզաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը

Վրաստանը չի կիրառում հակառուսական պատժամիջոցներ, քանի որ դրանք կպարունակեն հսկայական ռիսկեր Վրաստանի համար՝ գործնականում որևէ ազդեցություն չունենալով Ռուսաստանի վրա։ Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Մենք չենք կարող և չենք կիրառում պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ դրանք գործնականում ոչ մի ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վրա, մինչդեռ դրանց ազդեցությունը Վրաստանի վրա կարող է լուրջ լինել։ Մենք նաև չգիտենք, թե նման քայլը ինչ անվտանգության սպառնալիքներ կստեղծի մեր երկրի համար, և մենք որևէ անվտանգության երաշխիք չունենք»,- ասել է Բոճորիշվիլին

Նա հիշեցրել է, որ Վրաստանը որևէ ռազմական կամ քաղաքական դաշինքի անդամ չէ, հետևաբար որևէ տեսակի անվտանգության հովանոց չունի։ «Այս պայմաններում ցանկացած քայլ, որը նույնիսկ աննշան հարցականի տակ է դնում մեր երկրի անվտանգությունը, անպատասխանատվության դրսևորում է։ Վրաստանը չի կարող և չունի անպատասխանատու կառավարություն։ Մենք չենք ձեռնարկի որևէ քայլ, որը, թեկուզև աննշան, կվտանգի այս երկրի անվտանգությունը»,- ասել է ԱԳ նախարարը։

2022 թվականի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իր երկիրը չի միանա Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի կողմից անցկացված հատուկ գործողության։

Վրացական ընդդիմության անդամները բազմիցս մեղադրել են իշխանություններին Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս