Կոռուպցիա՝ պետական մակարդակով․ Աղքատությունից՝ միլիոնատեր մեկ ՔՊ է
Դատարկ գրպաններով իշխանության եկած ՔՊ-ականներն այնքան են հղփացել, որ արդարադատության նախարարը կարող է իրեն թույլ տալ ասել, թե 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ինքը չունենա։ Ոչ վաղ անցյալում, երբ դեռ իշխանության չէին, կերազեին ընդհանրապես տուն ունենալու մասին, այսօր 200 հազար դոլարանոց տունը մեծ բան չեն համարում։
Զարմանալի չէ, որ մեկ այլ կարկառուն ՔՊ-ական էլ՝ ի դեմս ՔՊ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, որը պարբերաբար բոցաշունչ ելույթներ է ունենում նախկինների թալանի ու կոռումպացվածության վերաբերյալ, նորմալ է համարում, որ կարող է թանկարժեք առանձնատուն ձեռք բերել, այն էլ՝ շուկայականից անհամեմատ էժան գնով։
Արդարադատության նախարարը կամ Հայկ Կոնջորյանը եզակի երևույթներ չեն ՔՊ-ում, որ վերջին տարիներին բնակարանների տեր են դարձել։ Գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներն են այդպես. Իշխանության գալուց հետո բոլորը համատարած բնակարան են գնել, երբեմն մեկի փոխարեն՝ մի քանիսը։
Ինչպե՞ս է ստացվել, որ հասարակության մի ստվար զանգված շարունակում է աղքատության մեջ ապրել, իսկ իշխանության եկած ՔՊ-ականների կյանքը միանգամից այսպես փոխվել է, դժվար չէ հասկանալ։ Բնակարանները, որոնք մանրով ու մեծով ձեռք են բերել, ձեռք են բերել ժողովրդի փողերով։ Իրենց համար ստեղծել են արտոնյալ պայմաններ՝ բնակարանի տեր դառնալու համար։ Ոչ միայն պետության փողերով իրենց բարձր աշխատավարձեր են վճարել, նաև պարգևավճարներ են ստացել։
«Օրինական» կաշառք են ստացել պետությունից՝ պարգևավճարների ձևով։ Դա էլ քիչ է, հիմքեր են ստեղծել իրենց համար՝ եկամտային հարկի վերադարձով պետության հաշվին արտոնյալ պայմաններով բնակարանի տեր դառնալու համար։
Չլինեին այս արտոնյալ պայմանները, քանի՞ ՔՊ-ական կարող էր իրեն թույլ տալ բնակարան գնել։
Ահա թե ինչպես է ստացվել, որ համատարած բոլորը բնակարան են ձեռք բերել։ Բնակարանները, որոնք ՔՊ-ական պաշտոնյաները գնել են, գնել են եկամտային հարկի վերադարձի՝ իրենց պարգևատրած արտոնությամբ։
7 տարում պետական բյուջեից 1 մլրդ դոլարի եկամտային հարկի գումար են վերադարձրել։ Դրա մի մասն էլ գնացել է այն ՔՊ-ական մանր ու մեծ պաշտոնյաների գրպանը, որոնք հիփոթեքով բնակարան են գնել ու հետ ստացել վճարած եկամտային հարկը։
Այնպիսի աղաղակող անարդարություն, որը դրել են հիփոթեքով բնակարան գնելու ծրագրի տակ, նախկինները պարզապես կերազեին։
Ժամանակին, երբ նախկինները նախաձեռնում էին այդ ծրագիրը, նպատակ ունեին մի կողմից՝ ակտիվացնել բնակարանային շինարարությունը, մյուս կողմից՝ լուծել սոցիալական խմբերի բնակարանային ապահովության հարցերը։
ՔՊ-ականներն այնպես վերաձևեցին, որ դարձրեցին սեփական բնակարանային ապահովության ծրագիր, ու բոլորը՝ մեկ մարդու նման, օգտվեցին դրանից։ Այսօր էլ արդարանում են, թե բնակարանները, որոնք ձեռք են բերել, ձեռք են բերել հիփոթեքով։ Մոռանում են, որ այդ հիփոթեքի մի մեծ կտոր իրենց փոխարեն՝ վճարում է պետությունը։
Այն գումարները, որոնք եկամտային հարկի տեսքով պիտի մտնեին բյուջե, ծառայեին հասարակության ու պետության խնդիրները լուծելուն, դուրս են բերում բյուջեից՝ իրենց իսկ ստեղծած օրենսդրական հիմքերի միջոցով։
Սա պետական մակարդակով ստեղծված կոռուպցիա է։
Մեկ միլիարդ դոլարը, որն այս ծրագրով հանել են, մեծ գումար է բյուջեի համար։ Այդ գումարներով ինչքան սոցիալական ու ոչ սոցիալական խնդիրներ կարող էին լուծվել, եթե իրենց այդպիսի ճոխություններ թույլ չտային։
Ժամանակին, երբ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը ներդրվում էր, նախատեսվում էր, որ այն պետք է ունենա կարճաժամկետ բնույթ։ Իշխանազավթումից հետո դարձրեցին երկարաժամկետ, ինչի հետևանքով այսօր պետական բյուջեն հայտնվել է չափազանց ծանր դրության առաջ։
Փող չունենալու պատճառաբանությամբ՝ սոցիալական խոցելի խմբերի խնդիրները չեն լուծում, փոխարենը՝ տարեկան արդեն 250-300 մլն դոլար են վերադարձնում մարդկանց, այդ թվում՝ ՔՊ-ական պաշտոնյաներին ու ոչ պաշտոնյաներին՝ վճարած եկամտային հարկերի միջոցով։
Տարիներ շարունակ դեռ հսկայական գումարներ են վերադարձնելու։ Ու այդ գումարները գնալու են փակելու հարուստների, այդ թվում՝ հարստացած ՔՊ-ականների ձեռք բերած բնակարանների արժեքները։
Արդարադատության նախարարը, Հայկ Կոնջորյանն ու մյուս պաշտոնյաները, որոնք այս տարիներին արտոնյալ պայմաններ ստեղծելով իրենց համար՝ բնակարան են ձեռք բերել, թող բարի լինեն ասել, թե այդ բնակարանների դիմաց անհատապես ինչքա՞ն գումար են հանում պետական բյուջեից։ Տարեկան ընդհուպ՝ մինչև 6 մլն դրամ։ Տասը տարում կստացվի 60 մլն դրամ։
Գուցե ոչ բոլորին բախտ կվիճակվի այդքան գումար հետ ստանալ պետությունից, բայց դրա առնվազն կեսը գրեթե երաշխավորված է՝ իրենց ու իրենց հարազատների բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների արդյունքում։
Նույն Հայկ Կոնջորյանը ոչ միայն ինքն է բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստանում, հիփոթեք մարում ու եկամտային հարկը հետ ստանում, այլև կինը, որին տաքուկ տեղավորել է «Հայփոստի» տնօրենի պաշտոնում՝ մի քանի միլիոն դրամ աշխատավարձով։
Եվ սա միայն Կոնջորյանների ընտանիքին չի վերաբերում։
Բազմաթիվ ՔՊ-ականներ են այս ընթացքում հասցրել ընտանիքներով տեղավորվել պետական բարձր պաշտոններում։ Նախկինում սուրճի փող չունեին, հիմա արդեն բնակարան գնելը նրանց համար դարձել է հասարակ բան։ Հարյուր հազարանոց բնակարանների ու առանձնատների տեր են դարձել։
Արարատ Միրզոյանը, ով հեռուստացույցի փող չուներ, հիփոթեքով առանձնատուն է գնում։ Հիփոթեքով առանձնատուն է գնում Ալեն Սիմոնյանը։ Նախկին նախարար Գնել Սանոսյանն է մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն կառուցում մոր անունով։ Քիչ է՝ Տիգրան Ավինյանի մայրն է առանձնատուն գնում, հայրն էլ ճոխ առանձնատուն է կառուցում Սևանի ափին։
Կադաստրի կոմիտեի նախագահին հարց են տալիս, թե՝ որտեղի՞ց ձեզ այդքան փող, որ առանձնատուն եք գնել, ասում է՝ մինչև պաշտոնի անցնելը դասախոսել եմ, փող եմ աշխատել։ Բա ինչո՞ւ մյուս դասախոսներն իրենց աշխատած փողով չեն կարողանում իրենց թույլ տալ առանձնատուն գնել։
Բազմաթիվ են այն պաշտոնյաները, որոնք այս ընթացքում բնակարանների, երբեմն՝ թանկարժեք բնակարանների ու առանձնատների տեր են դարձել։ Ո՞ւմ հաշվին, պետության ու ժողովրդի հաշվին։ Ժողովուրդը, առնվազն ժողովրդի 21.7 տոկոսն օրվա հացի փող չունի, իսկ ՔՊ-ականները 200 հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերելն այլևս իրենց համար մեծ բան չեն համարում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
