Թրամփի «խաղաղությունը»՝ որպես անկայուն գործարք տարբեր ռեգիոններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, օրերս շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին Նոբելյան խաղաղության մրցանակին իր թեկնածությունն առաջադրելու համար, Ուկրաինայի պատերազմն ավարտելու դեռևս ապարդյուն ջանքերին զուգահեռ՝ միջնորդական ջանքեր ներդրեց նաև Թաիլանդ-Կամբոջա ռազմական բախումները դադարեցնելու և հոկտեմբերին ԱՄՆ մասնակցությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրին վերադառնալու համար։

ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ զանգահարել է Թաիլանդի և Կամբոջայի վարչապետներին՝ երկու կողմերի միջև նոր ռազմական բախումները լուծելու համար։ Ըստ Թրամփի՝ զրույցը «շատ լավ» է եղել, և երկու առաջնորդները համաձայնել են վերադառնալ հոկտեմբերին ԱՄՆ մասնակցությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրին։ «Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ սկսած այսօր երեկոյան, և վերադառնալ սկզբնական խաղաղության համաձայնագրին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։ Չնայած դրան, զուգահեռաբար տեղեկություններ տարածվեցին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև մարտական ​​գործողությունները վերսկսվել են։ Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ռազմական գործողությունները, «մինչև մենք այլևս չզգանք մեր հողի և ժողովրդի կողմից սպառնալիք»։ Քաղաքական գործիչն ասել է, որ ինքը տեղեկացրել է Թրամփին այդ մասին։ Նա նշել է, որ հրադադարը հնարավոր է, երբ Կամբոջան դուրս բերի իր բոլոր զորքերը վիճելի տարածքներից։

Կարճ ժամանակ է անցել նաև Թրամփի մերձավորարևելյան ռեգիոնում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերից։ Հոկտեմբերի կեսին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխում ընթացող գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածի հակամարտության դադարեցման մասին պայմանագիր ստորագրեց։

«Սա իսկապես շատ կարևոր փաստաթուղթ է»,- հայտարարել է Թրամփն արարողությունից հետո՝ այն անվանելով Մերձավոր Արևելքում երբևէ կնքված գործարքներից «ամենամեծն ու ամենադժվարը»: Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների առջև՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը նշանակում է տարածաշրջանում խաղաղության հաստատում: «Պատմական համաձայնագրով, որը մենք հենց նոր ստորագրեցինք, վերջապես լսվեցին միլիոնավոր աղոթքներ։ Միասին մենք հասանք անհնարին՝ վերջապես խաղաղություն ունենք Մերձավոր Արևելքում»,- ասել էր Թրամփը։

Կարդացեք նաև

Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել էր, որ խաղաղության փաստաթղթի ստորագրումը բացառում է նոր համաշխարհային պատերազմի հավանականությունը: Գազայում խաղաղության հաստատման առաջին փուլն ընթացքի մեջ է։ Թրամփը խոստացել է հայտարարել խաղաղության համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման մեկնարկը հայտարարելու մասին։

Սակայն Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատված չէ, քանի որ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի «Հըզբոլլահ»-ի կառույցներին այն դեպքում, երբ Իսրայելն ու Լիբանանը 2024-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել և մինչ այսօր Իսրայելն ու Լիբանանը միմյանց մեղադրում են հրադադարի խախտումների մեջ։

Թրամփի վարչակազմն անընդհատ բանակցություններ է վարում Ռուսաստանի, Ուկրաինայի, եվրոպական երկրների հետ՝ ավարտին հասցնելու համար պատերազմն Ուկրաինայում, սակայն այդ նախաձեռնությունները, այդ թվում՝ վերջինը, որը դեռ քննարկվում է, կարծես մեծ հաջողության չի արժանանում։ Թրամփի ներկայիս վարչակազմն իսկապես ծավալուն դիվանագիտական աշխատանք է կատարում աշխարհում։ Ի տարբերություն ԱՄՆ նախորդ վարչակազմերի, այդ թվում՝ Թրամփի նախագահության առաջին շրջանին, Թրամփի աշխատակազմը ներկայումս միջամտում է ու փորձում բանակցել, խաղաղություն հաստատել գրեթե բոլոր նոր և հին հակամարտություններում։

Սակայն խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարված «խաղաղության հաստատման» ռազմավարությունը միջազգային հարաբերություններում ավելի ու ավելի է ընկալվում՝ ոչ թե որպես կայունության կառուցման փորձ, այլ՝ որպես կարճաժամկետ քաղաքական գործարքների շղթա, որոնք խորքային առումով ձախողվել են գրեթե բոլոր ռեգիոններում։

Թրամփյան դիվանագիտության առանցքը եղել է արագ արդյունքների ցուցադրումը՝ ներքին քաղաքական սպառման համար, ինչը համակարգային խաղաղարար մոտեցումը փոխարինել է պայմանական համաձայնություններով, որոնք զուրկ են ինստիտուցիոնալ երաշխիքներից։

Եվ այստեղ Հայաստանի համար խնդիրն այն է, որ Թրամփի միջնորդությունն ու անձամբ նրա մասնակցությունը Վաշինգտոնյան պայմանավորվածություններում հայաստանյան շատ շրջանակներ ներկայացնում են՝ որպես խաղաղության և պայմանավորվածությունների երաշխիք։ Այս ամենին գումարվում է նաև այն, որ ալիևը շարունակում է զարգացնել, այսպես կոչված, «վերադարձի» թեման, նոր խնդիրներ ու պայմաններ առաջադրելով Հայաստանին։

Այս ընդհանուր ձախողումների տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Հարավային Կովկասը։

Թրամփի վարչակազմի մոտեցումը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում հիմնված է ոչ թե հակամարտության պատճառների խորքային վերլուծության, այլ արագ քաղաքական «հաջողության» արձանագրման վրա։ Խաղաղության հաստատումը կամ համաձայնագրի ստորագրումը դիտարկվում է որպես նպատակ ինքնին՝ անկախ դրա բովանդակությունից, ուժերի իրական բալանսից և կողմերի անվտանգության երաշխիքներից։

Այս պայմաններում ցանկացած պայմանավորվածություն Հարավային Կովկասում դառնում է խիստ անվստահելի։ ԱՄՆ-ի առաջարկած կամ խրախուսած մոդելները չեն ապահովում երկարաժամկետ վերահսկողության մեխանիզմներ, չեն հաշվի առնում տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մրցակցային շահերը և չեն երաշխավորում, որ ուժի կիրառման սպառնալիքը չի վերադառնա՝ որպես քաղաքական գործիք։ Ավելին, Թրամփյան մոտեցումը խաղաղությունը դիտարկում է որպես «գործարք», որտեղ կողմերից մեկի անվտանգային մտահոգությունները կարող են զոհաբերվել արագ համաձայնության դիմաց։

Սա հատկապես վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ ստեղծում է իրավիճակ, որտեղ խաղաղության անվան տակ կարող են օրինականացվել ուժի արդյունքները՝ առանց իրական անվտանգության համակարգի ձևավորման։

Այսպիսով, Թրամփի խաղաղարար ջանքերի ձախողումը տարբեր ռեգիոններում ցույց է տալիս մեկ հիմնական օրինաչափություն․ խաղաղությունը չի կարող կառուցվել առանց վստահության, ինստիտուտների և երկարաժամկետ պատասխանատվության։

Հարավային Կովկասում նման պայմանների բացակայության դեպքում ԱՄՆ-ի միջնորդությամբ կամ աջակցությամբ ձեռք բերված ցանկացած համաձայնություն մնում է խոցելի, ժամանակավոր և պայթյունավտանգ։

Տեսանյութեր

Լրահոս