«Թրամփի ուղու» վերաբերյալ 2 սցենար կա` 49 կամ 99 տարի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու ԱՄՆ համատեղ իրավաբանական անձ ստեղծելու գործընթաց են սկսել։ Այսօր տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին։
«Կլինի TRIPP ընկերություն կամ գործընկերություն. անվան վերջնականացումն ընթացքի մեջ է։ Կլինի տնօրենների խորհուրդը, որը կղեկավարի ընկերությունը, տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ–ն և Միացյալ Նահանգները, տնօրենների խորհրդում ներկայացվածությունը կախված կլինի մասնաբաժնից։ Սակայն կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ «Թրափի ուղի» ծրագիրը մի քանի փուլ է ունենալու՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել նավթամուղներ և գազամուղներ։
Ըստ նրա՝ Հայաստանն ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղու» վերաբերյալ քննարկում է հողի կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։
«Պայմանները կապված են ներդրման և եկամտաբերության հետ։ Ներդրողը պետք է ունենա իր ներդրումներից եկամտաբերություն ստանալու երաշխիքներ։ Եթե մենք ասենք 5 տարով ենք տալու այդ հողը , ապա ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալ»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս քննարկումներում քաղաքական բաղադրիչ չի տեսնում. դրանք բնույթով զուտ ֆինանսական և տնտեսական են։
