Բաժիններ՝

Մոլդովան չեղյալ է հայտարարել ԱՊՀ շրջանակներում մի քանի համաձայնագրեր

Մոլդովայի կառավարությունը չեղյալ է հայտարարել ԱՊՀ շրջանակներում մի շարք համաձայնագրեր, որոնք վերաբերում են անայցագիր ռեժիմին, բնապահպանությանը, հարկմանը և այլ ոլորտների: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

«Այդ համաձայնագրերը չեն գործում և չեղյալ են հայտարարվել ԱՊՀ շատ երկրների կողմից: Ինչ վերաբերում է անայցագիր ռեժիմի մասին պայմանագրին, ապա այն փոխարինում են այդ երկրների հետ ավելի վաղ կնքված երկկողմ համաձայնագրերով», – պարզաբանել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը:

Խոսքը վերաբերում է 1992 թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված համաձայնագրին, որը նախատեսում է ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների համար առանց այցագրի տեղաշարժ նրանց տարածքներում, զինվորական փոխադրումների  սկզբունքների և կարգի մասին համաձայնագրին (Տաշքենդ, 1992 թ. մայիսի 15), քիմիայի և նավթաքիմիայի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրին (Մոսկվա, 1994 թ. սեպտեմբերի 9), ավտոտրանսպորտային միջոցների համար որպես շարժիչային վառելիք սեղմված բնական գազի օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրին (Մինսկ, 1995 թ. մայիսի 26) և բնապահպանության  և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում փոխգործակցության մասին համաձայնագրին (Մոսկվա, 1992 թ. փետրվարի 8): Այդ որոշումներն ուժի մեջ կմտնեն «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո։

Բացի այդ, կառավարությունը հավանություն է տվել է 1998 թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման և ներմուծման անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին» համաձայնագիրը և «ԱՊՀ անդամ երկրների տնտեսական կազմակերպությունների միջև հաշվարկների բարելավումն ապահովող միջոցների մասին» համաձայնագիրը (Տաշքենդ, 1992 թ. մայիսի 15) չեղյալ հայտարարելու մասին օրինագծերին:

2023 թ. փետրվարին Մոլդովայի կառավարությունը հայտարարել է ԱՊՀ շրջանակներում կնքված 282 համաձայնագրերից ավելի քան 119-ը չեղյալ հայտարարելու պլանների մասին: Ավելի վաղ կառավարությունն ավարտել է հիսունից ավելի համաձայնագրերից դուրս գալու ընթացակարգերը: Ինչպես պարզաբանել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարը, Քիշնևը մտադիր չէ չեղյալ հայտարարել ԱՊՀ շրջանակներում երկրի համար կարևոր և օգտակար համաձայնագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս