Չեմ ընդունում նկատողությունը, ՔՊ-ն ինձ առնվազն պետք է շնորհակալություն հայտներ. Հայկ Սարգսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե ինքը որևէ կապ ունի կոռուպցիոն գործարքների հետ։
Նիկոլ Փաշինյանն օրերս, անդրադառնալով Հայկ Սարգսյանի և կուսակցության տարբեր անդամների միջև առկա հակասություններին, ինչպես նաև նրան ՔՊ–ի նախընտրական ցուցակում չընդգրկելուն, ասել էր, թե այս պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ–ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։
Հայկ Սարգսյանը Փաշինյանի խոսքերը մեկնաբանել չի ցանկանում, միաժամանակ պնդում է՝ ինքը երբևէ որևէ կոռուպցիոն պատմության հետ կապ չի ունեցել։
«Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ վարչության որոշ անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Նշեմ, որ եթե նման բան եղել է, դա ՔՊ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է. 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է, որ կուսակցականն իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը և պետք է ապահովվի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե իմ բացակայությամբ որևէ մեկն ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, թե ես կոռուպցիոներ եմ»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է իրեն տրված «խիստ նկատողությանը», Սարգսյանը նշեց՝ դրա փոխարեն ՔՊ-ն իրեն պետք է շնորհակալություն հայտներ կամ մեդալ տար, բայց փակագծեր բացել այս փուլում չի ցանկանում։ Միաժամանակ շեշտում է, որ միշտ առաջնորդվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներով, եթե ինչ-որ մարդիկ կարող են նեղսրտել, որ ինքն ինչ-ինչ խնդիրների մասին բարձրաձայնել է, ուրեմն նրանք չեն հասկանում, թե այս կուսակցությունն ինչու է ստեղծվել և ինչ նպատակներ է դրել իր առաջ։
«Այսօր կուսակցությունում կան մարդիկ, որոնք ոչ միայն հեղափոխության հետ կապ չեն ունեցել, այլև դեմ են եղել հեղափոխությանը»,- ասաց Սարգսյանը՝ միաժամանակ շեշտելով՝ դեմ չէ, որ կուսակցության շարքերն ընդլայնվեն։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք բացառո՞ւմ է, որ ընտրություններից առաջ գլխավոր դատախազն ԱԺ կգա նաև իրեն անձեռմխելիությունից զրկելու և կալանավորելու համար, Սարգսյանը նշեց՝ ոչ մի բան չի հաստատում, բայց և ոչինչ չի բացառում։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նաև հայտարարել էր, թե Հայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթացներ են սկսվել։ Այս ամենին զուգահեռ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել էր նաև Հայկ Սարգսյանի անունը։
Մասնավորապես` «ոչխարների վերաբերյալ» կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացվել դատարանում, որտեղ Հայկ Սարգսյանի անունն էր շոշափվում։
