
Եթե նախկին իշխանության ժամանակ նման բան լիներ, Հայաստանի վզից բռնած՝ դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից․ Նաիրա Զոհրաբյան

«2018 թվականի «դագաղների հեղափոխությունը» բազմաթիվ առումներով նաև լակմուսի թուղթ էր, քանի որ դրանով նաև հասկացանք՝ տարիներ շարունակ փչվել է «քաղհասարակություն» փուչիկը, իսկ դրա անվան տակ հավաքվել են նաև դեսպանատների լափամաններին կցված կվադրոբերներ, որոնք խոսել են բացառապես այն ժամանակ, երբ իրենց լափը և լափի ուղղությունը տվել են»,- 168․am-ի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանն այսպես է արձագանքում մինչև 2018 թվականը գերակտիվ, իսկ այսօր իշխանությունների արածների վրա աչք փակել նախընտրող «իրավապաշտպանների» լռությանը։
Նաիրա Զոհրաբյանը ցավով է արձանագրում, որ քաղհասարակության շատ ներկայացուցիչներ անտարբեր են Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների խնդրի հանդեպ, որ աչք են փակում երկրի ներսում քաղաքական թիրախավորումների վրա, իսկ եթե խնդիրներին անդրադառնում էլ են, ապա՝ իշխանությունների պրիզմայի ներքո։
«Մենք, այո՛, ունենք շատ մտահոգիչ տեղեկություն Ադրբեջանում պահվող գերիների առնչությամբ․ ես պարբերաբար կապի մեջ եմ հատկապես լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի որդու՝ Սերժոյի հետ, ու նա հաստատեց լուրերը, որ իր հայրը կյանքն ընդհատելու մի քանի փորձեր է արել։
Արդեն սեպտեմբերի 4-ից Կարմիր խաչի գրասենյակը փակվել է և այլևս Բաքվի «բարի կամքից» է կախված մեր գերիների մասին տեղեկատվություն ստանալը։ Մտահոգիչ է նաև այն, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ դատավաճիռներ են հրապարակվելու շուտով․ տեսնում ենք, չէ՞, այդ արագացված ռեժիմով դատերը՝ օրական իբր 10 -15 տուժած, ցեղասպանված, գլխատված վկաներ են գալիս, որոնք խոսում են, թե ինչպես են իրենց բռնաբարել, քառատել և գլխատել։ Ու եթե դատավճիռները հրապարակվեն, դատական նիստերը, որոնք հնարավորություն էին ընձեռում գոնե տեսանյութերով տեսնելու մեր գերիներին, այլևս չեն լինելու»,- մանրամասնեց իրավապաշտպանը։
Ըստ նրա՝ թեև հասկանալի է, որ այդ մարդկանց հետ կապը տոտալ ընդհատվելու է, սակայն ոչ միայն չենք տեսնում կոնկրետ գործողություններ իշխանությունների կողմից, այլև չենք լսում այս հարցով որևէ ձայն, մտահոգություն քաղաքացիական հասարակության՝ նախկին ակտիվ դերակատարների կողմից։
«Իսկ իրական քաղաքացիական հասարակություն, ցավոք սրտի, էս 7 տարվա ընթացքում չտեսանք, ու այդ հարցում նաև ընդդիմության մեղավորությունն է, որ չկարողացավ ստեղծել այդ պարարտ միջավայրը, որ իրապես նման հասարակություն ձևավորվի,- նկատեց նա և հավելեց, որ նույն անտարբերությունը առկա է նաև սրբազաններին գործերի հանդեպ,- Խայտառակություն է՝ 2 սրբազան, որոնք նաև թեմակալ առաջնորդներ են, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամներ, խայտառակ, անհեթեթագույն պատճառաբանություններով կալանավորված են, ու նրանց կալանքի ժամկետը երկարաձգվում է, կամ՝ երիտասարդ կին՝ Լիդիա Մանթաշյանը»։
Այս առնչությամբ նա անհամարժեք է համարում նաև միջազգային արձագանքը։
«Եթե նախկին իշխանության ժամանակ նման բան լիներ, Հայաստանի վզից բռնած՝ դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից, կզրկեին ձայնի իրավունքից, խայտառակ սանկցիաների տակ կներառեին Հայաստանը,- հիշեց ու հիշեցրեց քաղաքական գործիչը, ապա ուշադրություն հրավիրեց նաև կին պատգամավորի՝ Թագուհի Թովմասյանի թիրախավորման վերջին դրվագին,- Սա ի՞նչ է, էդ անհասկանալի պերսոնաժն, ըստ էության, այլանդակ հայհոյանք հնչեցրեց Թագուհի Թովմասյանի հասցեին։ Դուք պատկերացրեք՝ նախորդ իշխանության ժամանակ որևէ մեկը, մի ընդդիմադիրի՝ Նիկոլի, կամ նրա խմբակցության որևէ մեկի հասցեին նման բան ասեր, դեսպաններն իրենց կպատռեին․ առաջինը՝ Հայաստանում ԵՄ-ի և Ամերիկայի դեսպանները, բայց մենք տեսնում ենք քար անտարբերություն»։
Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պիտի իր մանդատը վայր դներ, բայց ապրում ենք մի միջավայրում, որտեղ մեր հասարակությունը, ցավոք սրտի, ոչինչ չի որոշում։
«Քանի դեռ այս իշխանության աշխարհաքաղաքական տերերն են որոշում արդարության, կնոջ իրավունքի, մարդու իրավունքի, խոսքի ազատության գինը, մենք անընդհատ տեսնելու ենք էսպիսի այլանդակություններ»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։