«ՔՊ-ականների շրջանում կոռուպցիոն ռիսկեր կան։ Օրինակ, Արմեն Փամբուխչյանի՝ 70-ն անց հայրը բանկից 4 միլիոն դոլարի վարկ է վերցրել, «Սպայկան» երաշխավոր է կանգնել։ Վաղարշակ Հակոբյանն ու Խաչատուր Սուքիասյանը Ծաղկաձորում 20 մլն դոլարի շինարարություն են անում։ ԱՆԻՖ-ի սկանդալը հիշենք։ Փաշինյանն այնպես է ասում՝ սխալվել ենք, կարծես ոչ մի խնդիր չկա։ Եթե իմպիչմենտը չհաջողվի, ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի մեկ ընդհանուր գաղափարի՝ երկիրը փրկելու շուրջ»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Զարմանալի զուգադիպությամբ, ինչպես 4 տարի առաջվա, այնպես էլ վերջին օրինակում ոչ իշխանական օրակարգի ձախողումը ոչ միայն ու ոչ այնքան՝ իշխանության, որքան՝ «արմատական ընդդիմության» ջանքերի հետևանք է. ինչպես Տեր-Պետրոսյանի առաջարկը, այնպես էլ Իմպիչմենտի գործընթացը մի դեպքում՝ վիժեցվեց, մյուս դեպքում՝ չի կայանում Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի պատճառով՝ վերջինիս ու իշխանության միջև գոյացնելով անտեսանելի համախոհություն, որն արթնանում է բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր դաշտում փորձ է արվում իրական համախոհություն ձևավորել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու հարցում։ Այս երկու բևեռների միջև առաջացած քիմիան կորոզիայի է ենթարկում Հայաստանը, թեև դեռևս կան միանգամայն այլ քիմիայի մասին առասպելին հավատացող մոլորյալներ։
Հայաստանյան բազմաշերտ ընդդիմության հռչակված նպատակը շարունակում է մնալ Փաշինյանի հեռացումը, և այդ ճանապարհին, ինչպես հենց իրենք են պնդում, ոչինչ չեն խնայի։
Կոնկրետ Հանրապետականը մշտապես մոտեցել է պայքարին «0 ամբիցիա» և «0 հանդուրժողականություն նիկոլիզմի հանդեպ» սկզբունքներով։ Միայն Նիկոլին հեռացնելու օրակարգը շատ հայրենակիցների համար սպառիչ չէ․ նրանք ուզում են հասկանալ նաև, թե ինչ է լինելու Նիկոլից հետո (իմ տեսակները, օրինակ, շարադրված են «Postnikol» հոդվածաշարում)։