Փաշինյանի համար «Զանգեզուրով միջանցքի» բացումն ու «Հայփոստի» աշխատանքը նույն մակարդակի խնդիրներ են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «ապագա կա» կարգախոսը իրագործվում է և իրագործված է:

«Ապագան այսօր է, արդեն իսկ մուտք է գործել մեր իրականություն»,- ասաց նա:

Լրագրողը նախ խնդրեց ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ և հետաքրքրվեց՝ հայկական կողմի համար ինչի՞ արտապատվիրակումը կարող է լինել ընդունելի, ի՞նչ է ենթադրում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը:

Ի պատասխան՝ Փաշինյանը հղում արեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն շահագրգռված է և ուզում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն՝ Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ, և տարանցիկ փոխանակում: Այսինքն՝ մենք այստեղ ցուցաբերում ենք շարունակակական հետաքրքրվածություն և պատրաստակամություն:

Կարդացեք նաև

Մեր բոլոր քննարկումների մեջ շատ հստակ է, որ մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք և կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում: Սա շատ կարևոր է արձանագրել, որովհետև հետագա ցանկացած քննարկում տեղի է ունենալու այս համատեքստում: Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին: Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնցից մի մասից գոհ ենք, մյուս մասից՝ դժգոհ:

Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է և ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է: Ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է: Նախկինում ունեցել ենք փորձ՝ «Հայփոստ»-ի արտապատվիրակման և այդպես շարունակ: Հայաստանի երկաթուղիների կառավարումը արտապատվիրակված է: Նրբությունն այն է, որ Հայաստանի և՛ երկաթուղին, և՛ «Զվարթնոց» օդանավակայանը, և՛ ջրային համակարգը շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը: Սա կարևոր է արձանագրել»:

Նա նշեց, որ, օրինակ, քննարկվում է որևէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար. «Կարող եք պատկերացնել, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ինչ ահռելի ներդրումային պոտենցյալ ունի և նաև ինչ ներդրումային հետաքրքրություն կա, բայց նաև որոշակի գործոններով պետք է կարողանանք կոնսոլիդացնել այդ ներդրումները:

Մենք շատ խոսում ենք ավտոճանապարհների կամ երկաթուղիների մասին, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագծում առաջին օրվանից խոսք է գնում խողովակաշարերի(կլինենք դրանք նավթամուղ, գազամուղ), էլեկտրահաղորդման գծերի մասին, հեռահաղորդակցության մալուխների մասին և այլն: Դա մի տնտեսություն է, որը պետք է կառավարվի: Մեր տրամաբանությամբ դա պետք է և կարող է լինել Հայաստանի սեփականությունը, և խոսքը այստեղ ահա այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է:

Իմիջիայլոց, շատ քննարկվում է վարձակալության մասին, ներառյալ քննարկվում է հողի վարձակալության թեման. մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք, և այդ տրամաբանությամբ՝ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները նաև որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը: Շատ չեմ կարող կոնկրետանալ, որովհետև հիմա քննարկվում են և քննարկվել են ամենտարբեր գաղափարներ: Եթե սա լիներ մի պայմանավորվածություն, որն արդեն ձեռք բերված կամ ստորագրված լիներ, դրա մասին կարող էի ասել:

Հիմա, ինչ-որ ես ասացի, ներկայացրի քննարկումների շառավիղը: Մենք անընդհատ խոսում ենք տրանսպորտային կապուղիների՝ Հայաստանի իրավազորության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո գործելու տրամաբանության մասին, բայց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ասել ենք, որ պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, որովհետև այսօր աշխարհում կա նաև երկրների միջև մրցակցություն, որպեսզի հրավիրեն իրենց տարածքով անցնելու բեռները, էներգակիրները և այլն: Սա էլ է պետք հաշվի առնել»:

Փաշինյանի համար երբեմն զարմանալի է, որ ՀՀ տարածքով երկաթուղու վերաբացումը տարբեր ուժեր փորձ են անում ներկայացնել՝ որպես ողբերգություն. «Ողբերգությունն այն է, որ Հայաստանով անցնող տարանցիկ երկաթուղի չկա: Երբ ես ասում եմ, որ երկրի անվտանգությունը երբ առաջին հերթին, երկրորդ հերթին, երրորդ հերթին, չորրորդ հերթին կախված է բանակից, դա նշանակում է, որ անվտանգություն չկա և պետք է անվտանգությունն առաջին հերթին կախված լինի նաև այլ գործոններից, ես նաև սա նկատի ունեմ: Եթե Հայաստանը լիներ և երբ լինի միջազգային բեռնափոխադրումների խաչմերուկ, ընդ որում՝ բեռնափոխադրում ասելիս միշտ հիշեք, որ ժամանակակից տերմինաբանությամբ խողովակն էլ է տրանսպորտ համարվում, միշտ է համարվել… Այդպիսի անցումները ՀՀ տարածքով՝ միջազգային և տարածաշրջանային, դրանք անվտանգության շատ էական գործոններ են»:

Ինչ վերաբերում է պարզեցումներին, նա ներկայացրեց, թե ինչ նկատի ունեն. «Տեխնոլոգիաները հիմա շատ զարգացել են, համոզված եմ՝ նրանք, ովքեր ճամփորդում են մասնավորապես՝ եվրոպական և մերձավորարևելյան մի շարք երկրներում, կտեսնեն, որ շատ դեպքերում կենսաչափական անձնագրերի դեպքում անցման բոլորովին այլ կանոններ են գործում՝ տվյալ երկրի իրավազորության շրջանակում, և այդպես շարունակ: Երկրները տարիֆային առաջարկներ են անում բեռնափոխադրողներին, որպեսզի իրենց երկրով անցնելն ավելի գրավիչ լինի և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական առումով, և՛ անվտանգային առումով»:

Նա հավելեց, որ չկա կոնկրետ տարբերակ և բանաձև, որ ասի՝ համաձայնության են եկել կամ շատ մոտ են համաձայնության գալ այս բանաձևի շուրջ. «Մի բան ակնհայտ է, որ մենք ուզում ենք և պատրաստ ենք ՀՀ-ն դարձնել տարանցիկ երկիր և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային, և՛ համաշխարհային առումով, և իհարկե, պետք է փորձենք հնարավորինս գրավիչ պայմաններ առաջարկել, խնդրում եմ՝ չմոռանալ իմ նախորդ ասածը՝ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի միջազգային ներդրողներին այդ թվում կարողանանք համոզել, որ սա է ճիշտ ճանապարհը, սա շատ անվտանգ, արդյունավետ ներդրումային միջավայր է, և եթե կլինեն այստեղով հետաքրքրված գլոբալ խաղացողներ, ում ներկայությունը արդեն կարող է դառնալ ներդրումային միջավայրի նկատմամբ ինքնին վստահություն, մենք այս բոլոր ուղղություններով քննարկումները շարունակում ենք»:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, նա նշեց, որ կա նաև այդպիսի գաղափար.

«Տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ: Հայտարարված, թե չհայտարարված, այդ վերնագրի ներքո, թե այլ վերնագրի ներքո, մենք Ադրբեջանի հետ հենց այն ժամանակվանից սկսել ենք խորհրդակցությունները, դուք հրապարակային էլ եք տեսել, թե ինչպես գնալ առաջ: Նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա և օրակարգում և դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, որը միայնակ չէ, կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի, որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ այդքան իրատեսական:

Բայց ուզում եմ հավաստիացնել, որ մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնում և բաց չենք թողնելու: Կրկին ուզում եմ հիշեցնել՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, ՀՀ պետական շահերի աներկբա հաշվառումով: Բայց մյուս կողմից, պետք է հասկանանք, որ աշխարհը դինամիկ է, պետք է մոտենալ ճկուն, ուշադիր լինել, որ հանկարծ չստացվի, որ նայում ենք և չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս