
Հայաստանն ու Ադրբեջանը չունե՞ն կոնսենսուս Վաշինգտոնի առաջարկի շուրջ

Այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցան Փաշինյան-Ալիև բանակցությունները։ Շուրջ 5 ժամ տևած բանակցությունների ընթացքում Փաշինյանն ու Ալիևը բանակցել են թե՛ ուղիղ՝ առանց պատվիրակությունների, թե՛ պատվիրակությունների մասնակցությամբ, որի արդյունքներով տարածեցին մամուլի հաղորդագրություն։
«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:
Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- ասված էր հաղորդագրությունում։
Ուշագրավ է, որ հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Թուրքիայի հետ բանակցությունների հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բանակցությունների շրջանակը եղել է բավականին լայն՝ ներառելով կարգավորման բոլոր տարրերը՝ թե՛ ապաշրջափակում, թե՛ սահմանազատման գործընթաց, թե՛ Երևան-Բաքու համաձայնագիր և օրակարգում գտնվող այլ հարցեր։
Սեղմ համաձայնեցված հաղորդագրությունն ամենայն հավանականությամբ չի արտացոլում բանակցությունների ողջ բովանդակությունը:
Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների բացման թեման Երևան-Բաքու գործընթացի ամենացավոտ կետերից մեկն է, որի հարցում ևս Ադրբեջանը դնում է միակողմանի, կոշտ պահանջներ, պահանջելով ՀՀ Սյունիքի մարզով անխոչընդոտ, միջանցքային անցում դեպի Նախիջևան։ Այս տարվա հունվարին, ելույթ ունենալով տրանսպորտային հաղորդակցություններին նվիրված խորհրդակցությունում, Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանն առաջ է քաշել, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, սակայն այդ նախագիծն առանց Ադրբեջանի ոչինչ է։
«Մենք տարբեր խողովակներով այդ մասին բազմիցս ասել ենք նաև հայկական կողմին։ Եթե դուք իրոք ցանկանում եք կյանքի կոչել այդ նախագիծը, առաջին հերթին պետք է Ադրբեջանին դիմեք։ Առանց մեզ դա պարզապես թղթի կտոր է, իսկ մեր առաջ քաշած պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և այն պարտավորությունների վրա, որ Հայաստանն է ստանձնել»,- հայտարարել էր Իլհամ Ալիևը։
«Այդպիսով Հայաստանը շարունակելու է փակուղում մնալ և նրանց՝ տարանցիկ պետություն դառնալու երազանքն այդպես էլ երազանք կմնա։ Նրանց կորուստներն ավելի մեծ են լինելու, քան մերը։ Այդ իսկ պատճառով այս խնդիրը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, և Հայաստանի հետ մեր երկկողմ շփումներում մենք մշտապես ընդգծում ենք՝ պետք է ազատ անցում ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան՝ առանց ստուգումների և խոչընդոտների»,- պնդել էր Ադրբեջանի նախագահը։
ՀՀ իշխանություններն ի սկզբանե պնդում էին, թե դեմ են միջանցքային տրամաբանությանը, որ ՀՀ տարածքում ռուս սահմանապահները չպետք է ապահովեն անվտանգությունն այդ երթուղում, ինչպես նախատեսվում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Թեև ռուսական կողմը պնդում էր, որ ռուսական հարթակում քննարկումները երթուղու նկատմամբ ՀՀ ինքնիշխանության նսեմացում չեն ենթադրում և երթուղու յուրաքանչյուր հատվածի նկատմամբ պահպանվելու է այն երկրի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, որով անցնում է երթուղին, սակայն ռուս սահմանապահները, 2020թ․ հայտարարության համաձայն, իրականացնում են վերահսկողություն։ Հայկական կողմն այս տարբերակը լիովին մերժեց, բանակցությունները չշարունակվեցին ռուսական հարթակում։ Ժամանակի ընթացքում Փաշինյանի դիրքորոշումները նույնիսկ հրապարակային դաշտում մեղմվեցին, սկսեցին հայտարարություններ այն մասին, որ ՀՀ-ն պատրաստ է դյուրացված ընթացակարգերի, սակայն պահպանելով ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Հետո օրակարգ եկավ դրսից պահնորդական կազմակերպություն այս գործընթացում ներառելու հարցը՝ պահպանելով ՀՀ ինքնիշխանությունը։
Այսօր էլ «Ազատության» հետ զրույցում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, թե սկզբունքների՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության, պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։ Սակայն շատ մանրամասներ հայկական կողմը չի բացահայտում, միայն ասվում է, որ կան տարբեր առաջարկներ, և Հայաստանը դրանք դիտարկում է։
Օրերս նմանատիպ առաջարկի առկայության մասին էր գրել Carnegie Politika-ի իր հոդվածում վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, նշելով, որ Թրամփի վարչակազմը ևս կողմերին երթուղու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել, որը ենթադրում է ամերիկյան մասնակցություն։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով ամերիկյան առաջարկի տեղեկությունը, նշել էր, թե ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: «Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», – նշել էր ԱԳՆ խոսնակը՝ ակնարկելով նաև այլ առաջարկների առկայության մասին։ Ամերիկյան կողմն Աբու Դաբիում կայացած հանդիպմանն ընդառաջ անդրադարձել էր Երևան-Բաքու կարգավորմանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս էր հայտնել, թե շուտով կլինի խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Հատկանշական էր նաև օրերս օկուպացված Ստեփանակերտում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արած մեկնաբանությունները։ Նա նշել էր, թե չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», սակայն այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում։
Ըստ էության, Էրդողանի այս մեկնաբանությունը բացահայտեց, որ վերջին շրջանում կողմերն ակտիվորեն քննարկում են ապաշրջափակման հեռանկարները և առնվազն, ըստ թուրքական կողմի, Հայաստանի մոտեցումները նախկինի համեմատ ճկուն են, այսինքն՝ փոխվել են։ Էրդողանի մեկնաբանությանը ՀՀ ԱԳՆ խոսնակը ևս արձագանքել էր, նշելով, թե ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։
«Մեր կարծիքով՝ դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել՝ ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ՝ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար:
Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն»,- նշել էր Բադալյանը։
Ադրբեջանական մամուլն այսօր «մեծ շուքով» լուսաբանեց այսօր Աբու Դաբիում կայացած հանդիպումը, դրան տալով շռայլ որակումներ, ինչպիսին պատմականն է, բացառիկը և այլն։ Ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն, հանդիպման վայրը, ինչպես նաև օրակարգն առաջարկել է Ադրբեջանը։
Ավելին, ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներում ամերիկյան ապաշրջափակման առաջարկը, որը ներկայացրել է Օլեսյա Վարդանյանը Carnegie Politika-ում, չի ողջունվում և նշվում է, որ Ադրբեջանն օտարերկրյա մասնավոր ընկերության որոշակի գործառույթներ արտապատվիրակելուն դեմ է։
Ըստ այդ հրապարակումների, Ադրբեջանի ռազմավարական անվտանգության դեպքում խոսք չի կարող գնալ արտաքին որևէ վերահսկողության մասին։
Ադրբեջանի իշխանամետ մամուլում ծավալվող պրոպագանդայից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն այս հարցում այլ առաջարկներ չի ընդունում և հարցերը կարծր է դնում։
Ամենայն հավանականությամբ, հենց այս հարցերն էլ քննարկվել են այսօր Աբու Դաբիում կայացած հանդիպմանը և դատելով տարածված հայտարարությունից և դրանում ապաշրջափակման հարցի բացակայությունից, Ադրբեջանի վարած տեղեկատվական քարոզչությունից, կողմերը կոնսենսուս չունեն նույնիսկ դյուրացված անցման տարբերակների, այդ թվում՝ ամերիկյան տարբերակի շուրջ։