«Փաշինյանն ուժայինների հետևում թաքնվելով՝ գրոհելու է Մայր Աթոռի վրա, բայց չի կարող եկեղեցուն ծնկի բերել». Աշոտ Ավագյան

Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ անձամբ է առաջնորդելու Մայր Աթոռն «ազատագրելու» գործընթացը, նա այս մասին երեկ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Թե ինչպե՞ս է առաջնորդելու, կոնկրետ ի՞նչ է անելու՝ չի մանրամասնել, սակայն հունիսի 27-ին ուժայինների կողմից չհաջողված փորձը հաշվի առնելով՝ սյունեցի քանդակագործ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանը վստահ է՝ ուժայինների միջոցով՝ նրանց առաջին շարք կանգնեցնելով, Փաշինյանը նրանց հետևում թաքնվելով՝ գրոհելու է Մայր Աթոռի՝ Վեհարանի վրա։

«Շատ պարզ մեկ բան է հիմա տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանը լծվել է իր վերարտադրությունն ապահովելու գործընթացին, բացատրեմ՝ ինչո՞ւ. Հայ Առաքելական եկեղեցին այն կայուն կառույցն է, որը դեմ է երկիրը տանուլ տալու իշխանությունների քաղաքականությանը, հիմա ուզում են ջարդել այդ կայուն կառույցը։ Կրկնում եմ՝ Փաշինյանն իր վերարտադրության հարցն է լուծում, արանքում նաև այլ հարցեր՝ աշխարհաքաղաքական խնդիրներից սկսած՝ մինչ այդ «միջանցքի» հարցը, և այդ ճանապարհին նա մեկուսացնում է իր դիմաց հայտնված ու դիմադրություն ցույց տվող անձանց»,- 168.am հետ զրույցում նշեց Աշոտ Ավագյանը։

Նա վստահեցնում է՝ միայն ինքը չէ, որ այս կարծիքին է, բոլորն ասում են, որ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանում միակ կայացած ինստիտուտը մնացել է Առաքելական եկեղեցին, հիմա դա էլ է ուզում ոչնչացնել։ Հիմա պետք է ամեն կերպ այդ ինստիտուտը վարկաբեկեն, փորձեն այնպես անել, որ եկեղեցու ներսում մեղավորներ գտնեն։

Կարդացեք նաև

«Իհարկե, եկեղեցուն չեն հեղինակազրկի, բայց այս իշխանությունը 7 տարվա ընթացքում տարբեր միջոցներով «կողմնակիցներ» է ձեռք բերել, և անհրաժեշտության դեպքում կկանգնեն իր կողքին։ Այս պատճառով էլ եկեղեցուն պաշտպանելու համար  դուրս կգա այն մասսան, որն իշխանության կողմնակիցը չէ։ Պետք է նաև հաշվի առնել մեկ հանգամանք, որ ճիշտ է՝ Հայաստանը տարածքով փոքր է, նաև մեծ է, նկատի ունեմ, որ, օրինակ, Կապանից, Սիսիանից դժվար հասնեն ու Մայր Աթոռին գրոհներից պաշտպանեն, տարբեր պատճառներով։ Եթե ինձ հարցնեք, ես կգամ ու կկանգնեմ եկեղեցու կողքին, բայց իմ կողքին ապրողը գուցե ունի առօրեական հոգսեր, կենցաղային, դրա համար չի գա»,- հավելեց Աշոտ Ավագյանը։

Նա նաև շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասում է, բայց եթե նույնիսկ գրոհեն Վեհարան, Կաթողիկոսին ձերբակալեն, մեկ է՝ եկեղեցու հեղինակությունը չեն կարող նսեմացնել։

«Նիկոլ Փաշինյանը չի կարող Առաքելական եկեղեցուն ծնկի բերել, եթե նույնիսկ վերարտադրվի, օրերը զուլալվելու են, պղտոր ջրերն անցնելու են, ու եկեղեցին իր վեհության վրա է մնալու։ Թող ուրիշ կաթողիկոսի դնեն, օրը գալու է՝ իրենց դրած կաթողիկոսը խոստովանելու է, որ կամակատար է, ու ասելու է՝ «Տղերք, ինձ կներեք, կամակատար եմ, գնում եմ», որովհետև եկեղեցին ամուր ինստիտուտ է»,- ընդգծեց Աշոտ Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս