
Ի՞նչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ՀԷՑ աշխատակիցներին ուղղված սպառնալիքի առնչությամբ

«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։
Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- այս գրառումն էր կատարել այսօր Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի՝ երեկ տարածած հայտարարության։
«Հարգելի հայրենակիցներ,
Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:
Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:
Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,- խաղաղ հավաքի մասնակցելու կոչ էր երեկ արել Սամվել Կարապետյանի եղբորորդին:
168.am-ը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ճշտելու համար ՄԻՊ դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած սպառնալիքների առնչությամբ:
«Արդյո՞ք ՄԻՊ-ը այս գրառման մեջ մարդու՝ խաղաղ հավաքներ իրականացնելու ու մասնակցելու իրավունքի խախտում չի տեսնում: Մարդը աշխատանքային ժամից հետո, ոչ քարոզարշավային շրջանում մասնակցում է խաղաղ հավաքի, և Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանց սպառնում է աշխատանքից ազատմամբ: Ի՞նչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ը սրա վերաբերյալ»,- նման հարցադրմամբ էինք դիմել ՄԻՊ աշխատակազմին:
ՄԻՊ-ից նախ առանց կոնկրետացնելու, թեպետ մենք կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ էինք հարց ուղղել, ասացին՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հուլիսի 2-ի դիտարկումն արձանագրել է ՀԷՑ աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ: Դրանք սահմանված կարգով ուսումնասիրվում են և արդյունքներով պայմանավորված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային:
«Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել, որ անձանց աշխատանքային իրավունքներն ու հավաքների ազատության իրավունքը պետք է երաշխավորված լինեն, իսկ այդ առումով սահմանափակումներ կարող են կիրառվել բացառապես համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում և չափանիշների պահպանմամբ»,- ՄԻՊ դիրքորոշումը փոխանցեցին կառույցից: