Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ազգին զորացնելու ձգտող հոգևոր հայրերին. Հովհաննես Ավետիսյան
Ներկայացնում ենք տնտեսագետ, կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ելույթն ամբողջությամբ.
Բոլոր մարդիկ, մենք բոլորս մահկանացու ենք, հերթով անց ենք կենալու, մեզանից շատերը իրենցից հետո ոչինչ չեն թողնելու, նույնիսկ իրենց անունը։ Սակայն ոմանք իրենցից հետո թողնելու են ավերածություններ, գործած անարդարություններ, խեղված ճակատագրեր, վատնված զրկանքներ և կորսված երազներ․ անեծք նմանների չար գործերին։
Մեզանից եզակիները գալիս են աշխարհ՝ նպատակ ունենալով լավացնելու այլոց կյանքը, նպատակ ունենալով զորացնելու սեփական պետությունը, դեպի ավելի լավը փոխելու իրենց միջավայրը։ Միքայել և Բագրատ սրբազաններն այսպիսի եզակի հայերից են։ Վերջինիս մեղադրում են տեռոր պլանավորելու մեջ, ինչն իրականում իշխանության կողմից կազմակերպված COINTELPRO գործողություն է։ Հրապարակել են մոնտաժված մեր զրույցը՝ իբր թե տեռորի պլնավորման ապացույցներից մեկը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է։
Ես և Բագրատ սրբազանը կիսում ենք հային զորացած տեսնելու երազը, կիսում ենք հայի հանդեպ դարավոր անարդարություններին վերջ դնելու և հատուցման երազը։ Մենք երազում ենք Հայաստան, որն իր հայրենիքի տարածքների վրա է, որտեղ հայը սովորում և խոսում է հայերենով, աղոթում է Աստծուն իր պապերի կառուցած եկեղեցիներում հայերենով, որտեղ հայը ստեղծարար է, ապրում է արդար միջավայրում՝ բարեկեցիկ և ապահով կյանքով։ Սա է Բագրատ սրբազանի նպատակը, սա նաև իմ նպատակը, վստահ եմ, նաև բոլոր հայերինը, և հենց սրա համար են մեզ հալածում, և հենց սրա համար են մեր սրբազաններն անազատության մեջ։ Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնելու ձգտող հոգևոր հայրերին։ Միայն հային թշնամի համարողը կարող էր նման երազներ ունեցողներին տեռորիստ կարգել։
Սիրելի հայեր, լավ հիշեք, աշխարհը մեզ չի գալու օգնության, ոչ ոք չի գալու օգնության․ Եթե մենք չպայքարենք, եթե համաձայնվենք մեր իրավունքներից հրաժարմանը և չպայքարենք դրանց համար, ապա մեր պետության և հայրենիքի համար ընկած նահատակները մեզ չեն ներելու, մեր սերունդները մեզ չեն ներելու, մենք ներում չենք ունենալու, եթե հրաժարվենք մեր իրավունքների համար պայքարից։ Սա տեսակի գոյության պայքար է, սա մեր երազի գոյության իրավունքի և դրա իրագործման պայքար է։
Սիրելի զինակից հայեր, ո՞րն է այս իշխանության հետ մեր անհամաձայնության գլխավոր առարկան․ Դա մեր իրավունքներից հրաժարումն է։ Այս իշխանությունը չի ներկայացնում և չի պաշտպանում մեր իրավունքները, նրանք ուղղակիորեն և բառացիորեն հրաժարվել են պայքարել մեր իրավունքների համար․ Նրանք հրաժարվել են Արցախի նկատմամբ մեր իրավունքից, ավելին՝ ճանաչել են դրա նկատմամբ մեզ թշնամի համարող տեսակի՝ ադրբեջանական իրավունք։ Նրանք հրաժարվել են միջազգային հարթակներում պայքարել ադրբեջանական ռազմական հանցագործություններից տուժած հազարավոր հայերի իրավունքների համար։ Նրանք հրաժարվել են հետ բերելու Ադրբեջան գերեվարված հայերին։ Նրանք հրաժարվել են հետամուտ լինելու աշխարհի, իսկ վերջնարդյունքում՝ Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության իրողության ճանաչման և արդարության վերականգնման մեր իրավունքին։ Նրանք պատրաստվում են հրաժարվել մեր անկախության հռչակագրից և մեր ազգային սիմվոլներ ունենալու իրավունքից և այս ամենը՝ մեզ թշնամի համարողների, այսինքն՝ ադրբեջանա-թուրքական պահանջով։
Սա է պատճառը, որ մենք հավատում ենք, որ Հայաստանի իշխանությունները դավաճանել են հայ ժողովրդին, և սա է պատճառը, որ մենք դուրս ենք եկել հրապարակներ անհամաձայնության և անհնազանդության խաղաղ գործողությունների։
Փաշինյանի իշխանությունը մեր անունից միջազգային հարթակներում ոչ միայն հրաժարվել է թվարկված մեր իրավունքներից, այլ նաև պարտադրում է մեզ ծնկի գալ, պարտադրում է մեզ ապրել ստորացած, պարտադրում է մեզ ապրել առանց երազ, պարտադրում է մեզ ապրել առանց նպատակ, կարճ ասած, պարտադրում է մեզ ապրել առանց մեր իրավունքների համար պայքարի, ինչը գերեզմանային խաղաղությունն է։ Սա է Փաշինյանի կողմից մեզ պարտադրվող խաղաղությունը՝ գերեզմանային խաղաղություն։ Այս պարտադրանքի մեջ հաջողելու համար Փաշինյանը կառուցել է ավտորիտար համակարգ, որտեղ անխնա օգտագործվում է իրավապահ համակարգը, դատավորների անկախությունը հարցականի տակ է դրվել, իսկ շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ դատական համակարգը գործում է Փաշինյանի պարտադրանքի և թելադրանքի ներքո։ Քննչական և դատախազական մարմինները լծվել են Փաշինյանի հետ անհամաձայն մարդկանց վրա քրեական գործեր կարելուն՝ հայտնի COINTELPRO տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ խոսելու այս անարդարությունների մասին, եկել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, եկել ենք անարդարությունների և բռնաճնշումների հանդեպ մեր անհանդուրժողականությունն արտահայտելու։
Մեր իրավունքներից չհրաժարվող և դրանց համար պայքարող սիրելի հայեր, մենք, դուք և ես իշխանության գալու կռիվ չենք անում, մենք, դուք և ես, մեզանից յուրաքանչյուրը պայքարում է մեր տեսակի՝ հայերի իրավունքների համար։ Իսկ այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը մեր իսկ պետության մեջ դարձել է Փաշինյանի իշխանությունը։ Նա խաբել է հայ ժողովրդին, նա շարունակում է խաբել հայ ժողովրդին, խաբելով մեզ՝ ինքն իրեն դարձրել է գործիք մեր տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող պետությունների ձեռքում։ Նրան խոստացել են օգնել պահելու իր իշխանությունը՝ հայ ժողովրդի իրավունքներից հրաժարման գնով։ Սա է գլխավոր պատճառը, որ Փաշինյանը հետապնդում է բոլոր մտածող և անհաշտ հայերին, հետապնդում է բոլորին, ովքեր համաձայն չեն հրաժարվելու մեր՝ հայերիս իրավունքներից։
Ինչպես արդեն ասացի, նրան խոստացել են օգնել պահելու իր իշխանությունը՝ մեր իրավունքներից հրաժարման դիմաց։ Սա կնշանակի՝ մեր պայքարը հեշտ չի լինելու, սա կնշանակի, որ մեր իրավունքների պայքարը դժվարին շրջան է մտել, և հետևաբար՝ բոլորիս համախմբումը մեր իրավունքներին տեր լինելու օրակարգի շուրջ այլընտրանք չունի։
Եթե ուզում ենք հաղթել հակառակորդին կամ թշնամուն, ապա նախ պետք է հաղթենք ինքներս մեզ։ Պետք է հաղթենք և հաղթահարենք ծուլությունը, պետք է հաղթենք փառասիրությանը, պետք է հրաժարվենք անձնական շահերից և գործենք բացառապես մեր ընդհանուր, կնշանակի՝ ազգային շահերի համար։ Միասնություն, մեր իրավունքների համար համատեղ պայքար, անկոտրում կամք, համառություն, և մենք ոտքի ենք կանգնելու։ Հայը դեռ իր կամքն ու ոգին աշխարհին ի ցույց է դնելու։ Չխեղճանալ, չհանձնվել, չհնազանդվել, սովորել, էլի սովորել, անդադար սովորել և պայքարել։ Սա է ճանապարհը։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Մենք չենք թողնելու, որ հայի բաժին արդարությունը մահանա մեզ պարտադրվող գերեզմանային խաղաղությամբ։

