Քանի դեռ Իրանի շուրջ իրավիճակը մնում է կասեցված, բայց չլուծված, միջազգային խոշոր նախագծերը կգործեն սահմանափակ ռեժիմով․ վերլուծաբան
Մերձավոր Արևելքում մեկ ամիս տևած պատերազմի դադարեցումն Իրանի դեմ նշանավորեց ոչ թե ճգնաժամի հանգուցալուծում, այլ դրա անցումը որակապես նոր՝ դիվանագիտական առճակատման փուլ։
Չնայած Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից կիրառված ռազմական հզոր արսենալին և Թեհրանի համար ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակին, փորձագետների գնահատմամբ, Իսլամական Հանրապետությունը ցուցաբերեց սպասվածից ավելի բարձր դիմադրողականություն։ Իրանի զսպման մեխանիզմները թույլ տվեցին խուսափել պետականության հիմքերի խարխլումից, ինչն ի վերջո ստիպեց հակառակորդներին կանգ առնել և դադարեցնել կրակը։ Այդուհանդերձ, պատերազմի ակտիվ փուլի ավարտը չի նշանակում խաղաղություն. կայուն համաձայնության բացակայությունը տարածաշրջանը թողնում է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» տիրույթում, որտեղ հաջորդ քայլերը պայմանավորված են գլոբալ կենտրոնների պայմանավորվածություններով։
Այս համատեքստում Իրանի շուրջ ընթացող գործընթացների քննարկումը տեղափոխվել է գլոբալ հարթակ, որտեղ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունները սահմանում են համաշխարհային նոր կոնյունկտուրան։ Սպասվում են նաև բանակցություններ Պուտինի հետ։ Բանակցությունների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք նոր տիպի բազմաբևեռ աշխարհակարգի դրսևորման հետ, որտեղ գերտերությունները սահմանափակում են տարածաշրջանային խաղացողների ինքնուրույնությունը։ Գլոբալ զարգացումների դինամիկան, ըստ առաջատար վերլուծաբանների, այսուհետ ընթանալու է ԱՄՆ-Չինաստան կոշտ հավասարակշռության տիրույթում, որտեղ տարածաշրջանային հակամարտությունները ոչ թե լուծվում են, այլ «կառավարվում»՝ ելնելով գերտերությունների գլոբալ շահերից։ Ըստ գնահատականների, Իրանը պահպանեց իր սուվերենությունը, սակայն հայտնվեց Վաշինգտոնի պատժամիջոցների և Պեկինի քաղաքական հովանավորչության արանքում։
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Խայալ Մուազինն ասաց, որ չնայած դժվարություններին, Իրանը շարունակում է պահպանել իր դիրքերը գլոբալ քաղաքականության «թատերաբեմում», իսկ Հայաստանի համար, նրա համոզմամբ, Իրանի կողմից հարվածներին դիմակայելու և ուժերի հավասարակշռությունը պահպանելու փաստը սկզբունքային նշանակություն ունի։
Ըստ նրա, Թեհրանի կայունությունը թույլ տվեց կանխել տարածաշրջանային համակարգի ամբողջական փլուզումը, ինչն անմիջապես անդրադառնալու էր Հայաստանի իրավիճակի վրա։
Նրա գնահատմամբ, այն, որ Իրանը չպարտվեց, զսպող գործոն է շատ խաղացողների համար, որոնք կարող էին օգտվել Թեհրանի թուլացումից, սպասում էին հենց այդ հանգրվանին։
«Այս առումով, Իրանի ռազմավարական դիմակայությունը Հայաստանին տալիս է հնարավորություն սեփական դիրքերն ամրապնդել։ Սակայն քանի դեռ Իրանի շուրջ իրավիճակը մնում է կասեցված, բայց չլուծված, միջազգային խոշոր լոգիստիկ նախագծերն, ըստ իս, կգործեն սահմանափակ ռեժիմով, քանի որ սովորաբար լոգիստիկան լավ աշխատում է լավ հարաբերությունների պայմաններում։
Երևանը խորացնում է համագործակցությունն Արևմուտքի հետ, ինչը չեն ողջունում Ռուսաստանն ու Իրանը, բայց միևնույն ժամանակ՝ Երևանը, ինչպես նաև շատ այլ խաղացողներ, չեն կարող հաշվի չառնել ԱՄՆ-Չինաստան մեծ պայմանավորվածությունների կոնտուրները, որոնք անդրադառնում են թե տարածաշրջանների, թե գլոբալ տնտեսության ու կենսական այլ հարցերի վրա»,- ասաց Խայալ Մուազինը։



