
Առաջիկա օրերին ավելի վատ երևույթների առաջ կկանգնենք. Փաշինյանի չարագործությունը շարունակվում է. Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը տգեղ է համարում Նիկոլ Փաշինյանի և նրա կողակցի բառապաշարը՝ ընդդիմախոսների, հոգևորականների վերաբերյալ արտահայտվելիս:
«Փաշազադեի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն ուղղված քննադատություններից հետո Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ամենալկտի, գռեհիկ բառապաշարով սկսեցին հարձակվել թե՛ Վեհափառի, թե՛ զանազան եպիսկոպոսների վրա: Դրանից հետո Սամվել Կարապետյանը շատ անմեղ մի նախադասություն ասաց՝ ի պաշտպանություն Վեհափառի, ինչից հետո վարչապետն անմիջապես հրահանգեց ուժայիններին, որ երկու ամսով կալանավորեն: Թե ինչու է Փաշինյանն այս ամենն անում, հետևելով նրա գործունեությանը այս 7 տարի, հաճախ, երբ չի ուզում՝ ժողովուրդը կենտրոնանա կոնկրետ հարցերի վրա, գտնում է մի այլ հարց, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի իր չարագործություններից: Երկրորդ՝ հաջորդ տարվա հունիսին տեղի են ունենալու ԱԺ ընտրություններ, և նա փորձում է դրանից առաջ դաշտը մաքրել իր հակառակորդներից, բոլոր նրանցից, ովքեր համաձայն չեն իր հետ: Նա մեկ-մեկ չեզոքացնում է իր հակառակորդներին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ նրա՝ խոսքի ազատություն կլիներ, եթե Փաշինյանը նորմալ բառապաշարով իր կարծիքը հայտներ. «Բայց նա իր կարծիքը չի հայտնում, նա լկտի բառապաշարով հարձակումներ է գործում եկեղեցականների վրա: Վարչապետը նաև որևէ իրավասություն չունի ոստիկանությանը հրահանգելու, թե ում պետք է ձերբակալեն, դրանով դատական մարմինները պետք է զբաղվեն, բայց թե՛ Կարապետյանի պարագայում, թե՛ մյուսների, Փաշինյանն ուղղակի ինքն է միջամտում, ինչը ևս օրենքի խախտում է: Էս մարդը իբր ժողովրդավար է, բայց ժողովրդավարության ամենատարրական սկզբունքը՝ խոսքի ազատությունը, չի հանդուրժում, նա չի հանդուրժում որևէ կարծիք»:
Նա նշեց, որ երեկվա ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ ստանում ենք միակողմանի տեղեկություն՝ իշխանությունների կողմից.
«Մենք չենք լսել ո՛չ Բագրատ Սրբազանի բացատրությունները, ո՛չ մյուսների: Միակողմանի տեղեկատվություն են հրապարակում Փաշինյանն ու իր կողմնակիցները: Այդ հրապարակված փաստաթուղթը մի տարի առաջվա է, և երբ առաջին անգամ օգտագործեցին, թվականը փակել էին, որ մարդիկ չտեսնեն: Որպեսզի ժողովրդին վախեցնեն, քանի որ 2020-ից ի վեր մեր ժողովուրդը ահուսարսափի մեջ է, ցույց են տալիս զենքեր, փամփուշտներ, բայց եթե ուշադիր նայենք այդ նկարներին, այնտեղ կան մի քանի հետաքրքիր երևույթներ. Կան որսորդական հրացաններ, բայց որևէ մեկը հեղափոխություն չի անելու որսորդական հրացաններով, կան օգտագործած փամփուշտներ… Նաև քանի որ մենք Փաշինյանին ծանոթ ենք, նա ամեն հայտարարության մեջ ստում է, և դժվար է վստահել որևէ հայտարարության, որ նա կամ իշխանության այլ ներկայացուցիչներ անում են, պետք է սպասել, տեսնել՝ մեղադրող կողմը ինչ բացատրություն կտա, բոլոր փաստաթղթերը քննարկվեն, և եթե մոնտաժ են արվել այդ հեռախոսազրույցները, պետք է փաստվի:
Որպես քաղաքացի՝ մենք ուզում ենք, որ Փաշինյանը հեռանա խաղաղ ձևով, բոլորս էլ դեմ ենք բռնությանը, բայց մինչև հիմա բռնությունը գործադրվում է ոստիկանության կողմից ժողովրդի վրա»:
Հարութ Սասունյանի դիտարկմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու վերաբերյալ Փաշինյանի գրառումները շոու են՝ ժողովրդին խաբելու համար. «Նա շատ հեռու է հավատացյալ քրիստոնյա լինելուց: Նա դեռ խմբագիր եղած տարիներից հրատարակում էր այնպիսի բաներ, որոնք կապ չունեին ճշմարտության հետ, հետո նա մի գիրք հրատարակեց, որի մեկ էջը եթե որևէ մեկը կարդա, կտեսնի ամենազարհուրելի, գռեհիկ, տգեղ, սեքսուալ արտահայտություններ, և կեզրակացնի, որ այս գրքի հեղինակը ինչ-որ մտային խանգարում ունի»:
Նա շեշտեց՝ Փաշինյանը ո՛չ Հայաստանի տարածքն է պաշտպանում, ո՛չ հայ ժողովրդի շահերը. «Ի՞նչ իմաստ ունի նրա վարչապետ լինելը: Տպավորություն է, որ Ալիևն է ղեկավարում Հայաստանը: Նույնը, ինչ Փաշինյանն է անում, Ալիևը կարող էր անել: Փաշինյանը մտածում է, որ ինքն ինչ ուզի՝ կարող է անել, որ ինքը ոչ միայն վարչապետ է, այլև ԱԺ հրահանգողն է, նախագահի, դատարանների հրահանգողն է, ոչ ոք չի կարող հակառակվել իր ասածներին: Տեսնում ենք՝ այս օրերին ինչ է տեղի ունենում, բայց ես վախենում եմ, որ հաջորդ օրերին շատ ավելի վատ երևույթների առաջ կանգնենք, որովհետև ինքը շարունակում է իր չարագործությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում