
ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցմամբ պայմանավորված՝ մինչև տարեվերջ Երևանի և Մոսկվայի միջև ապրանքաշրջանառությունը կնվազի 6 մլրդ դոլարով. Օվերչուկ

Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ բացասաբար է անդրադառնում Մոսկվայի և Երևանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառության վրա։ Ըստ հաշվարկների՝ մինչև տարեվերջ երկրները կկորցնեն մոտ 6 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (SPIEF), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է, որ «Հայաստանում հեռանկար չունեն, քանի որ Եվրամիության հետ փոխգործակցության հեռանկարներ չկան»։
«Այս տարի միտումը շարունակվում է, և մենք ունենք 3 միլիարդ դոլարի անկում ստեղծված իրավիճակում, ակնհայտ է, որ մինչև տարեվերջ կկորցնենք մոտ 6 միլիարդ դոլար», – «Ռուսաստան-Հայաստան» նիստի ժամանակ ասել է Օվերչուկը։