Իրան-Իսրայել պատերազմի ֆոնին Ադրբեջանը միջա՞նցք է պահանջում

Աշխարհը և, մասնավորապես, Հարավային Կովկասը, շարունակում է հետևել Իսրայել-Իրան աննախադեպ հակամարտությանը, որը սկսվեց նախօրեի գիշերը Իսրայելի բավականին համարձակ ու ծավալուն օպերացիայով, որի թիրախում հայտնվեցին Իրանի բարձրաստիճան զինվորականներն ու գիտնականները, ավիաբազաները, հրթիռային ու միջուկային օբյեկտները։

Իրան-Իսրայել պատերազմական ծանր զարգացումները մտահոգում են ռեգիոնալ երկրներին, հատկապես՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Հայաստանում գլխավոր մտահոգությունն Իրանում անվերահսկելի իրավիճակն է, ինչպես նաև՝ ադրբեջանա-թուրքական հնարավոր սադրանքը կամ ուժային սցենարը Սյունիքի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» «բացելու» ուղղությամբ։ Թեև ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններում խոր անհանգստություն չեն արտահայտում, ՀՀ-ում Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվում, իսկ իշխանության ներկայացուցիչներն աշխարհաքաղաքական համաժողովների են մասնակցում։

Այս ամենի հետ մեկտեղ՝ հարկ է նշել, որ ՀՀ ԱԳ նախարարությունը նախօրեին իր X-ի էջում մտահոգություն հայտնեց իրավիճակի կապակցությամբ՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները, իսկ այսօր Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։

Այս ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում խոսել է Բաքվի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի մասին։

Կարդացեք նաև

Պատասխանելով Երևանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» մասին հարցին, նա ասել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների քննարկումներին, բայց դարձյալ շեշտել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։ Հաջիևը Երևանի կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկն» ուշացած է համարել։

«Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք… Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարածաշրջանում, բայց միևնույն ժամանակ՝ մենք ևս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Ինչո՞ւ ասացի, որ մի փոքր ուշացած է։ 30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել, մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված են եղել այդ հնարավորությունից: Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար ևս։ Բայց մենք ևս կուզենք տեսնել Հայաստանին՝ որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան: Նրա որակմամբ, ներկայումս հակամարտությունը լուծված է: «Հաղորդակցության մեկ այլ բաղադրիչ է Արևելք-Արևմուտք միջին միջանցքը, այստեղ անհրաժեշտ է անվտանգություն և կայունություն միջանցքի ամբողջական և արդյունավետ գործարկման համար»,- նշել է Ալիևի խորհրդականը:

Հայաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակների համոզմամբ, պատերազմական գործողություններում Իրանի ներգրավումը, որն իրեն դիրքավորել է՝ որպես ՀՀ անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխավոր, որը դեմ է միջանցքի գաղափարին, չափազանց բացասական զարգացում է, քանի որ կարող է ՀՀ հակառակորդներին մղել Սյունիքի ուղղությամբ արկածախնդրության և ուժային գործողությունների՝ հաշվի առնելով Իրանի «զբաղվածությունը» պատերազմով։

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում մտահոգիչ գնահատեց իրավիճակը պատերազմի դաշտում։

Ըստ նրա, նախօրեից մեկնարկած պատերազմը մինչ այս պահն ընդլայնման միտում ունի, ինչը չի կարող չմտահոգել՝ հաշվի առնելով թե՛ այս երկրների իրավիճակը, թե՛ դաշնակիցների հնարավոր ներքաշումը, ինչպես նաև պատերազմի ընդլայնումն այլ երկրներ ու ռեգիոններ։

«Ուշադրություն դարձնենք, որ Իսրայելը մեծացրել է հարվածների աշխարհագրությունը, իսկ Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, որ Իսրայելին աջակցության դեպքում թիրախավորելու է Մերձավոր Արևելքում այդ երկրների ռազմական օբյեկտները, Իրանը սպառնում է նաև միջուկային փորձարկում իրականացնել, Հորմուզի նեղուցը գուցե փակվի, այդ մասին ևս խոսվում է, սա լայնամասշտաբ ու բավականին ծանր բախում է, որը դեռ կշարունակի լուրջ հետևանքներ ունենալ»,- ասաց վերլուծաբանը։

Անդրադառնալով Հարավային Կովկասին, ապա Խրամչիխինը գտնում է, որ սա նոր, բավականին բարդ իրավիճակ է Երևանի ու Բաքվի համար։ Նրա որակմամբ, բացի այն, որ կա չկարգավորված հակամարտություն, չլուծված հարցեր ու Խաղաղության համաձայնագիր, որը ստորագրված չէ, այլ կան Երևանի ու Բաքվի հարաբերությունները հակամարտող Իրանի ու Իսրայելի հետ։

«Երբ պատերազմը հարևանությամբ է, դա չի կարող չմտահոգել, պահանջվում է հավելյալ զգոնություն նման բարդ իրավիճակում ճիշտ դիրքավորվելու համար և մարտահրավերներին դիմակայելու համար։ Գուցե զարմանալի թվա, սակայն քիչ չեն մարտահրավերներն Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանն ունի սերտ դաշնակցային հարաբերություններ Իսրայելի հետ, բավականին ամուր համագործակցություն հենց ռազմական ոլորտում իր բոլոր բաղադրիչներով։ Եվ նախօրեից նկատում ենք, որ Ադրբեջանը փորձում է մեկնաբանել բոլոր տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանն աջակցել է ինչ-որ հարցերում Իսրայելին, դրանք Ադրբեջանից որակում են ապատեղեկատվություն:

Այսինքն՝ Ադրբեջանը տեղեկատվական դաշտում աշխատանք է տանում, որպեսզի չներքաշվի ընդդեմ Իրանի իրավիճակի մեջ, սա կարծես Ադրբեջանի համար գլխավոր մարտահրավերն է ներկայումս»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ըստ Խրամչիխինի, դա չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվում է իր ավանդական հռետորաբանությունից, պահանջներից։

«Կարծում եմ՝ դրանք կշարունակվեն։ Ադրբեջանը չի հրաժարվել իր ճնշման քաղաքականությունից։ Ես մշտապես ասում եմ, որ Ադրբեջանը հաջողության է հասել ուժային բաղադրիչով, ուստի ճնշումների մեխանիզմը միշտ գայթակղիչ է թվում՝ սեփական նպատակներին հասնելու տեսանկյունից։ Սակայն ռեգիոնում շատ բան է կախված նրանից, թե զարգացումներն ինչ հունով կընթանան, եթե պատերազմը երկարաձգվի, հետևանքներ են լինելու շատ երկրների համար։ Ուստի պետք է հուսալ, որ կհաջողվի զսպել Իսրայելին, ինչը մեծ Մերձավոր Արևելքում բազմաթիվ հարցեր կլուծի»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս